Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ

Հոկտեմբեր 22,2004 00:00

«ՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԽՂՃԻ ՉԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է» Հայաստանը դուրս եկավ այն երկրների շարքից, որտեղ եհովականները դեռ գրանցված չեն՝ Իրան, Իրաք, Թուրքմենստան եւ այլն: Գրանցմանը հետեւած բողոքի ալիքին է անդրադառնում «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը: – Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունը կատարելուց՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը գրանցելուց հետո մեկնաբանություններ եղան, թե այդ քայլին դիմեցին միայն այն պատճառով, որ կարողանան վերահսկել ու արգելել նրանց: Արդարացվա՞ծ քայլ է: – Եհովականներին գրանցեցին ոչ իրենց կամքով ու ծրագրով, որ նրանց բերեն օրենքի դաշտ ու հետո արգելեն, այլ միայն այն պատճառով, որ ուղղակի չէին կարողացել դիմադրել եվրոպական կառույցների ճնշումներին: «Եհովայի վկաների» գրանցման պահանջներին ինքս բազմիցս եմ առնչվել, երբ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ էի: Միշտ կարծիք եմ հայտնել, թե պետք է գրանցվի ե՛ւ այդ, ե՛ւ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը չի անում բռնության կոչեր եւ ենթարկվում է Հայաստանում գործող օրենքներին: – Սակայն եհովականներին ընդունված է անվանել «տոտալիտար աղանդ»: – Այդպես կարելի է անվանել կրոնական ցանկացա՛ծ համայնք: «Եհովայի վկաները» կրոնական ճիշտ նույնպիսի կազմակերպություն է, ինչ մյուսները, ուղղակի նրանք ճշմարտության եւ Աստծո մասին ունեն իրենց յուրահատուկ պատկերացումները: Բայց եթե նրանք պարտավորություն են ստանձնել գործել Հայաստանի օրենսդրության շրջանակներում՝ պետք է գրանցվեին: – Նրանք արդեն իսկ խախտում էին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով արգելված է հոգեորսությունը, իսկ քարոզչության մենաշնորհը տրված է Առաքելական եկեղեցուն: Մինչդեռ հատկապես եհովականները տանում են բավական ագրեսիվ քարոզչություն: – Որեւէ եհովական կամ ՀՀ այլ քաղաքացի չի դատապարտվել հոգեորսության համար: Ես ընդհանրապես չունեմ սահմանումը, թե ինչ է հոգեորսությունը՝ գուցե Էջմիածնո՞ւմ կարողանան բացատրել: Եհովականներն իրոք ունեն դռնեդուռ քարոզչության սկզբունք: Եվ դրանով նրանք, իհարկե, խախտում են մարդկանց իրավունքները: Բայց թող դիմեն դատարան՝ իրենց հանգիստը խանգարելու համար եւ պահանջեն պատժել զանազան քարոզիչներին: Խնդիրն այլ է՝ Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր, գրանցել է իր տարածքում գործող կրոնական բազմաթիվ կազմակերպություններից եւս մեկին: Հարկ է նկատել, որ մեր երկրում բոլոր աղանդների թվաքանակը հազիվ լինի 100-150 հազար: Սա բավական փոքր թիվ է, քանի որ հայերի գերակշիռ մեծամասնությունը բնույթով հավատարիմ է մնում Առաքելական եկեղեցուն՝ անգամ չհաճախելով եկեղեցի: Շարունակում են իրենց մատաղացու գառները մորթել եկեղեցու բակերում, որտեղ ընդհանրապես արգելված է արյուն հեղելը: Այսինքն՝ մեր մտածողության համար այդ աղանդներն, իմ կարծիքով, այդքան էլ մեծ վտանգ չեն ներկայացնում: Բայց խորապես համոզված եմ, որ «Եհովայի վկաների» գրանցման առնչությամբ բարձրացված այս աղմուկ-աղաղակն ավելի մեծ ծառայություն կարող է մատուցել աղանդավորությանը, քան եթե այս գործընթացն անցներ լուռ ու խաղաղ, ինչպես եղել էր կրոնական այլ կազմակերպությունների գրանցման պարագայում: – Ըստ արդարադատության նախարարության տվյալների, 80-ականներին Հայաստանում «Եհովայի վկաները» հազիվ 100-ն էին, 90-ականների կեսերին հասան 8000-ի, իսկ ներկայումս 20 հազար են: Եթե չգրանցված վիճակում նրանց թիվն այսքան ավելացել է՝ որքա՞ն կլինի գրանցումից հետո, երբ արդեն հնարավորություն կունենան հիմնելու իրենց պաշտամունքի վայրերը՝ «արքայության սրահները», վարձելու հեռուստաժամեր եւ այլն: – Իմ տվյալներով՝ նրանք ոչ թե 20 հազար են, այլ շուրջ 30 հազար: Սրանից 4-5 տարի առաջ նրանք արդեն իսկ 18 հազար էին: Նաեւ գիտեմ, որ նրանք հիմնականում ծավալվել են Հայաստանի սահմանամերձ գյուղերում: – Դա վտանգավոր չե՞ք համարում: – Այո՛, վտանգավոր է: Բայց դա կապված չէ նրանց գրանցված լինել-չլինելու հետ: Նրանք երկրաչափական պրոգրեսիայով աճել են նաեւ այն պատճառով, որ եհովականներին չէին գրանցում: Շատ հնարավոր է, որ 80-ականներին լիներ 100 «Եհովայի վկա»: Տոտալիտար երկիր էր՝ չէին կարող լինել 18 հազար եհովականներ կամ բապտիստներ, քանի որ մարդիկ դատապարտվում էին բապտիստ կամ հիսունական լինելու համար: Այսօր նրանց ոչ ոք չի դատապարտում, ուստի, բնականաբար, շատանում են: Կարծում եմ՝ ժողովրդավարական Հայաստանում մարդիկ պիտի ունենան խղճի ազատություն եւ քարոզեն այն: Վտանգը ոչ թե դա է, այլ խղճի չազատությունը: – Երիտասարդական կազմակերպությունները սկսել են պայքարի տարբեր ձեւեր մշակել աղանդավորության դեմ՝ մեկն առաջարկեց պիկետներ անել արդարադատության նախարարության դիմաց, մյուսը՝ երթով գնալ Սուրբ Սարգիս եւ մոմեր վառել: Ո՞ր միջոցն եք համարում առավել արդյունավետ: – Եթե որեւէ կազմակերպության գրանցման առնչությամբ պիկետներ են անելու՝ պիտի հրաժարվեինք Եվրախորհուրդ մտնելուց եւ պարտավորություններ ստանձնելուց: Մեր յուրահատուկ «մենթալիտետի» համաձայն՝ պիտի շարունակե՞նք պնդել, թե ժողովրդավար ենք, ու չլինենք ժողովրդավար, կամ ասենք, թե հպարտ ենք, սակայն լինենք վախկոտ եւ սողացող: Բայց որ եկեղեցի են գնալու, թեկուզ երթով՝ արդեն իսկ լավ է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել