Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 21,2004 00:00

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ՄԱՆԿԱՏՈՒՆ Բայց այն նաեւ շարունակություն ունի «Առավոտը» գրել էր, որ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատունը ավանդաբար կազմակերպում է միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական հաստատությունների ֆուտբոլային բարեգործական մրցաշար, որից գոյացած հասույթն այս անգամ նախատեսել էր տրամադրել Նորքի մանկատան երեխաների համար սնունդ եւ տակդիրներ գնելուն: Մրցաշարի ավարտից մի քանի օր անց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին դ-ր. Հայկե Փայչը աշխատակիցներ, ֆուտբոլային թիմի ավագ Գագիկ Թումասյանի եւ Լուսինե Աճեմյանի հետ այցելեց մանկատուն եւ տնօրինությանը հանձնեց մոտ $500 արժողությամբ Nestle ֆիրմայի մանկական կեր եւ տակդիրներ: Այդ բարեգործության համար մանկատան երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին հանպատրաստից կազմակերպված երգ ու պարով: Դեսպանը ծանոթացավ մանկատանը երեխաների համար ստեղծված պայմաններին, հետաքրքրվեց, թե դաստիարակները, դայակները ինչպես են վերաբերվում մանուկներին ու իր գոհունակությունն արտահայտեց տնօրինության հոգատարությունից: Մեզ հետ զրուցելիս տիկին Հայկե Փայչը ասաց. «Մինչեւ ֆուտբոլային մրցաշարը կազմակերպելն ուսումնասիրել էինք Հայաստանում իսկապես աջակցության կարիք ունեցող հաստատությունները եւ մեր ընտրությունը կանգ էր առել այս մանկատան վրա, որտեղ ծնողական ջերմությունից զրկված երեխաներն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեն: Մենք նախապես գիտեինք, որ այստեղ շենքային պայմանները բարվոք են, դրա համար էլ որոշել էինք սնունդ ու տակդիրներ բերել: Սակայն հետագայում մեզ հայտնի դարձավ, որ Մալաթիա համայնքում կա մի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ, որտեղ երեխաները մնում են շենքային շատ վատ պայմաններում: Եվ որոշեցինք հասույթից բաժին հանել նաեւ նրանց: Առջեւում ձմեռ է, իսկ այդ գիշերօթիկում ապակիներ չկան: Քանի դեռ եղանակները տաք են, ապրել ու քնել կարելի է: Բայց ձմեռը հեռու չէ: Մեր աշխատակիցները եղել են տեղում, տեսել, թե առաջնային ինչի կարիք կա, ու արդեն ձեռնամուխ են եղել ապակիների ձեռքբերմանը: Ընդհանուր գումարը կկազմի շուրջ $1500: Մինչեւ ցրտերն ընկնելը ջերմամեկուսացման աշխատանքներն անպայման կավարտենք ու, հնարավոր է նաեւ, որ որոշ քանակությամբ հեղուկ վառելիքով էլ ապահովենք»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել