Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թեեւ ծնվել եմ Ֆրանսիայում, բայց Հայաստանն է
իմ երկիրը»

Հոկտեմբեր 21,2004 00:00

Հավաստիացնում
է ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի
22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ռուբեն
Ասատրյան) ջութակահարը հանդես կգա Պրոկոֆեւի Ջութակի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտի
մեկնաբանմամբ: Երեւանի պետկոնսերվատորիայում (1954-58թթ.)՝ պրոֆեսոր Կ. Դոմբաեւի,
այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Դ. Օյստրախի դասարաններում ուսումնառության
տարիներին մասնակցելով Պ. Չայկովսկու, Մ. Լոնգի եւ Ժ. Տիբոյի, Ելիզաբեթ թագուհու
անվան միջազգային մրցույթներին, Ժ. Տեր-Մերկերյանը, համերգային գործունեությանը զուգահեռ՝
1964-81թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1971-ին եւ 1977-ին նրան շնորհվել
են ՀՀ ժողովրդական արտիստի եւ պետական մրցանակի դափնեկրի կոչումներ: Իսկ 1981թ. նա
տեղափոխվում է իր ծննդավայր Ֆրանսիա: Տեղափոխվելու շարժառիթների մասին մեր հետաքրքրությանը
անվանի ջութակահարը հրաժարվեց տալ սպառիչ պատասխան, ասելով. «Ուզում եմ պահպանել
միայն լավ հիշողություններ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ընթանում նրա
բեմական կյանքը: Ջութակահարը չդժգոհեց, տեղեկացնելով, որ մենահամերգներով մշտապես
հանդես է գալիս եվրոպական երկրներում. «Մեծ սիրով Հայաստան էլ եմ գալիս: Վերջին անգամ
երկու տարի առաջ էի այստեղ եւ արդեն ունեմ հրավեր 2005-ին Հայաստանում անցկացվելիք
Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի կազմում աշխատելու»:
Մեր հարցին՝ «Ի՞նչը կուզեիք փոխվեր Հայաստանում կամ ինչը ներմուծվեր Եվրոպայից»,
Ժ. Տեր-Մերկերյանը անկեղծացավ, ասելով. «Այսօր ես անհարմար եմ զգում խոսել այդ մասին,
որովհետեւ գնացել եմ հայրենիքիցս եւ ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանություններ
անել, թեեւ շատ բարի ցանկություններ ունեմ: Անընդհատ ուրախանում եմ ժողովրդիս, հայրենիքիս
հաջողություններով ու հակառակը՝ ցավում անհաջողությունների համար»: Ջութակահարը նկատեց,
որ այսօր լավի հետ Հայաստան են մուտք գործել նաեւ միանշանակ անթույլատրելի երեւույթներ:
Խոսելով աղանդների՝ եհովականների, մորմոնների եւ այլ ուղղությունների՝ Հայաստանում
ազատ գործունեության մասին, նա չի կարողանում ընդունել, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն
ընդունած երկրում կարելի է աչք փակել դրա առաջ: Մեր դիտարկմանը, թե սփյուռքահայ
որոշ արվեստագետների նման ինքն է՞լ է սպասում այն լավ ժամանակներին, որպեսզի ընդմիշտ
վերադառնա Հայաստան, Ժ. Տեր-Մերկերյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Եթե ամբողջ Սփյուռքը
գա Հայաստան, ինչպե՞ս ենք տեղավորվելու: Կարեւորը՝ հայաստանցիների վիճակը լավանա»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել