ՔՈՉԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԱՆՑԱՎ Նկարիչների միության համար այն բավականաչափ հեղինակավոր չէ Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ դիզայներ, քանդակագործ Մարտին Կակոսյանը, որը 12 տարեկանից աշակերտել է Երվանդ Քոչարին: Նրա մոնումենտալ գործերը սփռված են աշխարհով մեկ: Օրինակ, Վաշինգթոնի Կրիպտոլոգիայի թանգարանում քանդակագործի՝ Սառը պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն է, Տեխասում՝ Ռազմաօդային ակադեմիայի հարեւանությամբ՝ Սպիտակագլուխ արծիվը, Օհայոյում՝ կրկին արծիվ՝ խաչքարով, Հռոմում՝ Աբամելիք Լազարեւի քանդակը եւ այլն: Հռոմի ռուսական դեսպանատան առաջ տեղադրված Լազարեւի մոտ 3 մետրանոց արձանի հանդիսավոր բացումը դեռ չի եղել, սակայն, հեղինակի հավաստմամբ, Հռոմ այցելած Վլադիմիր Պուտինը այն տեսել ու շատ է հավանել: Մ. Կակոսյանը տեղեկացրեց, որ վերջերս մերժվել է իր՝ Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալու ցանկությունը՝ զավեշտալի պատճառաբանությամբ: «Այս տարիքում որոշեցի դառնալ ՀՆՄ անդամ: Պահանջեցին ներկայացնել հայտնի որեւէ արվեստագետի երաշխավորագիր: Ես էլ տարա Երվանդ Քոչարի նամակը, որտեղ դեռ 71-ին Վարպետը գրել էր, որ իր աշակերտն եմ, օգնականը: Ու լավ կլինի դառնամ Նկարիչների միության անդամ: Միությունում, սակայն, ասացին, թե Քոչարի կարծիքը չի անցնում, քանի որ նա Նկարիչների միության անդամ չէ»,- պատմեց պրն Կակոսյանը: Ներկայումս Մ. Կակոսյանը աշխատում է մի ինքնատիպ աշխատանքի վրա, որը կտեղադրվի Տեխասում: Այն նվիրված է Առաջին աշխարհամարտից մինչեւ մեր օրերը տարբեր պատերազմներում մասնակցություն ցուցաբերած ամերիկացի զինվորներին: Ծնունդով գյումրեցի Կակոսյանը ԱՄՆ է տեղափոխվել երկրաշարժից հետո: «Ընտանիքս ծանր վիճակում էր, մասնակցեցի Մադամ Տյուսոյի թանգարանի կազմակերպած մրցույթին ու քչերի թվում ես էլ հաղթեցի: Բայց անգլերենի ոչ բավարար իմացության պատճառով նախօրոք կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարվեց»,- հիշեց քանդակագործը: Սակայն հետագա տարիներին բախտը սկսել է նրան ժպտալ: Այժմ նա բազմաթիվ պատվերներ ունի Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից: Մասնավորապես ճանաչված է ԱՄՆ-ում, որտեղ, նրա հավաստմամբ, քանդակների բացմանը հաճախ ներկա է լինում Ջորջ Բուշը: Մ. Կակոսյանը պատրաստվում է կերտել նաեւ Գյումրիի հայտնի պերսոնաժներին, իր խոսքով՝ հայկական Դոն Քիշոտին ու Սանչո Պանսային: «Դրանք մեր Պոլոզ Մուկուչն ու Ցիտրո Ալեքն են, որոնք յուրօրինակ դուետ են եղել: Ժամանակն է Գյումրիում ուրախություն մտցնել, չէ՞ որ այն հումորի քաղաք է: Պիտի վերջ տալ մռայլ, լաց ու կոծ խորհրդանշող արձաններին»,- կարծում է քանդակագործը: Նրա տեղեկություններով, գյումրեցիներն արդեն սկսել են գումարներ հանգանակել այդ նպատակով, քանի որ վաղուց են սպասում հոգեհարազատ պերսոնաժներին: Մ. Կակոսյանը ավարտել է նաեւ Երեւանի Մամոգրաֆիկ կենտրոնին նվիրելիք բարձրաքանդակը, որտեղ մայրն է՝ հայ կնոջ պատկերով՝ գանգրահեր փոքրիկի հետ: Նրանք Մասիսների ֆոնի վրա են: Իսկ կոմպոզիցիայի աջ կողմում Խոր Վիրապն է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ պրն Կակոսյանը տեղեկացրեց, որ ամերիկյան կառավարությունը որոշել է $70000 տրամադրել Երեւան-Գյումրի մայրուղու, ինչպես նաեւ Թալինից Ներքին Սասնաշեն տանող ճանապարհի վերանորոգման համար: Ներքին Սասնաշենում տեղադրված հուշարձանը, որ նվիրված է 1958թ. սեպտեմբերի 2-ին զոհված ամերիկյան 17 օդաչուների հիշատակին, եւս քանդակագործի աշխատանքն է: