Լրահոս
Օրվա լրահոսը

Անուղղակի պատասխան

Հոկտեմբեր 22,2004 00:00

«Անտառը
սերունդներին» հասարակական կազմակերպության անդամ Մովսես Մանուկյանը Ծաղկաձորի անտառներում
ծավալված քաղաքաշինության առնչությամբ իր տեսակետն էր հայտնել: Ըստ նրա, «Այս
իրադրությունում բավական անելիք ունի քաղաքաշինության նախարարությունը: Անհրաժեշտ
է (եթե այդպիսիք չկան) մշակել եւ հաստատել քաղաքաշինական այնպիսի նորմեր, որոնք կբացառեն
բնական անտառներում (այդ թվում՝ վերջին տարիներին անխնա հատված եւ անպայմանորեն վերականգնման
ենթակա) քաղաքաշինության ծավալումը՝ լինի դա առանձնատուն, ճանապարհ, թե հասարակական
նշանակության ուրիշ կառույց»: Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը մեր այն
հարցին, թե համաձա՞յն է, որ իրենք իրոք անելիք ունեն այս առնչությամբ, պատասխանեց.
«Իհարկե, միանշանակ անելիք ունենք նման նորմերի առումով: Անձամբ ես կտրականապես դեմ
եմ անտառահատմանը, կանաչ գոտիների ոչնչացմանը: Եվ առաջիկայում մեր ուշադրությունն
անպայման սեւեռելու ենք այդ խնդիրների իրականացման վրա»: Մեր հարցին, թե այնուամենայնիվ
օրենսդրությամբ սահմանվա՞ծ են նման նորմեր, որոնք կբացառեին քաղաքաշինության ծավալումը
կանաչ տարածությունների հաշվին, ինչի ականատեսն ենք այժմ՝ նախարարը պատասխանեց. «Այո՛:
Այսօր գործող նորմերով՝ կառուցապատողները մինչեւ նախագծային, նախահաշվային աշխատանքների
սկսումը պարտավոր են համաձայնեցնել, քաղաքաշինության նախարարությանը ներկայացնել
թույլտվությունը եւ հետո նոր սկսել շինարարության աշխատանքները: Այդ առումով՝ բավական
անելիքներ ունենք, որ իրականացնելու ենք մինչեւ վերջ: Գործող օրենքները թույլատրում
են, որ միջամտություններ կատարենք այս գործընթացին: Եվ հենց Ծաղկաձորում էլ ենք սկսել
այդ աշխատանքները. ամբողջ պատկերը հանելու ենք՝ ուսումնասիրելու ե՛ւ թույլտվությունների,
ե՛ւ կառուցապատումների սխեման: Տարեվերջին նախարարությունների հաշվետվությունների
ժամանակ կանդրադառնանք այդ խնդրին»: Հիշեցնենք, որ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն
Միրզոյանը դժգոհել էր, թե քաղաքը չունի հատակագիծ. «Վարչական սահմաններից դուրս չենք
կարող սահմանել որեւէ վերահսկողություն: Իսկ եթե գլխավոր հատակագիծ լինի եւ հստակ
լինի այն ամենը, ինչի մասին խոսում ենք՝ ամեն ինչ արդեն կընկնի իր տեղը»: Այս առումով
եւս անելիք ունի քաղաքաշինության նախարարությունը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել