Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ

Հոկտեմբեր 22,2004 00:00

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԾԻԳ, ԱՊՕՐԻՆԻ ՎՃԻՌՆԵՐ Երեկ հանրապետության գլխավոր դատախազությունը, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր դատարանների կողմից ապօրինի շինությունների եւ պետական հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին անօրինական վճիռների հարցը: ՀՀ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների կողմից այս տարի բերվել է 56 վճռաբեկ բողոք՝ կապված ապօրինի շինությունների եւ պետական հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հետ: Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքով, անօրինական վճիռների գերակշիռ մասը կայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի կողմից, մասնավորապես դատարանի դատավորներ Ժ. Վարդանյանի կողմից՝ 21, Է. Ավետիսյանի կողմից՝ 9, Պ. Օհանյանի՝ 4 վճիռ: Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի իրացման գոտու վճիռներին՝ տեղեկացանք, որ դատախազության կողմից բերված 13 բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանի որոշումներով բեկանվել են 907.48 քմ ինքնակամ շինության եւ 2195.66 քմ պետական հողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վճիռները: Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը ասաց, որ կոռուպցիայի դրսեւորումներ են նկատվել Հյուսիսային պողոտայի բնակիչներից մեկի գործում եւ քրեական գործ կա այս առումով: «Առավոտի» այն հարցին, թե կոռուպցիոն դրսեւորումներ ասելով գլխավոր դատախազը նկատի ուներ «Հյուսիսային պողոտայի եւ Կասկադ» ԾԻԳ-ի գործունեությո՞ւնը, նա չմանրամասնեց, սակայն ուսումնասիրության արդյունքներից տեղեկացանք, որ ԾԻԳ պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչը հաճախ մասնակցելով դատաքննությունների՝ «դատարանին անհրաժեշտ տեղեկություններ չի հայտնել»: (Բազմաթիվ օրինակներից մեկը կբերենք հաջորդ համարում): Երեկ անդրադարձ եղավ նաեւ ԾԻԳ-ի մեկ այլ գործունեության՝ կապված քաղաքացիներին ապօրինի տրված փոխհատուցումները ետ պահանջելու հարցին: Որոշ գործերում ԾԻԳ-ը պարտավոր էր ինքնուրույն հայց հարուցել գումարը ետ պահանջելու համար, «սակայն անհասկանալի պատճառով այդ չի արել»: Արձանագրվեց, որ ԾԻԳ-ը եզակի դեպքերում է ցուցաբերել հետեւողականություն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել