Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմկուսն

Հոկտեմբեր 21,2004 00:00

Կոմկուսն էլ խառնվեց Զյուգանովը կբացի՞ «Վերին Լարսը» Մինչ ՀՀ կոմունիստական կուսակցության շրջկոմները եւ քաղկոմները կոմկուսի առաջին քարտուղարին անվստահություն հայտնելու գործերով են զբաղված, ընկեր Թովմասյանը պետական նշանակության հարցեր է փորձում լուծել: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ՀԿԿ կենտրոնական կոմիտեն դիմել է ԱԺ նախագահին՝ դատապարտելով «հայկական զինուժի հիսուն հոգանոց խումբն Իրաք գործուղելու վերաբերյալ քննարկումները»: «Հայաստանը ներքաշվում է միջազգային սադրանքների հորձանուտը եւ վտանգում է ամբողջ Սփյուռքի կյանքն ու գործունեությունը: ՀԿԿ կենտկոմը դատապարտում է Իրաքի անմեղ ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած անմարդկային պատերազմը եւ կոչ է անում ԱԺ-ին՝ մերժելու Հայաստանի իշխանությունների այդ անհեռատես եւ որոգայթներով հղի որոշումը»,- գրված է դիմումում: Ի դեպ, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ՀԿԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին: Իսկ մինչ այդ ՀԿԿ-ն՝ ի դեմս ընկեր Թովմասյանի, ջանքեր է գործադրել նպաստելու Վերին Լարս սահմանակետում առաջացած խնդրի լուծմանը: Դիմել են ընկեր Զյուգանովին, նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Ի թիվս այդ սահմանակետի փակման արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների, հայ կոմունիստները եղբայրական ռուսներին տեղեկացնում են, որ «վերջին իրադարձությունները որոշ քաղաքական ուժեր օգտագործում են հակառուսական հիստերիաներ բորբոքելու համար: Նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն իրեն սպառել է եւ Արեւմուտքում պետք է նոր համախոհներ փնտրել»: Ուստի հայ կոմունիստները ՌԴ իշխանություններին կոչ են անում ամեն ինչ անել, որ արեւմտամետ ուժերի այդօրինակ խաղերը սեպ չխրեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության միջեւ: Ի նշան համերաշխության, ՌԴ նախագահին եւ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարին է դիմել նաեւ Կոմունիստական կուսակցությունների միության ղեկավարի առաջին տեղակալ Ե. Կոպիշեւը: Նա ռուս այրերին հավելյալ տեղեկացրել է, որ ՀԿԿ-ն միակ կազմակերպությունն է, որն ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստան-Բելառուսին միանալու համար: Նկատի ունենալով նաեւ այդ հանգամանքը՝ ռուս կոմունիստներն էլ են իրենց իշխանություններից ակնկալում «ըմբռնում եւ անհապաղ միջոցների կիրառում»: Կոմունիստական այս ըմբոստության վերջին ակորդը Վրաստանի ազգային հայրենասիրական ուժերի (ըստ էության՝ կոմունիստական) բարձրագույն խորհրդի դիմումն է վրաց իշխանություններին՝ «Մեծ, անմոռանալի ամոթ» վերնագրով: Նույնքան ամպագոռգոռ են նաեւ արտահայտված մտքերը: Ասենք՝ վրաց հայրենասերների տրամաբանությամբ. «Այսօրվա վրացական ազգայնական-ռեւանշիստական իշխանությունը ցուցադրեց իր անտեղյակությունը պետական սահմանների պահպանության ռեժիմի, պատասխանատվության եւ կարգուկանոնի պահպանման գործերում»: Խորհուրդը վրաց իշխանություններին շրջահայացության կոչ է անում եւ պահանջում է շտապ «ազատ արձակել Հայաստան գնացող անմեղ ուղեւորներին եւ դրանով վերջ դնել խայտառակությանը, որը ոչ վրաց ժողովրդի մեղքով ծանրացել է հենց ժողովրդի խղճին»: Ընդ որում, այս կազմակերպությունը «ահաբեկչության դրսեւորում» է որակում վրաց իշխանությունների կողմից նման վերաբերմունքը անմեղ մարդկանց նկատմամբ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել