Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմկուսն էլ խառնվեց

Հոկտեմբեր 21,2004 00:00

Զյուգանովը
կբացի՞ «Վերին Լարսը» Մինչ ՀՀ կոմունիստական կուսակցության շրջկոմները եւ
քաղկոմները կոմկուսի առաջին քարտուղարին անվստահություն հայտնելու գործերով են զբաղված,
ընկեր Թովմասյանը պետական նշանակության հարցեր է փորձում լուծել: Երեկ «Առավոտի»
հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ՀԿԿ կենտրոնական կոմիտեն դիմել է ԱԺ նախագահին՝
դատապարտելով «հայկական զինուժի հիսուն հոգանոց խումբն Իրաք գործուղելու վերաբերյալ
քննարկումները»: «Հայաստանը ներքաշվում է միջազգային սադրանքների հորձանուտը եւ վտանգում
է ամբողջ Սփյուռքի կյանքն ու գործունեությունը: ՀԿԿ կենտկոմը դատապարտում է Իրաքի
անմեղ ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած անմարդկային պատերազմը եւ կոչ է անում ԱԺ-ին՝
մերժելու Հայաստանի իշխանությունների այդ անհեռատես եւ որոգայթներով հղի որոշումը»,-
գրված է դիմումում: Ի դեպ, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ՀԿԿ-ն կմասնակցի
հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին: Իսկ մինչ այդ ՀԿԿ-ն՝ ի դեմս ընկեր
Թովմասյանի, ջանքեր է գործադրել նպաստելու Վերին Լարս սահմանակետում առաջացած խնդրի
լուծմանը: Դիմել են ընկեր Զյուգանովին, նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:
Ի թիվս այդ սահմանակետի փակման արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների,
հայ կոմունիստները եղբայրական ռուսներին տեղեկացնում են, որ «վերջին իրադարձությունները
որոշ քաղաքական ուժեր օգտագործում են հակառուսական հիստերիաներ բորբոքելու համար:
Նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն
իրեն սպառել է եւ Արեւմուտքում պետք է նոր համախոհներ փնտրել»: Ուստի հայ կոմունիստները
ՌԴ իշխանություններին կոչ են անում ամեն ինչ անել, որ արեւմտամետ ուժերի այդօրինակ
խաղերը սեպ չխրեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության միջեւ: Ի նշան համերաշխության,
ՌԴ նախագահին եւ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարին է դիմել նաեւ Կոմունիստական
կուսակցությունների միության ղեկավարի առաջին տեղակալ Ե. Կոպիշեւը: Նա ռուս այրերին
հավելյալ տեղեկացրել է, որ ՀԿԿ-ն միակ կազմակերպությունն է, որն ակտիվ գործունեություն
է ծավալում Ռուսաստան-Բելառուսին միանալու համար: Նկատի ունենալով նաեւ այդ հանգամանքը՝
ռուս կոմունիստներն էլ են իրենց իշխանություններից ակնկալում «ըմբռնում եւ անհապաղ
միջոցների կիրառում»: Կոմունիստական այս ըմբոստության վերջին ակորդը Վրաստանի
ազգային հայրենասիրական ուժերի (ըստ էության՝ կոմունիստական) բարձրագույն խորհրդի
դիմումն է վրաց իշխանություններին՝ «Մեծ, անմոռանալի ամոթ» վերնագրով: Նույնքան ամպագոռգոռ
են նաեւ արտահայտված մտքերը: Ասենք՝ վրաց հայրենասերների տրամաբանությամբ. «Այսօրվա
վրացական ազգայնական-ռեւանշիստական իշխանությունը ցուցադրեց իր անտեղյակությունը
պետական սահմանների պահպանության ռեժիմի, պատասխանատվության եւ կարգուկանոնի պահպանման
գործերում»: Խորհուրդը վրաց իշխանություններին շրջահայացության կոչ է անում եւ պահանջում
է շտապ «ազատ արձակել Հայաստան գնացող անմեղ ուղեւորներին եւ դրանով վերջ դնել խայտառակությանը,
որը ոչ վրաց ժողովրդի մեղքով ծանրացել է հենց ժողովրդի խղճին»: Ընդ որում,
այս կազմակերպությունը «ահաբեկչության դրսեւորում» է որակում վրաց իշխանությունների
կողմից նման վերաբերմունքը անմեղ մարդկանց նկատմամբ: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել