Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՊԱՀԵ՞ՍՏ

Հոկտեմբեր 22,2004 00:00

Դատարանում
կհանդիպեն «Սիլը», «Զովքը» եւ Ալիկը «Պարեն» գիտաարտադրական եւ նախագծային
(ԳԱՆ) ՊՓԲԸ-ն Հայաստանում միակ մասնագիտական գիտահետազոտական ձեռնարկությունն էր,
որն ի զորու էր լուծել սննդի եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզում առաջացած գիտական խնդիրները:
Ինչո՞ւ՝ «էր», որովհետեւ, աշխատակիցների կարծիքով, օրերս ձեռնարկության նոր սեփականատեր
դարձած Ալբերտ Խաչատրյանը «գիտությունից հեռու մարդ է» եւ նրան գրավել է ձեռնարկության
տարածքը՝ առանց գիտական ներուժի: Համենայնդեպս, ընկերության գիտնականները իրենց ապագան
անորոշ ու մռայլ են պատկերացնում: Ասենք, որ Ա. Խաչատրյանի «Ալիկ-Լաերտ» ՍՊԸ-ն եւ
«Պարենը» գտնվում են կողք կողքի: Հասցեն էլ նույնն է՝ Գորվետկա 4: «Ալիկ-Լաերտը»
զբաղեցնում է Երեւանի նախկին ալրաղաց կոմբինատի իրացման բազայի տարածքը: Իսկ զբաղվում
է իր պահեստները վարձակալությամբ տալով: «Պարենը» զբաղեցնում է 2918 քմ տարածք, ունի
լաբորատորիաներ եւ պահեստներ, այլ շենք-շինություններ: Այնպես որ, լիովին կանխատեսելի
է գիտաարտադրական ձեռնարկությանը սպառնացող մոտալուտ վտանգը՝ Ա. Խաչատրյանը տարածքը
կօգտագործի իր հայեցողությամբ, հաշվի չառնելով ձեռնարկության գիտական «առաքելությունն»
ու նշանակությունը: Իսկ այստեղ աշխատում են գիտության 4 դոկտոր, 12 թեկնածու, 3 գիտաշխատող
միջազգային հեղինակավոր ակադեմիաների անդամ է, ձեռնարկությունում գործում է գիտական
աստիճանաշնորհման թիվ 002 մասնագիտական խորհուրդը: Թե ինչպես է Ա. Խաչատրյանը
ձեռք բերել այս ընկերությունը՝ միանգամայն «թափանցիկ է»: Մեր տեղեկությամբ՝ նա տարածքային
կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի փեսան է: Այդ զորավոր «մեջքով» է նրան հաջողվել
ստանալ ուղիղ վաճառքի մասին կառավարության որոշում, վճարելով հաշվեկշռային արժեքի
30%-ի չափով գումար: Մինչեւ որոշումը՝ ս.թ. հունիսի 10-ը, «Պարենի» աշխատանքային
կոլեկտիվը դիմել է պետգույքի կառավարման վարչություն, կառավարություն եւ ԱԺ՝ խնդրելով
հաշվի առնել ընկերության գիտական թեքումը եւ ուղղակի վաճառքի ձեւով կոլեկտիվին մասնավորեցնել
ձեռնարկությունը: Նույն խնդրանքով եւ նույն ուղղություններով դիմումներ է հղել նաեւ
գյուղնախարարությունը, որի համակարգում է «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ-ն եւ որը հանդիսանում
է ընկերության բաժնետոմսերի միակ տերը: Պատասխանները եղել են փափուկ բարձի դեր տանող
եւ ժամանակ շահելուն միտված, մինչեւ բոլորին անհայտ կառավարության որոշումը կվավերացվեր
նախագահի կողմից՝ հոկտեմբերի 8-ին: Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքում
ուղղակի վաճառքի ժամանակ հնարավոր թեկնածուների առաջին տողում «տվյալ ընկերության
աշխատավորական կոլեկտիվն է», վերջին տողում՝ «տվյալ գույքի հավանական գնորդը, եթե
այն նախօրոք հայտնի է»: Վերջինիս դերում հանդես է եկել Ա. Խաչատրյանը, առաջ անցնելով
ավելի խոշոր ներդրումային փաթեթներով 3 այլ «հավանական գնորդներից», որոնք նույնպես
«նախօրոք հայտնի էին»՝ «Սիլ», «Զովք» ընկերությունները եւ մեկ քաղաքացի: Օրենքով
ամրագրված բոլոր դրույթներով ու կանոններով հայտ ներկայացնելը՝ ներդրումային փաթեթ,
գործարար ծրագիր, կոլեկտիվ ժողովի արձանագրություն եւ այլն, նույնպես չի օգնել գիտական
կոլեկտիվին: Ոլորտի մասնագետներից մեկի տեղեկացմամբ, գիտական, առողջապահական
եւ մշակութային ուղղվածություն ունեցող պետական հիմնարկների մասնավորեցման ժամանակ,
ըստ գործող հայեցակարգի, աշխատանքային կոլեկտիվներին տրվում է ձայնի առավելություն
եւ նման դեպքեր վերջերս շատ են արձանագրվել: Անշուշտ, սա այն պարագայում, եթե կայանար
բաց մրցույթ: Իսկ «Պարենի» համար ամեն ինչ սկսվել եւ ավարտվել է կառավարության ցանկությամբ:
Եթե այդ նույն «կամքը» նույն ուժով դրսեւորվի նաեւ դատարանում, ուր պատրաստվում
են դիմել անօրեն գործարքից բողոքող 4 հայտատուները, ապա չկասկածեք, այստեղ էլ ելքը
պարզ է ու կանխատեսելի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել