Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.

Հոկտեմբեր 21,2004 00:00

Ա. ԱՐՇԱԿՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՀՀ-Ն ԻՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՈՒՆԵՆԱ Որովհետեւ Լուկաշենկոն ոչ թե գող է, այլ՝ ազգի հայր ՀՀ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, որն անցած կիրակի որպես դիտորդ հետեւել էր Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների եւ հանրաքվեի անցկացմանը, համաձայն չէ այն գնահատականներին, որոնք տրվում են այդ ընտրություններին՝ «ոչ ժողովրդավարական» կամ «միջազգային չափանիշներին» չհամապատասխանող: «Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ակտիվ մասնակցությունը, որ կար ընտրությունների ժամանակ: Այդպիսի մասնակցություն մեր սերունդը հիշում է միայն 1990թ. մայիսի 20-ին ՀԽՍՀ ԳԽ պատգամավորի ընտրությունների ժամանակ: Ու թեեւ ձեր թերթում գրվել է, որ ընտրություններից 5 օր առաջ նախնական ընտրությունների ժամանակ արդեն 40 տոկոսը մասնակցել է ընտրություններին, ինչի առնչությամբ զարմանք էր արտահայտվել (զարմանքը ոչ թե մենք, այլ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանն էր հայտնել- Ն. Մ.), ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում նախնական ընտրություններ տեղի են ունենում ընտրություններից 2 շաբաթ առաջ, իսկ Գերմանիայում ու այլ երկրներում սահմանափակում չկա կանցլերին երրորդ անգամ առաջադրվելու հարցում: Բացի այդ, ժամկետից շուտ ընտրության մասնակիցների ընդհանուր տոկոսը ոչ թե 40, այլ 13.5 է: Այստեղ կարեւորը ժողովրդի կարծիքն է: Պետք էր տեսնել, թե այդ ժողովուրդն ինչ ակտիվությամբ էր գալիս ընտրության, եւ նոր միայն ենթադրություններ անել»,- հայտարարեց պարոն Արշակյանը: Վերջինս արձանագրեց, որ նրանք, ովքեր Բելառուսում կարծիք էին հայտնում, թե բելառուսական Սահմանադրությունը թույլ չի տալիս նման հարցադրում հանրաքվեի դնել, արեւմտյան գրանտներ ստացող 150 հոգի կիսաչափահաս մարդիկ են, ովքեր ընդդիմության անունից ցույցերի իմիտացիա են անում: «Իսկ ես ասում եմ՝ կեցցե այն երկիրը, որի Սահմանադրությունը ծառայում է ժողովրդին: Ես «Առավոտի» համար հատուկ ուզում եմ ասել, որ Բելառուսի Հանրապետությունում այսօր 5 անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, Մինսկում՝ 2 անգամ ավելի, քան Երեւանում, բայց այնտեղ ցուցարարներն ուղիղ հազար անգամ պակաս են եղել, քան Հայաստանում: Հայաստանում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են դուրս բերվել, փշալարերով շրջափակել են, պայթուցիկ փաթեթներ օգտագործել, բայց եվրոպաները ճանաչել են մեր ընտրությունների արդյունքները»,- ասաց Ա. Արշակյանը՝ հավելելով, որ Բելառուսում 150 ցուցարարների դեմ անգամ ոստիկանները չեն գնացել: «Այդ նրանք են հարձակվել ոստիկանության վրա, մինչդեռ ոստիկաններն անգամ մահակներ չեն ունեցել: Այնտեղ որեւէ մեկի գլխից մազ չի պոկվել: Ոստիկանությունն ընդամենը արգելափակել է նրանց ճանապարհը, երկու ոստիկան քաղաքավարի եկել, նստած ցուցարարների թեւերից բարձրացրել, տարել են, նստեցրել ավտոբուս: Սա է իրականությունը»,- հավաստիացրեց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա, այն, ինչ գրում է մեր մամուլն ու ցույց են տալիս ռուսական ԶԼՄ-ները, զզվելի է. «Կարծում եմ՝ Բելառուսում եղած մեր պատգամավորները պետք է հավաքվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ եւ նամակով դիմեն նրանց կամ ստիպեն ՀՀ ԱԳՆ-ին նոտա ներկայացնել՝ սիրելի Ռուսաստան, քո երկրի բոլոր դիտորդները ստորագրել են այն արձանագրության տակ, ըստ որի՝ Բելառուսում ընտրությունները հոյակապ են անցել, ավելի լավ, քան՝ Ռուսաստանում: Էս ի՞նչ է ցույց տալիս ՌԴ հանրային հեռուստատեսությունը, ինչո՞ւ է նա այդքան ծախված եւ ո՞ւմ: Այդ Ռուսաստանը, թույլ տվեք ասեմ, նաեւ մերն է, բայց թող նման բաներ չանի եւ բելառուսներին իզուր տեղը պոզ ու պոչ չկպցնի»: Նշանակո՞ւմ է, արդյոք, որ ԵԱՀԿ գնահատականը նաեւ ՀՀ ընտրությունների առնչությամբ սուբյեկտիվ էր՝ պայմանավորված որոշակի շահերով, ուստիեւ՝ վստահություն չներշնչող: «Իհարկե, որովհետեւ մենք ԵԱՀԿ-ների, եվրոպաների պահանջները ապուշի նման կատարել ենք՝ Եհովաներին ու տոտալիտար աղանդներին գրանցել ենք, արվամոլներին ազատություն ենք տվել, «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքն ընդունել ենք: Նրանց գնահատականները քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված գնահատականներ են եղել եւ Հայաստանում, եւ Բելառուսում: Այստեղ ամոթ է նույնիսկ խոսել երկակի կամ եռակի ստանդարտների մասին: Երբեք մեր եւ բելառուսների ընտրություններին նույն գնահատականը տալ չի կարելի, թեեւ ԵԱՀԿ դիտորդները, ըստ էության, նույն գնահատականն են տվել»: Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր երրորդ ժամկետում առաջադրվելու իր ցանկության մասին: Հանրաքվեի արդյունքում նա ստացավ, արդեն պաշտոնապես, 80 տոկոս աջակցություն: Այդ թիվը կասկած չի՞ հարուցում: Նման բարձր ցուցանիշները, սովորության համաձայն, համեմատելի են միայն Թուրքմենստանում արձանագրվող ցուցանիշների հետ: «Բացարձակապես՝ ոչ: Դա նշանակում է, որ Լուկաշենկոն տիրապետում է իր երկրում առկա իրավիճակին եւ, իհարկե, վստահ էր, որ նման աջակցություն է ստանալու: Նա միակ ազգային հայրն է հետխորհրդային պետությունների մեջ, որն իր ժողովրդին հասկանում եւ սիրում է»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ա. Արշակյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել