Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼ

Հոկտեմբեր 21,2004 00:00

ԹՈՒՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ «ԻԶԻ» ԲԻԶՆԵՍ «Իզիների» վերալիցքավորման քարտի գնման դեպքում հաճախորդներին համապատասխան փաստաթուղթ չի տրվում: Այդ թվում՝ հիմնարկ-ձեռնարկություններին: Իրավաբանական անձանց համար դա կարեւոր է հաշվապահական ձեւակերպումների առումով. գնումը հիմնավորող փաստաթղթով տնտեսվարողը ծախս է ցույց տալիս՝ խուսափելով չհիմնավորված հարկային պարտավորություններից: Թեեւ անհատների դեպքում էլ այդպիսի փաստաթուղթը չէր խանգարի: Առայժմ միայն մեկ դեպք է եղել, սակայն անորակ քարտի պարագայում գնորդը որեւէ փոխհատուցման իրավունք չունի. ինչպե՞ս պետք է հիմնավորի, որ այդ քարտն ինքն է գնել, ոչ թե փողոցից է գտել: Բայց սա երկրորդական խնդիր է՝ համեմատած ընդհանրապես վերալիցքավորման քարտերի շրջանառության վերահսկելիության խնդրի հետ: Մի հիմնարկի աշխատակից «իզի» քարտի մի քանի վաճառակետերից, ինչպես նաեւ բաժանորդային բաժիններից այդպիսի փաստաթուղթ ձեռք բերելու անօգուտ փորձեր արեց: Ստացածը, պարզվեց, հաշվապահական հիմնավորման տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող մի թուղթ էր: Իրականում հաշիվ-ապրանքագիր է անհրաժեշտ «ԱրմենՏելից», որը, վաճառակետերի աշխատակիցների տեղեկացմամբ՝ «ոչ ոք չի տա»: Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) դիրքորոշումն այն է, որ «անկախ փաստաթղթավորումից, կատարված ծախսերը պետք է անհրաժեշտ (երեւի բավարա՞ր- Ա. Ու.) լինեն հիմնավորման համար»: Սակայն այս դիրքորոշումը հարկային տեսչություն ներկայացվող եռամսյակային բալանսում չես ընդգրկի: Իսկ իրականում հարկայինն այդ ծախսերը հիմնավոր է համարում, եթե «փաստացի ծառայության մատուցման վերաբերյալ առկա է սկզբնական փաստաթուղթ»: Ստացվում է, որ «ԱրմենՏելը» որքան ուզի վերալիցքավորման քարտ կթողարկի, որքան ուզի՝ փաստաթղթերում ցույց կտա (ձեռնտու է շատ թողարկել, քիչ ցույց տալ), միեւնույն է՝ պետությունն ստուգելու հնարավորություն չունի: Որովհետեւ ժամանակին չի հստակեցրել դրա մեխանիզմը: «Առավոտի» հարցին, թե այս դեպքում հարկային մարմինների հետ ինչպե՞ս են կարգավորվում գումարային հարաբերությունները, «ԱրմենՏելի» լրատվական ծառայության ղեկավարը հայտնեց, որ ժամանակին ՀՊԾ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դա ձեւակերպվում է որպես ծառայություն եւ վերալիցքավորման քարտի արժեքի մեջ ներառված է նաեւ 20 տոկոս Ավելացված արժեքի հարկը: Հաշվի առնելով, որ «ԱրմենՏելը» մեր տնտեսության ամենախոշոր հարկատուն է եւ շատ կարգապահ հարկատու է, չենք բացառում, որ ստվերային հատված չունենա: Բայց այդ հարցում վստահ լինելու համար Հարկային պետական ծառայությունն առնվազն պետք է վստահ լիներ: Իսկ դրա համար պետք է իր տեսադաշտում կարողանար պահել այդ քարտերի շրջանառությունը: Իսկ դա փոքր թիվ չի կազմում՝ անգամ ամենասեղմ հաշվարկներով՝ երեկվա դրությամբ ակտիվացված էր 129 597 «իզի» քարտ: Դրանք ամենաքիչը ամսական վերալիցքավորվում են ավելի քան 323 միլիոն դրամով: Փաստորեն, Հարկային պետական ծառայությունը անվերահսկելի է թողնում մի ողջ շրջանառություն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆՀ. Գ. Ի դեպ, չնայած «ԱրմենՏելից» հավաստիացրին, որ իրենց ԱՀԿ-ներում (ATC) պատրաստ են պահանջի դեպքում փաստաթուղթ տրամադրել, երեկ ԱՀԿ-ում դարձյալ հրաժարվեցին դա անել: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խնդրում որեւէ հստակություն այդպես էլ չմտցվեց, Հարկային պետական ծառայությունից եւ «ԱրմենՏելից» ակնկալում ենք ավելի կոնկրետ պատասխան, թե տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ումի՞ց եւ ի՞նչ փաստաթուղթ պետք է ստանան, որպեսզի դա հաշվապահական ձեւակերպումների հիմք հանդիսանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել