«ԹՈՂ
ՆՐԱՆՔ ՄՏԱԾԵՆ» Ինչպես արդեն գրել ենք, Գյումրիի Անի թաղամասի
գազիֆիկացման հետ կապված խնդիրներ կան: Դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստացանք
«Հայռուսգազարդի» ինժեներական «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Արսեն Գաբրիելյանից,
որը նաեւ Անի թաղամասի գազիֆիկացման եւ սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման
ծրագրի պատասխանատուն է: Ըստ նրա, անվճար գազավառարաններ ստանալու իրավունք
ունեցող նպաստառու ընտանիքների ցուցակների ճշգրտումը մարզպետարանի ու քաղաքապետարանի
«սուրբ պարտքն է», սակայն իրենց կառույցը ստիպված է միջամտել՝ վերջիններիս թերությունները
շտկելու համար: Պարոն Գաբրիելյանի հավաստմամբ, ցուցակներում կան մահացածների անուններ,
կրկնություններ, բնակարանը վաճառածներ: Փոխարենը, նրա հավաստիացմամբ, «Հայռուսգազարդի»
Անի թաղամասի գրասենյակում կուտակվել է դիմում-բողոքների մի հսկա փաթեթ այն կարիքավորներից,
որոնց անունները չկան ցուցակներում: Ըստ Ա. Գաբրիելյանի, Անի թաղամասը գազիֆիկացնելը
թանկ հաճույք է, եւ իրենք միլիարդներ են ծախսել՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվով շուրջ
120-140 հազար դրամի ներդրում կատարելով, չհաշված սոցիալապես անապահով ընտանիքների
համար կատարված լրացուցիչ 80000 դրամ ներդրումը: Այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու
ցուցակում չընդգրկված, սակայն իսկական կարիքավորների վիճակը ձմռանը: «Մեր ծրագրի
հնարավորությունն այսքանն է, իսկ մյուսների մասին թող մտածեն մարզային ու քաղաքային
իշխանությունները»,-առաջարկում է պաշտոնյան: Վստահ ենք, որ տեղական իշխանություններն
էլ այդ պատասխանը կտան՝ կառավարությանը մատնանշելով: Մինչդեռ, մեր լավատեղյակ
աղբյուրների հաղորդմամբ, նախագահ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ժամանակ մարզպետին
ու քաղաքապետին հատուկ հանձնարարական է տվել ամեն գնով ծրագրին աջակցել՝ ցուցակներում
չընդգրկվածների համար միջոցներ հայթայթելով: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ