Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԱՆՑԱՎ

Հոկտեմբեր 22,2004 00:00

Նկարիչների
միության համար այն բավականաչափ հեղինակավոր չէ Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ
դիզայներ, քանդակագործ Մարտին Կակոսյանը, որը 12 տարեկանից աշակերտել է Երվանդ Քոչարին:
Նրա մոնումենտալ գործերը սփռված են աշխարհով մեկ: Օրինակ, Վաշինգթոնի Կրիպտոլոգիայի
թանգարանում քանդակագործի՝ Սառը պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն է, Տեխասում՝
Ռազմաօդային ակադեմիայի հարեւանությամբ՝ Սպիտակագլուխ արծիվը, Օհայոյում՝ կրկին արծիվ՝
խաչքարով, Հռոմում՝ Աբամելիք Լազարեւի քանդակը եւ այլն: Հռոմի ռուսական դեսպանատան
առաջ տեղադրված Լազարեւի մոտ 3 մետրանոց արձանի հանդիսավոր բացումը դեռ չի եղել,
սակայն, հեղինակի հավաստմամբ, Հռոմ այցելած Վլադիմիր Պուտինը այն տեսել ու շատ է
հավանել: Մ. Կակոսյանը տեղեկացրեց, որ վերջերս մերժվել է իր՝ Հայաստանի նկարիչների
միության անդամ դառնալու ցանկությունը՝ զավեշտալի պատճառաբանությամբ: «Այս տարիքում
որոշեցի դառնալ ՀՆՄ անդամ: Պահանջեցին ներկայացնել հայտնի որեւէ արվեստագետի երաշխավորագիր:
Ես էլ տարա Երվանդ Քոչարի նամակը, որտեղ դեռ 71-ին Վարպետը գրել էր, որ իր աշակերտն
եմ, օգնականը: Ու լավ կլինի դառնամ Նկարիչների միության անդամ: Միությունում, սակայն,
ասացին, թե Քոչարի կարծիքը չի անցնում, քանի որ նա Նկարիչների միության անդամ չէ»,-
պատմեց պրն Կակոսյանը: Ներկայումս Մ. Կակոսյանը աշխատում է մի ինքնատիպ աշխատանքի
վրա, որը կտեղադրվի Տեխասում: Այն նվիրված է Առաջին աշխարհամարտից մինչեւ մեր օրերը
տարբեր պատերազմներում մասնակցություն ցուցաբերած ամերիկացի զինվորներին: Ծնունդով
գյումրեցի Կակոսյանը ԱՄՆ է տեղափոխվել երկրաշարժից հետո: «Ընտանիքս ծանր վիճակում
էր, մասնակցեցի Մադամ Տյուսոյի թանգարանի կազմակերպած մրցույթին ու քչերի թվում ես
էլ հաղթեցի: Բայց անգլերենի ոչ բավարար իմացության պատճառով նախօրոք կնքված պայմանագիրը
չեղյալ հայտարարվեց»,- հիշեց քանդակագործը: Սակայն հետագա տարիներին բախտը սկսել
է նրան ժպտալ: Այժմ նա բազմաթիվ պատվերներ ունի Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից:
Մասնավորապես ճանաչված է ԱՄՆ-ում, որտեղ, նրա հավաստմամբ, քանդակների բացմանը հաճախ
ներկա է լինում Ջորջ Բուշը: Մ. Կակոսյանը պատրաստվում է կերտել նաեւ Գյումրիի
հայտնի պերսոնաժներին, իր խոսքով՝ հայկական Դոն Քիշոտին ու Սանչո Պանսային: «Դրանք
մեր Պոլոզ Մուկուչն ու Ցիտրո Ալեքն են, որոնք յուրօրինակ դուետ են եղել: Ժամանակն
է Գյումրիում ուրախություն մտցնել, չէ՞ որ այն հումորի քաղաք է: Պիտի վերջ տալ մռայլ,
լաց ու կոծ խորհրդանշող արձաններին»,- կարծում է քանդակագործը: Նրա տեղեկություններով,
գյումրեցիներն արդեն սկսել են գումարներ հանգանակել այդ նպատակով, քանի որ վաղուց
են սպասում հոգեհարազատ պերսոնաժներին: Մ. Կակոսյանը ավարտել է նաեւ Երեւանի
Մամոգրաֆիկ կենտրոնին նվիրելիք բարձրաքանդակը, որտեղ մայրն է՝ հայ կնոջ պատկերով՝
գանգրահեր փոքրիկի հետ: Նրանք Մասիսների ֆոնի վրա են: Իսկ կոմպոզիցիայի աջ կողմում
Խոր Վիրապն է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ.
Երեկ պրն Կակոսյանը տեղեկացրեց, որ ամերիկյան կառավարությունը որոշել է $70000 տրամադրել
Երեւան-Գյումրի մայրուղու, ինչպես նաեւ Թալինից Ներքին Սասնաշեն տանող ճանապարհի
վերանորոգման համար: Ներքին Սասնաշենում տեղադրված հուշարձանը, որ նվիրված է 1958թ.
սեպտեմբերի 2-ին զոհված ամերիկյան 17 օդաչուների հիշատակին, եւս քանդակագործի աշխատանքն
է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել