Իսպանիայի
Կալվիա քաղաքում չորեքշաբթի օրը կայացավ շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի
վեցերորդ տուրը: Այն հաջող էր Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց հավաքականների
համար: Մեր տղամարդկանց քառյակը հանդիպեց Կանադայի ուժեղագույն շախմատիստների
հետ եւ 3,5:0,5 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Իրենց հաշվարկում մեկական միավոր
գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ միայն Լեւոն
Արոնյանը բավարարվեց ոչ-ոքիով: Այս հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը
մրցաշարային աղյուսակում չորս աստիճանով վեր բարձրացավ ու 16,5 միավորով բաժանում
է 5-8-րդ հորիզոնականները: Մեկօրյա հանգստից հետո այսօր յոթերորդ տուրում Հայաստանի
մրցակիցը լինելու է առայժմ 5-րդ տեղում ընթացող Իսրայելի հավաքականը: Ընդհանրապես,
մեր տղաների մրցելույթներն Իսպանիայում պետք է բավականին հաջող համարել՝ հաշվի առնելով,
որ թիմի առաջատար Վլադիմիր Հակոբյանի բացակայության պատճառով տակավին չլուծված է
մնում չորրորդ խաղատախտակի խնդիրը: Սակայն օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները
նշում են, որ Հակոբյանն արդեն Բրիսսագոյից ժամանել է Կալվիա: Հուսանք, որ նա մրցաշարի
երկրորդ մասում կներգրավվի պայքարի մեջ ու մեր հավաքականը արդեն լրջորեն կհավակնի
մրցանակային տեղերի: Վեցերորդ տուրում վստահ խաղացին նաեւ մեր կանայք: Նրանք
էլ իրենց հերթին 2,5:0,5 հաշվով պարտության մատնեցին վիետնամցիներին: Մրցակցուհիների
նկատմամբ առավելության հասան Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, իսկ Էլինա Դանիելյանը
վաստակեց կես միավոր: Այս հաղթանակը հայ շախմատիստուհիներին հնարավորություն տվեց
ավելի մեծ թռիչք կատարել դեպի վեր եւ 20-րդից տեղափոխվել 8-րդ տեղ: Այսօր մեր աղջիկներին
անչափ լուրջ փորձություն է սպասվում: Նրանք ուժերը չափելու են Ուկրաինայի շախմատիստուհիների
հետ: Վեց տուրից հետո լավագույն տասնյակներն այսպիսի տեսք ունեն: Տղամարդիկ.
1. Ուկրաինա՝ 19 2. Ռուսաստան՝ 18 3. Հնդկաստան՝ 17 4.
Բուլղարիա՝ 17 5. Իսրայել՝ 16,5 6. Ադրբեջան՝ 16,5 7. Իսպանիա-1՝
16,5 8. Հայաստան՝ 16,5 9. Սլովակիա 15,5 10. Լեհաստան՝ 15,5
Ք. ՀԱԿՈԲՅԱՆ