Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հոկտեմբեր 22,2004 00:00

«ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ» Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը հույս է հայտնում, որ Ռ. Քոչարյանի այցի ժամանակ տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրավերով այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական եռօրյա այցով կժամանի Թբիլիսի: Վերջինիս դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բագրատաշենի մաքսակետում: Հայաստանի եւ Վրաստանի նախագահների՝ դեմառդեմ հանդիպումը տեղի կունենա ավելի ուշ: Այցի շրջանակներում Ռ. Քոչարյանը կհանդիպի նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, նաեւ համայն վրաց կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Անշուշտ, հանդիպում տեղի կունենա նաեւ ՀՀ նախագահի եւ Վրաստանի հայ համայնքի ղեկավարների միջեւ: Այս այցի շրջանակներում Վրաստան կմեկնեն նաեւ 30 հայ գործարարներ, ովքեր կմասնակցեն հայ-վրացական գործարար ֆորումի եւ ցուցահանդեսի: Ի՞նչ ակնկալիքներ ունի Վրաստանի հայ համայնքը ՀՀ նախագահի այս այցից: Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդյանն, օրինակ, ակնկալում է, որ դեռեւս նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության օրոք երկու երկրների միջեւ ստորագրված գրեթե 90 պայմանագրեր, հատկապես՝ տնտեսական ոլորտին առնչվողները, ի վերջո, կսկսեն կյանքի կոչվել: Իսկ այդ, Վ. Բայբուրդյանի բնորոշմամբ, չգործող պայմանագրերից հատկապես կարեւոր են մաքսային, հարկային ոլորտներին առնչվող պայմանագրերը, որոնց կենսագործման համար երկու երկրների խորհրդարանները պետք է համապատասխան իրավական դաշտ ձեւավորեն: «Այն ժամանակ, ցավոք, վրաց իշխանությունները դա չարեցին, իսկ հիմա կարծում եմ, որ այդպիսի համագործակցության համար նոր դաշտ է բացվում: Նախագահ Սահակաշվիլին մի քանի անգամ հայտարարել է, որ մենք առաջին հերթին հոյակապ տնտեսական հարաբերություններ պետք է ունենանք հարեւան երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանը Վրաստանի համար եւ Վրաստանը Հայաստանի համար բաց տնտեսական դաշտեր են: Հույս ունեմ, որ նորաստեղծ հայ-վրացական գործարար կապերի ասոցիացիան, որտեղ միավորվել են շատ ազդեցիկ գործարարներ, կկարողանան մեռյալ կետից շարժել հայ-վրացական տնտեսական համագործակցությունը»,- կարծիք հայտնեց պարոն Բայբուրդյանը: Առայժմ հայ-վրացական տնտեսական համագործակցությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, թեեւ երկու կողմերից նման ցանկություն բազմիցս է արտահայտվել: Ակնկալվում է, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում քննարկվելու է նաեւ հաղորդակցական ուղիների հարցը՝ Վերին Լարս, Աբխազիայով երկաթգծի հնարավոր գործարկում, բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիներ: «Կարող եմ համարձակորեն ասել, որ Վերին Լարսի անցակետի փակ լինելը կախված չէ վրաց իշխանություններից: Վրաստանի տարածքով՝ Սադախլոյով, հայկական ավտոմեքենաները, բեռնատարները, ուղեւորները հանգիստ եւ անարգել կարող են հասնել մինչեւ Փոթի եւ Բաթում: Վերին Լարսի հիմնախնդիրը միմիայն ռուսական կողմի արգելքի արդյունքն է»,- մանրամասնեց Վ. Բայբուրդյանը: Ինչ վերաբերում է Աբխազիայի երկաթգծի բացման հնարավորությանը, ապա Վ. Բայբուրդյանի ասելով՝ «նման ցանկություն Վրաստանում կա, բայց այդ երկաթգիծը կբացվի այն ժամանակ, երբ Վրաստանն ու Աբխազիան, նաեւ՝ Ռուսաստանը, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք կբերեն դրա շուրջ: Ես հասկանում եմ, որ սա նույնքան ցավալի հարց է Հայաստանի, որքան եւ Վրաստանի համար: Բայց այստեղ նաեւ քաղաքական հարցեր կան, ու չեմ կարծում, թե Հայաստանը եւս նման դեպքերում բացեր այդ ճանապարհը»: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, անշուշտ, Վրաստանի հայ համայնքի, այդ թվում՝ Ջավախքի, ներկայացուցիչներն էլ որոշակի հարցադրումներ կանեն: Ըստ Վ. Բայբուրդյանի, Վրաստանի հայ համայնքը, նաեւ՝ Ջավախքում, որպես այդպիսին, լուրջ խնդիրներ չունի. «Մենք միայն շնորհակալություն կհայտնենք այն լուրջ աջակցության համար, որ ՀՀ իշխանությունները ցուցաբերում են հայկական կրթօջախներին, հայկական թատրոնին: Ջավախքում կան լուրջ սոցիալական խնդիրներ, սակայն դրանք ՀՀ-ն չի կարող իր ուսերին վերցնել: Բացի այդ, նմանատիպ խնդիրներ կան ոչ միայն Ջավախքում, այլեւ Վրաստանի մայրաքաղաքին ավելի մոտ շրջաններում, ասենք՝ Ցխեթայում: Դրանք ընդհանուր են Վրաստանի համար, թեեւ համոզված եմ, որ դրանք եւս երկու նախագահների քննարկման առարկա կդառնան: Վրաստանի բյուջեն առաջին անգամ պրոֆիցիտով ընդունվեց, եւ նախատեսված է խոշոր ներդրումներ ուղղել Ջավախքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման, առաջին հերթին՝ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել