Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյանը արհամարհեց Եվրոհանձնաժողովին

Հոկտեմբեր 22,2004 00:00

Չնայած
դրան, ԵՄ-ն միայն Տեմպուսի ծրագրով Հայաստանին կհատկացնի եւս 700 հազար եվրո: ՀՀ
ԿԳ նախարարությունը, Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության
երեւանյան գրասենյակը, Եվրոպական հանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր տնօրինությունը
եւ Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակը երեկ կազմակերպել էին Տեմպուս ծրագրի տեղեկատվական
օր: Նպատակը իրագործվեց եվրոպացի հյուրերի մասնակցությամբ եւ հայկական մենթալիտետի
դրսեւորումներով: Տեղեկատվական օրն անտեսել էր ՀՀ կրթության եւ գիտության
նախարար Սերգո Երիցյանը եւ նախարարության աշխատակից Ներսես Գեւորգյանը՝ նախապես չծանուցելով
իրենց բացակայելու մասին: Մյուս կազմակերպիչները բարձրաձայն հույս հայտնեցին, որ
Սերգո Երիցյանը դեռ կգա: Չեկավ, իսկ նախարարի բացը ուշացած ելույթով լրացրեց ուշացումով
ներկայացած փոխնախարար Արա Ավետիսյանը: Փոխարենը պարտաճանաչ ներկայացած եվրոպացիները՝
Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակ Ալեքսիս Լոեբերը, Եվրոպական
հանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր տնօրինությունից Կլաուս Կոերները, Կրթության
եվրոպական հիմնադրամից Աննա Բրզոզովսկան եւ Տեմպուսի ազգային գրասենյակից Լանա Կարլովան
հավաքված դասախոսներին ներկայացրին Տեմպուսի նպատակները, Հայաստանի բարձրագույն կրթական
համակարգի՝ Եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրվելու հնարավորություններն
ու հեռանկարները: Տեմպուսը Եվրոմիության ծրագիր է, որին Հայաստանը ընդգրկվել
է 1995 թվականին: Այս ընթացքում իրագործված 24 ծրագրով ՀՀ 10 պետական բուհերի բաժանվել
է ընդհանուր 4 միլիոն եվրո դրամաշնորհ: 2004-05 ժամանակահատվածի համար նախատեսվում
է տրամադրել եւս 700 հազար եվրո: Չի բացառվում, որ մասնակցեն նաեւ ոչ պետական բուհերը:
Տեմպուսն ունի երեք տեսակի դրամաշնորհներ: Համատեղ եվրոպական ծրագրեր. տեւողությունը՝
2-3 տարի, նպատակը՝ ուսումնական ծրագրերի մշակում, վերապատրաստման դասընթացներ: Կառուցվածքային
եւ փոխլրացման միջոցառումներ. տեւողությունը՝ մեկ տարի, նպատակը՝ տեղական կարողությունների
ուժեղացում: Եվ անհատական դրամաշնորհներ՝ նոր ծրագերի նախապատրաստման, եվրոպական
երկրների փորձը ուսումնասիրելու եւ ուսանելու, համաժողովների մասնակցելու համար:
Եվրոպացիները խորհուրդ են տալիս ուսանել նոր ԵՄ անդամ դարձած նախկին սոցճամբարի երկրների
փորձը, քանի որ նրանց կրթական համակարգը մերին նման է: ԱՐԱՄ
ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել