Այսօր կայանալիք նիստում նրանք վերջնագիր կներկայացնեն
Ամռանը Մտավորականների ֆորումի ավագանու անդամները տարբեր առիթներով հայտարարեցին, որ ֆորումի առաջին իսկ նիստում վերջնագիր են ներկայացնելու երկրի իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ստեղծված անորոշ իրավիճակից Հայաստանը դուրս բերելու պահանջով: Երեկ «Հայրենիք» ժողովրդական ճակատի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ եղավ վերջնագիրը: Ըստ պրն Մարգարյանի, հապաղման պատճառը հետեւյալն է. «Մշակույթի օջախները, բուհական դահլիճները եւ այլն, բռնագրավված են: Հարյուրավոր նամակներն անպատասխան են մնում: Կառավարություն ուղարկված նամակները, որպես կանոն, կորչում են, ապա առաջարկում են 500 դոլարով կառավարության նիստերի դահլիճը վարձակալել: Գրողների միության նախագահն էլ այնքան էժանացավ եւ զրկվեց մարդկային տարրական հատկանիշներից, որ դեռ ապրիլ ամսին հայտարարեց՝ իբր կանգնում են վերանորոգման: Մինչդեռ դահլիճն ամեն օր բաց էր իշխանական ուժերի համար»,- «Առավոտին» փոխանցեց պարոն Մարգարյանը: Սակայն այդ բոլոր խոչընդոտներից հետո մտավորականներն այսօր կգումարեն սպասված նիստը:
«Ռեժիմն իրեն սպառել է»՝ ավագանու նիստում մեկ անգամ եւս կփաստեն մտավորականները: «Երբ հասարակ մարդն ապահովված չէ օրվա հացով, ոչ ոքի իրավունք տրված չէ «համերներով» ման գալ. 8-10 տարում միլիարդատերեր չեն դառնում: Այս ամենի համար պետք է պատասխան տան»,- ասում է Գառնիկ Մարգարյանը եւ հավելում. «Հասել է պահը լացուկոծին վերջ տալու. բավական է: Ճանապարհը միավորվել եւ երկրին տեր կանգնելն է: Ինչպե՞ս: Կարծում եմ՝ ֆորումն այսօր այդ որոշումը կկայացնի»: Ըստ մեր զրուցակցի, ովքեր կգնան այս ճանապարհով, նրանք ցույց կտան իրենց նվիրվածության աստիճանը երկրին, ժողովրդին, զարգացմանը: Ովքեր կհապաղեն՝ «ոչ թե պետք է կրեն դավաճանի պիտակ, այլ պատասխան են տալու անտարբերության կամ երկրի կործանմանը մասնակցության համար: Հապաղելու, փախչելու, նահանջի տեղ չունենք: Նահանջի ճանապարհներն այրված են եւ «կարող» մարդկանց, եւ դավադիրների ու սրիկաների համար»: Պարոն Մարգարյանն արդեն առաջարկում է իրավաբաններին՝ մտածել, թե ի՞նչ պատիժներ է պետք կիրառել: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով՝ նիստի գլխավոր բանախոսը լինելու է Աշոտ Մանուչարյանը:
«Առավոտի» դիտարկմանը, որ մտավորականները միավորելու մի փորձ գարնանն արեցին, եւ, իրենց իսկ խոսքերով, նախագահի «միջամտությամբ» կոալիցիա-ընդդիմություն սկսված երկխոսությունը տապալվեց. ի՞նչ երաշխիք, որ երկրորդ փորձը հաջողություն կունենա, պարոն Մարգարյանն արձագանքեց. «Այդ ինստիտուտը իրեն չի սպառել, մտնում է նոր փուլ: Ես միանշանակ համոզված եմ՝ այն կբերի առողջ ուժերի միասնության: Քոչարյանին մեկ անգամ հաջողվեց տապալել գործընթացը, բայց այն թողել է իր լուսավոր հետքը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ