Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ

Հոկտեմբեր 23,2004 00:00

«Իսկ
եթե Թուրքիայինն էլ աշխատեր, հրաշալի կլիներ»,- Թբիլիսիում ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը «2000 տարի է՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան տարածքային վիճելի
հարցեր»,- հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Հայաստանի նախագահ
Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Մինչ այդ երկու նախագահների միջեւ տեղի
էր ունեցել առանձնազրույց, որից հետո՝ հայ-վրացական բանակցություններ ընդլայնված
կազմով: Սահակաշվիլու նախագահության օրոք սա նախագահ Քոչարյանի առաջին պաշտոնական
այցն է Վրաստան: Ռ. Քոչարյանին երկու պետությունների սահմանին դիմավորելիս Մ. Սահակաշվիլին,
իր խոստովանությամբ, եւս մեկ անգամ պարզել է, թե ինչքան է Հայաստանը մոտ Վրաստանին:
ՀՀ նախագահը, փաստորեն, անցավ այն ճանապարհը, որն, ըստ Սահակաշվիլու, օրական «տասնյակ
հազարավոր հայեր եւ վրացիներ են անցնում»: Ճանապարհի Սադախլո-Մառնեուլի հատվածը տասնամյակներ
քանդված լինելուց հետո կառուցվել եւ շահագործման է հանձնվել այս տարվա սեպտեմբերին:
Այդ հատվածը ՀՀ նախագահը չանցավ, քանի որ նրա կոլեգան իր հյուրին մայրաքաղաք Թբիլիսի
էր հասցրել ուղղաթիռով: Իբրեւ երկու երկրների՝ իրար մշտապես օգնելու օրինակ՝
Սահակաշվիլին նշեց մի քանի օր առաջ դիվերսիայի հետեւանքով Վրաստանի էներգամատակարարման
հիմնական գծերի խափանմանը հետեւած արձագանքը. «Հայաստանն անմիջապես արձագանքեց Վրաստանի
խնդրանքին եւ էլեկտրաէներգիա մատակարարեց»: Վրաստանի նախագահը հայտնեց, որ ցանկություն
կա պարզեցնելու երկու երկրների միջեւ մաքսային եւ սահմանային պրոցեդուրաները: «Հանդիպումների
արդյունքում կամ կտրվեն հարցերի պատասխանները, կամ պարզ կդառնա, թե որոնք կլինեն
մեր հետագա քայլերը»,- ասաց Ռ. Քոչարյանը եւ ավելացրեց. «Վրաստանի ճանապարհներին
կարգուկանոնն ավելացել է: Մեր մաքսայինների գլուխն ավելի քիչ է ցավում մաքսանենգ
հոսքի պատճառով: Մենք զգում ենք, որ Վրաստանի գործադիր իշխանությունը հստակ վերահսկում
է իրավիճակը: Եվ դա մեզ ձեռնտու է»: Պատասխանելով Ղարս-Գյումրի երկաթգծի մասին
հարցին՝ Սահակաշվիլին ասաց. «Մենք կողմ ենք հնարավորինս շատ ճանապարհների, մաքսային
կետերի բացմանը: Մենք չենք ողջունում ոչ մի սահմանափակում: Իհարկե, կան տարածաշրջանային
բարդ պրոբլեմներ, բայց վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը շատ կոնստրուկտիվ
է տրամադրված, ինչը ես եզրակացրել եմ Էրդողանի հետ յուրաքանչյուր հանդիպումից: Կոնկրետ
հարեւանների հասցեին ագրեսիվ արտահայտություններ ես չեմ լսել: Կարծում եմ՝ տարածաշրջանային
ինտեգրացիայի պրոցեսն անխուսափելի է: Վրաստանը պատրաստ է իր դրական դերակատարումն
ունենալ այդ հարցում»: Հարավային Կովկասում երկաթգծի շահագործման հարցը քննարկվել
է, սակայն նախագահ Քոչարյանի բնորոշմամբ՝ ծրագիրը դեռ հում է: Քոչարյանը Վերին Լարսի
սահմանակետի բացումը հաճելի զուգադիպություն համարեց: Իսկ փակումը, ըստ Սահակաշվիլու՝
«պայմանավորված է Հյուսիսային Օսիայում առկա լարվածությամբ»: Այս մասին խոսելիս Վրաստանի
նախագահը հանկարծ անցավ վրացերենի եւ երկար խոսեց իր հյուրերին անհասկանալի եւ ոչ
արարողակարգային լեզվով: Նրա օգնականը արագ կողմնորոշվեց եւ թարգմանեց ՀՀ նախագահի
համար: ՀՀ նախագահը հարկ համարեց ավելացնել. «Ճանապարհը երկու ուղղությամբ
է գործում. այն փակելիս տուժում են երկու կողմերն էլ: Վրաստան-Ռուսաստան, Վրաստան-Հայաստան
ապրանքաշրջանառությունը պակասել է: Տուժում են բոլորը: Բայց ես հակված չեմ իրավիճակը
դրամատիկացնել»: Մ. Սահակաշվիլին խոստովանեց, որ պարտք ունի Ջավախքի հայերի առաջ,
որոնք իրեն, իր իսկ խոստովանությամբ, շատ են աջակցել: Վրաստանի առաջին տիկինը 7-8
անգամ եղել է Ջավախքում, բայց ինքը՝ ոչ, քանի որ «չի սիրում դատարկ ձեռքերով գնալ»:
«Լիքը ձեռքը» ենթադրում է Ախալքալաքի ճանապարհի կառուցում, որի մի կեսի համար ՀԲ-ից
բավարար քանակով գումար է ստացվել, եւ եկող տարի շինարարությունը կսկսվի: Մյուս կեսի
համար էլ կոնկրետ խոստումներ ունեն: «Առաջիկա 2 տարում ճանապարհը պետք է կառուցված
լինի, որ բնակչությունը բոլոր շուկաներ ելք ունենա, ինտեգրվի երկրի էկոնոմիկա: Ճանապարհը
բանալի է եւ իմ նախագահության գերակայությունը»,- ասաց Վրաստանի նախագահը եւ գովեց
ջավախահայերի հնարամտությունն եւ աշխատասիրությունը: Երեկոյան ՀՀ նախագահը
հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս, Պատրիարք Իլիա Բ-ի հետ: Նախատեսվում էր այցելություն
Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթա: Իսկ ուշ երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու անունից նախատեսված է պաշտոնական ճաշկերույթ:
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել