Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԻ ԱԶԱՏ ՀԱՂՈՐԴՄԱՆ»

Հոկտեմբեր 21,2004 00:00

Կարծում
է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Պետրոս Ղազարյանը – Ինչո՞ւ դադարեց
հեռարձակվել «Ազատություն» հաղորդումը: Ո՞ւմ որոշմամբ: – «Ազատությունը» չհեռարձակելու
որոշումը իմ եւ «Կենտրոնի» սեփականատիրոջ որոշումն էր: Բոլորը միանգամից դա վերագրեցին
քաղաքականությանը: Ինձ համար սա նախ կոմերցիոն խնդիր է: Ես պայմանավորվածություններ
ունեմ եւ չեմ կարող մանրամասն ներկայացնել բոլոր նրբությունները, որովհետեւ եթե ես
մեկի հետ խախտեմ կոմերցիոն պայմանավորվածությունները (խոսքը տվյալ դեպքում«Ազատություն»
ռադիոկայանի ներկայացուցչի մասին է), անվստահություն ձեռք կբերեմ մնացածի մոտ: –
Այսինքն՝ որեւէ քաղաքական ճնշում չկա՞ր: – Արդեն ասացի, որ պատճառը ֆինանսական
էր: Բայց կցանկանայի խոսել մեր լրագրողական կազմակերպությունների մասին, որոնք պահանջատերի
դիրքերում են: Ինձ հետաքրքիր է, այդ կազմակերպությունները հաշվարկե՞լ են՝ եթե որեւէ
հեռուստաընկերություն որեւէ կողմից ճնշումների ենթարկվի, իրենք պատրա՞ստ են պաշտպանել:
Ունե՞ն այդքան հեղինակություն եւ ազդեցություն, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ
ինչ-որ բան պահանջել հեռուստաընկերություններից: Եթե չեն կարող որեւէ լրագրողի, որեւէ
հաղորդման, որեւէ TV-ի օգնել, ապա ինչո՞ւ են ուզում, որ այդ TV-ն իրենց տա այն, ինչ
իրենք են ուզում: Նույնը՝ քաղաքացին: Ասում է՝ տուր մեզ ազատ լրատվություն: Լրատվության
ազատությունն ուղիղ այնքան է լինելու, ինչքան քաղաքացին պատրաստ է պայքարել հանուն
դրա: Մեր քաղաքացին պատրաստ չի ազատ հաղորդման: Որովհետեւ այդ դեպքում ինքն իր մասին
շատ հարցականներ է լսելու: Մեր հասարակությունը ավելի առաջադեմ չի, քան մեր իշխանությունները:
Իսկ որոշ հարցերում անգամ ավելի ռեգրեսիվ է: Օրինակ, իշխանությունները մահապատժի
վերացման, միասեռականների, Եհովայի վկաների հարցում ավելի առաջադեմ են, քան հասարակությունը:
– Վերադառնանք փակված հաղորդումներին: Գուցե ճիշտն ընդհանրապես չսկսե՞լն է,
քան կիսատ թողնելը: Այս դեպքում խոսքս վերաբերում է Վահրամ Սահակյանի հաղորդմանը:
– Հիշենք ովքեր են քննադատվել այդ հաղորդման մեջ՝ պետավտոտեսուչները, աբստրակտ
չարագործները եւ վատ երգչուհիները: Մեղադրանքները, թե մի սարսափելի քննադատություն
էր իրականացվում, եւ ողջ աշխարհը մեզ սպառնաց, մենք էլ վախից փակեցինք՝ ծիծաղելի
են: Թե ինչու փակվեց՝ կարծում եմ, մի անգամ այդ հաղորդումը նայածներին պարզ է. կան
գեղարվեստական խնդիրներ: Իսկ սկսեցինք՝ հուսալով, որ կամաց-կամաց կշտկվի, հունի մեջ
կընկնի: Ավելին, ես իրեն ասում էի՝ ավելի սուր քննադատիր, բայց՝ կոռեկտ: Չստացվեց:
Այս աղմուկը զուտ շոու-բիզնես է: Ցավում եմ, որ այն թերթերը, որոնք գրում են, թե՝
«Ահա, փակվեց», իրենց կարծիքը չեն հայտնել այդ հաղորդման գեղարվեստական արժեքի մասին,
չնայած ինձ զանգում, ասում էին՝ էս ինչ զզվելի բան է: Իսկ փակելուց հետո սկսեցին
գրել խոսքի ազատությա՜ն, չգիտեմ ինչերի մասին: – Երբ Արամ Աբրահամյանը հրաժարական
տվեց «Առավոտ Թի Վի»-ի ղեկավարի պաշտոնից, հիմնական պատճառաբանությունը «սեփականատերերի
անլուրջ վերաբերմունքն էր՝ իրենց սեփականության նկատմամբ»: Հիմա փոխվե՞լ է այդ վերաբերմունքը:
– Չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ եղել, թե ինչ պայմանավորվածություններ
են ունեցել, եւ ոնց են դրանք կատարվել: Կարող եմ ասել, որ մեր պայմանավորվածությունները
փոխադարձ կատարվում են: – Որոշ թերթեր շատ ուշադիր հետեւում են, թե մյուս
լրատվամիջոցների ներսում ինչ է կատարվում: Եվ, մասնավորապես, հայտնաբերել են, որ
«Կենտրոնը» ղեկավարում եք ոչ թե դուք, այլ բոլորովին ուրիշ մարդիկ: Այդպե՞ս է: –
Վերջին անգամ այդ բովանդակությամբ տպված հոդվածը գրել էր մեկը, ում հաղորդումը փակվել
է մեր եթերում: Նրան այստեղ ոչ ոք չհիշեց, բացի մոնտաժնիկից: Եթե նման սարսափելի
բարձր ռեյտինգով հաղորդում էինք փակել, ապա մյուս ալիքները պիտի խլեին իրար ձեռքից:
Էլ ինչո՞ւ է դժգոհում: Ասում է, թե այստեղ բոլորն իրար անունով են դիմում, գուցե
մնացած լրատվամիջոցներում բոլորն իրար անուն-ազգանուն-հայրանունո՞վ են դիմում: Ասում
է՝ ուտում են դամբուլ: Այո, ուտում ենք, դամբուլ էլ ենք ուտում, խաղող էլ, շոկոլադ
էլ: Եթե մեկը դեմ է դրան, թող նստացույց անի, մենք կնկարենք, ցույց կտանք: Ասում
է՝ ռեժիսորի ասիստենտի աշխատավարձը $200 է: Կարելի էր ճշտել՝ ունե՞նք մենք ընդհանրապես
նման հաստիք, թե ոչ: Ես շատ ուրախ կլինեի, եթե մենք այնքան ֆինանսներ ունենայինք,
որ նման աշխատավարձով նման հաստիքներ պահեինք: Ասում են՝ որոշում ընդունողներն էսինչն
ու էնինչն են, բայց նաեւ գրում է. «Պետրոսն ասաց, որ հաղորդումը ինձ դուր չգա՝ հանելու
եմ»: Հակասություն կա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել