Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՄ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ԷԼ ԻՐԵՆ
ՉՀԱՍԿԱՑՈՂԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»

Հոկտեմբեր 23,2004 00:00

Տիգրան
Թորոսյանի մասին այս կարծիքին է Ալեքսանդր Արզումանյանը ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի բանաձեւերում բազմիցս նշվում է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ
Ադրբեջանի միջեւ է, եւ այդ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն
է ստեղծվել: Առաջին անգամ 1993թ. ապրիլի 30-ի բանաձեւում նշվում է. «Անվտանգության
խորհուրդը մտահոգությամբ նշում է ռազմական գործողությունների ծավալումը, մասնավորապես՝
տեղական հայկական ուժերի վերջին ներխուժումը Ադրբեջանի Քելբաջարի շրջան, պահանջում
է բոլոր ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի անհապաղ դադարեցում՝ կայուն
խաղաղություն հաստատելու նպատակով, ինչպես նաեւ շրջանը գրաված ուժերի դուրսբերումը
Ադրբեջանի Քելբաջարի շրջանից»: Այսօր միջազգային փաստաթղթերում գործածվող
«գրավյալ տարածքներ» բառակապակցությունը շահարկվում է Հայաստանի քաղաքական հակադիր
ճամբարների կողմից: Իշխանություն ներկայացնող ուժերը անմիջապես վկայակոչում են 93-94թթ.
միջազգային փաստաթղթերը եւ արդարանում, թե այդ արտահայտությունը հրապարակ է նետված
վաղուց, եւ այսօրվա արտաքին քաղաքականությունն այդ մասով մեղք չունի: Մինչդեռ նախկին
իշխանավորներն էլ իրենց տրամաբանական մեկնաբանությունն ունեն: Մասնավորապես, նախկին
ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս է հայտարարել, որ ԱԺ փոխխոսնակ Տիգրան
Թորոսյանի հայտարարություններն առ այն, որ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը
կար դեռեւս 1993-ից, խեղաթյուրում են միջազգային փաստաթղթերով վավերացված իրողությունները:
Երեկ մեզ հետ զրույցում պարոն Արզումանյանը ասաց, որ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի բանաձեւերը շահարկվում են քաղաքական ինչ-ինչ նպատակներով. «Դա ստիպեց ինձ
հանդես գալ ծավալուն տեքստաբանական վերլուծությամբ, որպեսզի բացատրեմ եւ պարզ լինի,
թե ինչի մասին է խոսվում այդ փաստաթղթերում: Ցավոք` չհասկացան: Երկու բացատրություն
կա. կամ պարզապես չեն հասկանում, որն ինքնին վատ է, եթե քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաները
չեն հասկանում ինչի մասին է խոսքը: Կամ՝ միտումնավոր չհասկացող են ձեւանում՝ իրենց
քաղաքական տկարությունը թաքցնելու համար: Երկու դեպքում էլ վտանգավոր է: Այսօր խոսք
է գնում այն մասին, որ խեղվել է ամբողջ բանակցային գործընթացը, եւ Հայաստանի Հանրապետությունը
որակվում է որպես ագրեսոր պետություն: Չկարողանալով բանակցային գործընթացում ապացուցել
հայկական տեսակետները, վերադառնալ նախկին բանակցային ֆորմատներին՝ մարդիկ ինչ-ինչ
բաներ են փորձում «գտնել» բանաձեւերում, որոնք չէր խանգարի, որ նորից, ավելի ուշադիր
կարդային. դրանք վեց լեզուներով տեղադրված են ՄԱԿ-ի ինտերնետային կայքում: Եվ պետք
է փորձեն այդ բանաձեւերը օգտագործել ի շահ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման
եւ ոչ թե ներքաղաքական խաղերի համար: Ի վերջո, բոլոր դրանք եկող-գնացողներ են, ոչ
մի իշխանություն հավերժ չէ: Մենք խոսում ենք երեք հազար տարի այդ տարածաշրջանում
ապրած հայերի ճակատագրի մասին եւ այն մասին, որ այս սերնդին բախտ է վիճակվել պաշտպան
լինել, սատարել ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Ուրեմն պետք է մտածենք,
որ վաղը մենք չենք լինի քաղաքական գործիչներ, ուրիշներն են գալու մեզ փոխարինելու,
բայց մենք պետք է նրանց ժառանգություն թողնենք այն ձեւակերպումները, որոնք բարենպաստ
կլինեն հայկական կողմերի համար»: Ալեքսանդր Արզումանյանը մեջբերելով ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձեւերը՝ ասաց, որ դրանցում խոսվում է այն մասին,
որ ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ կա. «Այդ տեսանկյունից ես էլ եմ համարում օկուպացված,
որովհետեւ, եթե օկուպացրել է Ղարաբաղը, պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, հետո
ասել՝ դու ագրեսոր պետություն ես, սանկցիաներ կիրառել: Ես դրան կողմնակից եմ: Ճանաչեք
անկախությունը, հետո մենք էլ սանկցիա կկիրառենք: Տարբերությունը դրանում է, բայց
Տիգրան Թորոսյանը սա չի հասկանում: Ու այսօր ինքը դա շահարկում է: Հստակ բացատրվել
է իրեն: Անցել են ամիսներ, Թերի Դեւիսի զեկույցի հետ կապված ինքը խնդիրներ ունի,
չի կարողացել հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ապահովել, հիմա իրեն արդարացնելու
համար նորից անդրադառնում է ՄԱԿ-ի բանաձեւերին»: ԱԳ նախկին նախարարն այն կարծիքին
է, որ Ղարաբաղի հարցն այսօր բարձիթողի վիճակում է եւ այդ պատճառով է նաեւ, որ իշխանության
ներկայացուցիչները ինչ-ինչ բացատրություններ են փորձում գտնել՝ իրենց տկարությունը
կամ անգործությունն արդարացնելու համար: Ալեքսանդր Արզումանյանի փոխանցմամբ՝
եթե Ղարաբաղի Հանրապետությանն այսօր չի բավարարում առաջարկների այն փաթեթը, որ տրվում
է տարածքների դիմաց, ապա ակնհայտորեն Ղարաբաղը պետք է դեմ լինի եւ ավելին պահանջի.
«Ու եթե հակասություն կա Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, ուրեմն դրանում է կայանում:
Այսօր ՀՀ-ն ուրեմն ընդունում է ինչ-որ պայմաններ, որոնք անընդունելի են Ղարաբաղի
ղեկավարության կողմից: Մեր մոտեցումը միշտ էլ եղել է այն, որ որեւէ պայմանագիր հնարավոր
է ստորագրել միայն եւ միայն այն դեպքում, երբ դա կստորագրվի Ղարաբաղի կողմից: Այսօր,
սակայն, Ղարաբաղը դուրս է մնացել գործընթացից, եւ դա է ստիպում Ղարաբաղին կասկածամտությամբ
վերաբերվել բոլոր խոսակցություններին: Ղարաբաղցիները չգիտեն, թե ինչի մասին են քննարկումները,
կցկտուր տեղեկություններ են լսում, եւ ես դրանով կբացատրեի Ղարաբաղից հնչող որոշ
հայտարարություններ: Մեր ժամանակ Ղարաբաղը կոնֆլիկտի լիակատար մաս էր եւ տեղյակ էր
բոլոր հանգամանքներին: Հիմա դուրս է մնացել, ֆորմատը ձեւափոխվել է, Քոչարյանը հանդիպել
է Ալիեւ-հոր հետ 20-30 անգամ. ինչ էին քննարկում՝ միայն իրենք գիտեն, իսկ ինչ էր
հետո ասվում Ղարաբաղին՝ դա էլ միայն իրենք գիտեն: Այդ գործընթացն այսօր էլ է շարունակվում»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել