Հայաստանը
դուրս եկավ այն երկրների շարքից, որտեղ եհովականները դեռ գրանցված չեն՝ Իրան, Իրաք,
Թուրքմենստան եւ այլն: Գրանցմանը հետեւած բողոքի ալիքին է անդրադառնում «Իրավունքի
եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը: – Եվրախորհրդի առջեւ
Հայաստանի ստանձնած պարտավորությունը կատարելուց՝ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը
գրանցելուց հետո մեկնաբանություններ եղան, թե այդ քայլին դիմեցին միայն այն պատճառով,
որ կարողանան վերահսկել ու արգելել նրանց: Արդարացվա՞ծ քայլ է: – Եհովականներին
գրանցեցին ոչ իրենց կամքով ու ծրագրով, որ նրանց բերեն օրենքի դաշտ ու հետո արգելեն,
այլ միայն այն պատճառով, որ ուղղակի չէին կարողացել դիմադրել եվրոպական կառույցների
ճնշումներին: «Եհովայի վկաների» գրանցման պահանջներին ինքս բազմիցս եմ առնչվել,
երբ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ էի: Միշտ կարծիք եմ
հայտնել, թե պետք է գրանցվի ե՛ւ այդ, ե՛ւ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը
չի անում բռնության կոչեր եւ ենթարկվում է Հայաստանում գործող օրենքներին: –
Սակայն եհովականներին ընդունված է անվանել «տոտալիտար աղանդ»: – Այդպես կարելի
է անվանել կրոնական ցանկացա՛ծ համայնք: «Եհովայի վկաները» կրոնական ճիշտ նույնպիսի
կազմակերպություն է, ինչ մյուսները, ուղղակի նրանք ճշմարտության եւ Աստծո մասին ունեն
իրենց յուրահատուկ պատկերացումները: Բայց եթե նրանք պարտավորություն են ստանձնել
գործել Հայաստանի օրենսդրության շրջանակներում՝ պետք է գրանցվեին: – Նրանք
արդեն իսկ խախտում էին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»
օրենքը, որով արգելված է հոգեորսությունը, իսկ քարոզչության մենաշնորհը տրված է Առաքելական
եկեղեցուն: Մինչդեռ հատկապես եհովականները տանում են բավական ագրեսիվ քարոզչություն:
– Որեւէ եհովական կամ ՀՀ այլ քաղաքացի չի դատապարտվել հոգեորսության համար:
Ես ընդհանրապես չունեմ սահմանումը, թե ինչ է հոգեորսությունը՝ գուցե Էջմիածնո՞ւմ
կարողանան բացատրել: Եհովականներն իրոք ունեն դռնեդուռ քարոզչության սկզբունք: Եվ
դրանով նրանք, իհարկե, խախտում են մարդկանց իրավունքները: Բայց թող դիմեն դատարան՝
իրենց հանգիստը խանգարելու համար եւ պահանջեն պատժել զանազան քարոզիչներին: Խնդիրն
այլ է՝ Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր, գրանցել է իր տարածքում գործող կրոնական
բազմաթիվ կազմակերպություններից եւս մեկին: Հարկ է նկատել, որ մեր երկրում բոլոր
աղանդների թվաքանակը հազիվ լինի 100-150 հազար: Սա բավական փոքր թիվ է, քանի որ հայերի
գերակշիռ մեծամասնությունը բնույթով հավատարիմ է մնում Առաքելական եկեղեցուն՝ անգամ
չհաճախելով եկեղեցի: Շարունակում են իրենց մատաղացու գառները մորթել եկեղեցու բակերում,
որտեղ ընդհանրապես արգելված է արյուն հեղելը: Այսինքն՝ մեր մտածողության համար այդ
աղանդներն, իմ կարծիքով, այդքան էլ մեծ վտանգ չեն ներկայացնում: Բայց խորապես համոզված
եմ, որ «Եհովայի վկաների» գրանցման առնչությամբ բարձրացված այս աղմուկ-աղաղակն ավելի
մեծ ծառայություն կարող է մատուցել աղանդավորությանը, քան եթե այս գործընթացն անցներ
լուռ ու խաղաղ, ինչպես եղել էր կրոնական այլ կազմակերպությունների գրանցման պարագայում:
– Ըստ արդարադատության նախարարության տվյալների, 80-ականներին Հայաստանում
«Եհովայի վկաները» հազիվ 100-ն էին, 90-ականների կեսերին հասան 8000-ի, իսկ ներկայումս
20 հազար են: Եթե չգրանցված վիճակում նրանց թիվն այսքան ավելացել է՝ որքա՞ն կլինի
գրանցումից հետո, երբ արդեն հնարավորություն կունենան հիմնելու իրենց պաշտամունքի
վայրերը՝ «արքայության սրահները», վարձելու հեռուստաժամեր եւ այլն: – Իմ տվյալներով՝
նրանք ոչ թե 20 հազար են, այլ շուրջ 30 հազար: Սրանից 4-5 տարի առաջ նրանք արդեն
իսկ 18 հազար էին: Նաեւ գիտեմ, որ նրանք հիմնականում ծավալվել են Հայաստանի սահմանամերձ
գյուղերում: – Դա վտանգավոր չե՞ք համարում: – Այո՛, վտանգավոր է: Բայց
դա կապված չէ նրանց գրանցված լինել-չլինելու հետ: Նրանք երկրաչափական պրոգրեսիայով
աճել են նաեւ այն պատճառով, որ եհովականներին չէին գրանցում: Շատ հնարավոր է, որ
80-ականներին լիներ 100 «Եհովայի վկա»: Տոտալիտար երկիր էր՝ չէին կարող լինել 18
հազար եհովականներ կամ բապտիստներ, քանի որ մարդիկ դատապարտվում էին բապտիստ կամ
հիսունական լինելու համար: Այսօր նրանց ոչ ոք չի դատապարտում, ուստի, բնականաբար,
շատանում են: Կարծում եմ՝ ժողովրդավարական Հայաստանում մարդիկ պիտի ունենան խղճի
ազատություն եւ քարոզեն այն: Վտանգը ոչ թե դա է, այլ խղճի չազատությունը: –
Երիտասարդական կազմակերպությունները սկսել են պայքարի տարբեր ձեւեր մշակել աղանդավորության
դեմ՝ մեկն առաջարկեց պիկետներ անել արդարադատության նախարարության դիմաց, մյուսը՝
երթով գնալ Սուրբ Սարգիս եւ մոմեր վառել: Ո՞ր միջոցն եք համարում առավել արդյունավետ:
– Եթե որեւէ կազմակերպության գրանցման առնչությամբ պիկետներ են անելու՝ պիտի
հրաժարվեինք Եվրախորհուրդ մտնելուց եւ պարտավորություններ ստանձնելուց: Մեր յուրահատուկ
«մենթալիտետի» համաձայն՝ պիտի շարունակե՞նք պնդել, թե ժողովրդավար ենք, ու չլինենք
ժողովրդավար, կամ ասենք, թե հպարտ ենք, սակայն լինենք վախկոտ եւ սողացող: Բայց
որ եկեղեցի են գնալու, թեկուզ երթով՝ արդեն իսկ լավ է: Զրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ