Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՆ»

Հոկտեմբեր 22,2004 00:00

Վրաստանի
խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը հույս է հայտնում, որ Ռ. Քոչարյանի այցի
ժամանակ տնտեսական համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն Վրաստանի նախագահ
Միխայիլ Սահակաշվիլու հրավերով այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական եռօրյա
այցով կժամանի Թբիլիսի: Վերջինիս դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա
Բագրատաշենի մաքսակետում: Հայաստանի եւ Վրաստանի նախագահների՝ դեմառդեմ հանդիպումը
տեղի կունենա ավելի ուշ: Այցի շրջանակներում Ռ. Քոչարյանը կհանդիպի նաեւ Վրաստանի
խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, նաեւ համայն վրաց
կաթողիկոս Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Անշուշտ, հանդիպում տեղի կունենա նաեւ ՀՀ
նախագահի եւ Վրաստանի հայ համայնքի ղեկավարների միջեւ: Այս այցի շրջանակներում Վրաստան
կմեկնեն նաեւ 30 հայ գործարարներ, ովքեր կմասնակցեն հայ-վրացական գործարար ֆորումի
եւ ցուցահանդեսի: Ի՞նչ ակնկալիքներ ունի Վրաստանի հայ համայնքը ՀՀ նախագահի
այս այցից: Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդյանն, օրինակ, ակնկալում
է, որ դեռեւս նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության օրոք երկու երկրների
միջեւ ստորագրված գրեթե 90 պայմանագրեր, հատկապես՝ տնտեսական ոլորտին առնչվողները,
ի վերջո, կսկսեն կյանքի կոչվել: Իսկ այդ, Վ. Բայբուրդյանի բնորոշմամբ, չգործող պայմանագրերից
հատկապես կարեւոր են մաքսային, հարկային ոլորտներին առնչվող պայմանագրերը, որոնց
կենսագործման համար երկու երկրների խորհրդարանները պետք է համապատասխան իրավական
դաշտ ձեւավորեն: «Այն ժամանակ, ցավոք, վրաց իշխանությունները դա չարեցին, իսկ հիմա
կարծում եմ, որ այդպիսի համագործակցության համար նոր դաշտ է բացվում: Նախագահ Սահակաշվիլին
մի քանի անգամ հայտարարել է, որ մենք առաջին հերթին հոյակապ տնտեսական հարաբերություններ
պետք է ունենանք հարեւան երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանը
Վրաստանի համար եւ Վրաստանը Հայաստանի համար բաց տնտեսական դաշտեր են: Հույս ունեմ,
որ նորաստեղծ հայ-վրացական գործարար կապերի ասոցիացիան, որտեղ միավորվել են շատ ազդեցիկ
գործարարներ, կկարողանան մեռյալ կետից շարժել հայ-վրացական տնտեսական համագործակցությունը»,-
կարծիք հայտնեց պարոն Բայբուրդյանը: Առայժմ հայ-վրացական տնտեսական համագործակցությունն
այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, թեեւ երկու կողմերից նման ցանկություն բազմիցս
է արտահայտվել: Ակնկալվում է, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում քննարկվելու
է նաեւ հաղորդակցական ուղիների հարցը՝ Վերին Լարս, Աբխազիայով երկաթգծի հնարավոր
գործարկում, բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիներ: «Կարող եմ համարձակորեն
ասել, որ Վերին Լարսի անցակետի փակ լինելը կախված չէ վրաց իշխանություններից: Վրաստանի
տարածքով՝ Սադախլոյով, հայկական ավտոմեքենաները, բեռնատարները, ուղեւորները հանգիստ
եւ անարգել կարող են հասնել մինչեւ Փոթի եւ Բաթում: Վերին Լարսի հիմնախնդիրը միմիայն
ռուսական կողմի արգելքի արդյունքն է»,- մանրամասնեց Վ. Բայբուրդյանը: Ինչ
վերաբերում է Աբխազիայի երկաթգծի բացման հնարավորությանը, ապա Վ. Բայբուրդյանի ասելով՝
«նման ցանկություն Վրաստանում կա, բայց այդ երկաթգիծը կբացվի այն ժամանակ, երբ Վրաստանն
ու Աբխազիան, նաեւ՝ Ռուսաստանը, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք կբերեն
դրա շուրջ: Ես հասկանում եմ, որ սա նույնքան ցավալի հարց է Հայաստանի, որքան եւ Վրաստանի
համար: Բայց այստեղ նաեւ քաղաքական հարցեր կան, ու չեմ կարծում, թե Հայաստանը եւս
նման դեպքերում բացեր այդ ճանապարհը»: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ,
անշուշտ, Վրաստանի հայ համայնքի, այդ թվում՝ Ջավախքի, ներկայացուցիչներն էլ որոշակի
հարցադրումներ կանեն: Ըստ Վ. Բայբուրդյանի, Վրաստանի հայ համայնքը, նաեւ՝ Ջավախքում,
որպես այդպիսին, լուրջ խնդիրներ չունի. «Մենք միայն շնորհակալություն կհայտնենք այն
լուրջ աջակցության համար, որ ՀՀ իշխանությունները ցուցաբերում են հայկական կրթօջախներին,
հայկական թատրոնին: Ջավախքում կան լուրջ սոցիալական խնդիրներ, սակայն դրանք ՀՀ-ն
չի կարող իր ուսերին վերցնել: Բացի այդ, նմանատիպ խնդիրներ կան ոչ միայն Ջավախքում,
այլեւ Վրաստանի մայրաքաղաքին ավելի մոտ շրջաններում, ասենք՝ Ցխեթայում: Դրանք ընդհանուր
են Վրաստանի համար, թեեւ համոզված եմ, որ դրանք եւս երկու նախագահների քննարկման
առարկա կդառնան: Վրաստանի բյուջեն առաջին անգամ պրոֆիցիտով ընդունվեց, եւ նախատեսված
է խոշոր ներդրումներ ուղղել Ջավախքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման, առաջին
հերթին՝ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել