Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թեեւ

Հոկտեմբեր 21,2004 00:00

«Թեեւ ծնվել եմ Ֆրանսիայում, բայց Հայաստանն է իմ երկիրը» Հավաստիացնում է ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) ջութակահարը հանդես կգա Պրոկոֆեւի Ջութակի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտի մեկնաբանմամբ: Երեւանի պետկոնսերվատորիայում (1954-58թթ.)՝ պրոֆեսոր Կ. Դոմբաեւի, այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Դ. Օյստրախի դասարաններում ուսումնառության տարիներին մասնակցելով Պ. Չայկովսկու, Մ. Լոնգի եւ Ժ. Տիբոյի, Ելիզաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթներին, Ժ. Տեր-Մերկերյանը, համերգային գործունեությանը զուգահեռ՝ 1964-81թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1971-ին եւ 1977-ին նրան շնորհվել են ՀՀ ժողովրդական արտիստի եւ պետական մրցանակի դափնեկրի կոչումներ: Իսկ 1981թ. նա տեղափոխվում է իր ծննդավայր Ֆրանսիա: Տեղափոխվելու շարժառիթների մասին մեր հետաքրքրությանը անվանի ջութակահարը հրաժարվեց տալ սպառիչ պատասխան, ասելով. «Ուզում եմ պահպանել միայն լավ հիշողություններ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ընթանում նրա բեմական կյանքը: Ջութակահարը չդժգոհեց, տեղեկացնելով, որ մենահամերգներով մշտապես հանդես է գալիս եվրոպական երկրներում. «Մեծ սիրով Հայաստան էլ եմ գալիս: Վերջին անգամ երկու տարի առաջ էի այստեղ եւ արդեն ունեմ հրավեր 2005-ին Հայաստանում անցկացվելիք Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի կազմում աշխատելու»: Մեր հարցին՝ «Ի՞նչը կուզեիք փոխվեր Հայաստանում կամ ինչը ներմուծվեր Եվրոպայից», Ժ. Տեր-Մերկերյանը անկեղծացավ, ասելով. «Այսօր ես անհարմար եմ զգում խոսել այդ մասին, որովհետեւ գնացել եմ հայրենիքիցս եւ ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանություններ անել, թեեւ շատ բարի ցանկություններ ունեմ: Անընդհատ ուրախանում եմ ժողովրդիս, հայրենիքիս հաջողություններով ու հակառակը՝ ցավում անհաջողությունների համար»: Ջութակահարը նկատեց, որ այսօր լավի հետ Հայաստան են մուտք գործել նաեւ միանշանակ անթույլատրելի երեւույթներ: Խոսելով աղանդների՝ եհովականների, մորմոնների եւ այլ ուղղությունների՝ Հայաստանում ազատ գործունեության մասին, նա չի կարողանում ընդունել, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում կարելի է աչք փակել դրա առաջ: Մեր դիտարկմանը, թե սփյուռքահայ որոշ արվեստագետների նման ինքն է՞լ է սպասում այն լավ ժամանակներին, որպեսզի ընդմիշտ վերադառնա Հայաստան, Ժ. Տեր-Մերկերյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Եթե ամբողջ Սփյուռքը գա Հայաստան, ինչպե՞ս ենք տեղավորվելու: Կարեւորը՝ հայաստանցիների վիճակը լավանա»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել