Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-բելառուսական զուգահեռներ

Հոկտեմբեր 21,2004 00:00

Հայ-բելառուսական զուգահեռներ Ապրիլի 12-ի լույս 13-ի երեւանյան գիշերը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան կրկնվեց Մինսկում: Ընթերցելով լրատվական գործակալությունների հաղորդումները երեքշաբթի գիշերը Մինսկում ծավալված իրադարձությունների մասին՝ կարող ես «դե-ժավյու» ապրել, քանի որ կատարվածը գրեթե լիովին համընկնում է այն ամենին, ինչ կատարվել էր ապրիլին մեր Բաղրամյան պողոտայում: Համեմատեք ինքներդ՝ քվեարկության արդյունքներից դժգոհ ընդդիմությունը կազմակերպել էր, ըստ Բելառուսի իրավապահ մարմինների՝ «չարտոնված հանրահավաք»: Հավաքվել էին, ըստ ականատեսների՝ 3000-ից ոչ պակաս, իսկ ըստ ՆԳՆ-ի՝ 900-ից ոչ ավելի ցուցարարներ: Նրանք կարգախոսներ էին տանում՝ «Ամո՛թ», «Ո՛չ բռնապետությանը», եւ վանկարկում հականախագահական կոչեր: Ցուցարարները պատրաստվում էին ի նշան բողոքի փողոցում անցկացնել գիշերը: Սակայն կեսգիշերին Մինսկի գլխավոր պողոտայում երգող ցուցարարներին, որոնք ուղեւորվում էին դեպի Լուկաշենկոյի նստավայր, խոչընդոտեցին շուրջ 10 բեռնատարներ՝ լեցուն ՄՀՕՋ-ի զինվորներով: Հետո ոստիկաններն արդարացան, թե ցուցարարները խոչընդոտում էին երթեւեկությունը, իրենց ագրեսիվ դրսեւորում, չէին ենթարկվում ցրվելու հրահանգներին եւ հենց իրենք էլ հրահրեցին բախումը: Սակայն գլխավոր տարբերությունն է՝ բելառուս ոստիկանները չեն կիրառել ո՛չ ջրանետներ, ո՛չ էլեկտրաշոկեր, ո՛չ պայթուցիկներ: Փոխարենը նրանք գործադրել են մահակներ ու ֆիզիկական ուժ: Եվ ծեծի հետեւանքով բազմաթիվ ընդդիմադիրներ հայտնվել են հիվանդանոցում: Ընդ որում, հիվանդանոցում է նաեւ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Ալեքսանդր Լեբեդկոն՝ ջարդել են նրա կողերը, գլուխը, խփել երիկամներին: Հարձակումներ են եղել նաեւ կատարվածը լուսաբանած լրագրողների վրա՝ տուժել են «Associated Press»-ի, «Ազատության», PEH-TB-ի եւ HTB-ի լրագրողները: Վերջինիս երկու թղթակիցներին ոչ միայն գետնին գցած դաժան ծեծի են ենթարկել, այլ նաեւ ջարդել HTB-ի տեսախցիկը: Նշենք նաեւ, որ Բելառուսի ԿԳԲ-ն արդեն իսկ ձերբակալել է ԱՄՆ մի քաղաքացու, որին մեղադրում են ընդդիմադիր կազմակերպությունների ֆինանսավորման առնչությամբ: Շուրջ 50 հոգի ձերբակալվել է եւ դատարանները նրանց արժանացրել են 3-15-օրյա վարչական կալանքների կամ դրամական տույժերի: Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել «Զանգվածային միջոցառումների մասին» օրենքը խախտելու մեջ: Կալանավորվածների մեջ են նաեւ ընդդիմության 3 առաջնորդներ: Այս ամենից հետո բելառուսական միացյալ ընդդիմությունը հայտարարեց, թե հրաժարվում է հանրահավաքների անցկացումից, քանի որ այդ ձեւով պատրաստ չեն փոխել գործող վարչակարգը, եւ անցնում են «իշխանության դեմ պայքարի նոր ռազմավարության»: Սակայն ընդդիմության երիտասարդական թեւի ներկայացուցիչները հայտարարել են, թե շարունակելու են հանրահավաքները: Պատկերի լիակատար նմանությունն ամբողջացնելու համար նշենք, որ միջազգային կառույցներն արդեն իսկ հանդես են եկել կատարվածը դատապարտող եւ իրենց «խորը» մտահոգությունն արտահայտող հայտարարություններով: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել