ՍԽԱԼ ՍԵՐ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն 15-16 տարվա պատմություն ունի Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը հռչակվել եւ ապրել է այս հակամարտության պայմաններում, որը բերեց պատերազմ (ու դեռ կարող է բերել), շրջափակում եւ փախստականներ: Մի ամբողջ սերունդ ծնվել, մեծացել ու դաստիարակվել է այս պայմաններում՝ պատկերացում անգամ չունենալով, որ հնարավոր է ապրել չշրջափակված ու առանց պատերազմի: Այս երերուն խաղաղությունը, որը ոչ թե պատերազմի ավարտի, այլ զինադադարի արդյունք է, մարդկանց կողմից դիտարկվում է որպես պարգեւ: Արդեն երկար ժամանակ Հարավային Կովկասի ժողովուրդներն ազգամիջյան պատերազմների պատանդ են: Պատերազմների, որոնք հնարավորություն չեն տալիս օգտվել 21-րդ դարի ընձեռած հնարավորություններից: Եվ մինչ աշխարհը զարգանում է, ինտեգրվում, լուծում ապագային միտված հարցեր, մենք ծանրաբեռ՝ միջնադարյան խնդիրներով, անընդհատ իրար խանգարելով ետ ենք մնում ժամանակից: Սովորություն ունենք առիթով կամ անառիթ հայտարարելու, թե Եվրոպայի մաս ենք, որ մեր մտածողությունը եւ աշխարհընկալումը եվրոպական են, բայց կյանքը ցույց է տալիս, որ եւ անցյալում, եւ այսօր անհուսորեն ետ ենք մնացել եվրոպական զարգացումներից: Այսօր նրանց առաջ քաշած արժեքները մեզ համար խորթ են եւ անընդունելի: 20-րդ դարը Եվրոպայի համար կարեւորվեց նրանով, որ հանրագումարի բերելով անցյալի ողջ փորձը՝ մարդու իրավունքները հռչակվեցին ընթացիկ քաղաքականության հիմք, իսկ մարդը՝ բարձրագույն արժեք: Այս չափանիշներով հանդես եկող Եվրոպան հակադրվում էր Արեւելքին, եւ այդ հակադրության ընթացքում մենք Արեւելքի մաս էինք կազմում: Անկախ Հանրապետության հռչակումով հայտարարեցինք, թե որդեգրում ենք եվրոպական արժեքներ, սակայն 20-րդ դարը փակեցինք մարդու իրավունքների համատարած խախտումներով, կյանքի իրավունքի դեմ ուղղված ոտնձգություններով, հարեւան ժողովրդի հետ փոխադարձ ատելությամբ ու պատերազմով: Վերջին հաշվով, մենք շարունակեցինք մնալ ոչ միայն եվրոպական արժեքներից դուրս, այլեւ այդ արժեքների դեմ պայքարողների ճամբարում: 21-րդ դարում, որպես առաջանցիկ քայլ, Եվրոպան առաջարկում եւ իրականացնում է գլոբալացման եւ ինտեգրացման գաղափարները: Եվրոպան դառնում է ազատ ժողովուրդների եւ ժողովրդավարական երկրների կամավոր միություն, ուր հաշվի են առնվում բոլորի շահերը, անվերապահորեն հարգվում են մարդու իրավունքները եւ ուր տեղ չկա ազգայնականության եւ պատմական արդարության վերականգնման գաղափարների համար, քանի որ սրանք (ինչքան էլ մեզ համար անցանկալի է) անշեղորեն բերում են հակամարտության, պատերազմի ու քաոսի: Աշխարհը միշտ էլ երկբեւեռ է եղել: Երկբեւեռ է եւ այսօր: Երեկ բեւեռներում իրար դեմ եվրոպական արժեքներն ու կոմունիստական գաղափարներն էին: Այսօր մի բեւեռում ասիական հետադիմությունն է՝ իր պատրիարխալ մտածողությամբ, արմատականությամբ, ահաբեկչությամբ, կայսերապաշտությամբ, ուր ազատ մտածող մարդը տեղ չունի, իսկ մյուս բեւեռում ազատ աշխարհն է: Մենք պարտավոր ենք կատարել մեր ընտրությունը, ու որեւէ մեկը մեզ թույլ չի տա երկակի խաղ խաղալ, լինել կոմպլեմենտարիստ: Այսօր իսկական պատերազմ է մղվում, եւ այդ պատերազմում ազատ աշխարհը պաշտպանվում է՝ պաշտպանելով դարերի իր ձեռքբերումն ու իր ապագան: Եվ ով նրա հետ չէ՝ օգնում է մյուս բեւեռին: Մենք կամ ամբողջությամբ ենք ընդունում, կամ չենք ընդունում եվրոպական արժեքները, կիսատ ընդունել, խոստանալ, բայց չընդունել, այլ մտածողություն, այլ մենթալիտետ չկա: Եթե մենթալիտետդ այլ է, ուրեմն այլ, ոչ եվրոպական աշխարհից ես, օտար ես այդ քաղաքակրթությանն ու դրա ձեռքբերումներից չես կարող օգտվել: Դրանք էլ, իրենց հերթին, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, քեզ ծառայել չեն կարող: Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ մերժելով կամ չընդունելով առաջադեմ եւ հումանիտար գաղափարները՝ միայն տուժել ենք: Օսմանյան կայսրության քայքայումը նրա լծի տակ եղած պետականության ձգտում ունեցող բոլոր ժողովուրդներին էլ անկախություն բերեց, բացի հայ ժողովրդից, որովհետեւ մեր պայքարը ոչ թե հանուն Հայաստանի անկախության ու լինելության էր, այլ ընդդեմ Թուրքիայի ու թուրքերի՝ հօգուտ, կոնկրետ դեպքում, Ռուսաստանի: Արդյունքում ոչ միայն Հայաստանը անկախություն չստացավ, այլեւ տեղի ունեցավ եղեռն, եւ մեկընդմիշտ կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արեւմտյան Հայաստանը: Ատելության վրա հիմնված գործունեությունը միայն պարտության կարող էր հանգեցնել եւ հանգեցրեց: Այսօր էլ մենք մեր կյանքը շարունակում ենք պայմանավորել մեր հարեւանների նկատմամբ ունեցած թշնամանքով, որը մեզ բերում է մեկուսացում, հետընթաց եւ անխուսափելի պարտություն ու պարտություններ: Բայց չէ՞ որ մեր պապերը այսպես արդեն սիրել են մեր հայրենիքը: Մի քանի հարյուրամյակ մեր պապերը ճիշտ այս կերպ եւ այս սիրով սիրել են Հայաստանը, որի արդյունքում մի հսկա եւ ծաղկուն հայրենիքից մեզ ժառանգել են մի քարքարոտ ու փոքրիկ կտոր: Մեր պապերը, ճիշտ այսպիսի մտածողության արդյունքում, ինչպիսին այսօր դրսեւորում ենք մենք, որն սկսվում է գավառական հայրենասիրությունից, հարեւանների նկատմամբ ատելությունից եւ ապագային միտված խնդիրներ առաջ քաշելու անկարողությունից մինչեւ վերին աստիճանի անպատասխանատվություն, մեզ թողել են միայն պարտություններ, անուղղելի սխալներ եւ բարոյական հաղթանակների մասին սնամեջ միֆեր, որոնց գերին ենք դարձել մենք այսօր: Այդպես էլ չենք կարողանում դասեր քաղել, զգաստանալ, քննադատորեն նայել մեր պատմությանը, ձերբազատվել կաղապարներից եւ առանց անցյալի ավելորդ բեռի ու խանգարող կաղապարների հայտնվել 21-րդ դարում, որը բերում է նոր գաղափարներ, հիմնախնդիրների լուծման նոր տարբերակներ: Պարտադիր չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի 18 կամ 19-րդ դարերին բնորոշ տարբերակներով, երբ կարեւոր էր թե աշխարհագրական որ կետում է ծածանվում դրոշդ եւ այդ տեղով էլ անցնում էր սահմանդ: Այս եւ հարավկովկասյան մյուս հիմնախնդիրները կարող են եւ պետք է լուծվեն մեր ժամանակների ոգով: Մենք երկուստեք պետք է կարողանանք հարցին նայել հակառակորդի տեսակետից, պետք է մեր գործողությունները միտված լինեն խաղաղությանը եւ մեր ապագան պետք է դիտարկենք ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Ցանկացած սահման եւ ցանկացած խաղաղության պայմանագիր, որն ամրագրում է որեւէ աշխարհագրական բաժանում նոր սահմանով, ապագա պատերազմի նախապայման է: Այս նոր ժամանակներում սահմաններն սկսում են կորցնել իրենց արժեքը, դրանք դառնում են թափանցիկ կամ իսպառ ջնջվում: Խնդիրների, հատկապես տարածքային, լուծման լավագույն տարբերակները դառնում են ինտեգրացման եւ գլոբալացման պրոցեսները: Այն ժողովուրդները, ովքեր եվրոպացիների պես կորդեգրեն այս սկզբունքները, զերծ կմնան տարածքային խնդիրներից եւ այդ հողի վրա ծագող պատերազմներից: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները շահած դուրս կգան, եթե գրկաբաց ընդունեն 21-րդ դարի առաջարկները, առավել եւս, որ այս երկու ժողովուրդներն իրենց պատմությամբ ցույց են տվել, որ կարող են խաղաղ գոյակցել, եթե չեն ենթարկվում տարաբնույթ շահախնդիր ուժերի սադրանքներին: Ղարաբաղյան հիմնախնդիրը իրական լուծման մեկ ճանապարհ ունի. դա ինտեգրացիան է, որին պետք է գնան երկու ազատագրված եւ դեմոկրատական արժեքներով առաջնորդվող ժողովուրդները, թեկուզ միայն այն պատճառով, որ համակեցությունը եւ խաղաղությունը այլընտրանք չունեն կամ, որ դրանց այլընտրանքը՝ պատերազմը, մեր ժողովուրդներին ոչ մի լավ բան չի խոստանում: Այն բոլոր ռազմատենչ հայտարարությունները, որ հնչում են պաշտոնական Բաքվից ու Երեւանից, ծառայում են միայն մեր երկրներում գործող ոչ ժողովրդավար իշխանությունների իշխանության երկարաձգմանը եւ ոչ մի ընդհանուր բան չունեն երկու հարեւան ժողովուրդների խաղաղ ու բարգավաճ ապրելու երազանքի հետ: ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ