Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴ ԵՎ ԱՆԱՍՈՒՆ ԻՐԱՐԻՑ ՋՈԿՎՈՒՄ ԵՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ»

Հոկտեմբեր 21,2004 00:00

Հրանտ
Մաթեւոսյանին է մեջբերում Արամ Սարգսյանը – Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում
ընդդիմության պահվածքն այս պահին։ Չե՞ք գտնում, որ ընդդիմության պասիվությունը ձեռնտու
է իշխանությանը։ Ի դեպ՝ վերջերս շատ է խոսվում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների
նորմալացման մասին։ Սա վերաբերում է ամբո՞ղջ ընդդիմությանը, թե՞ միայն մեկ թեւին։
– Ընդդիմությունը չունի այս ու այն պահի պահվածք։ Ընդդիմությունն ունի խնդիր
ու նպատակ, դրանք իրագործելու միջոցների ընտրություն։ Պասիվություն գնահատականին
ամենեւին համաձայն չեմ։ Ի՞նչն եք անվանում պասիվություն՝ խորհրդարանի բոյկո՞տը։ Դա
ունի բավարար բացատրված պատճառներ։ Առանց ընդդիմության՝ խորհրդարանի աշխատանքի փաստական
կազմալուծումը, երբ նիստերը դատարկ դահլիճում ու հազիվ երկու օր ձգվող օրակարգով
են վարվում, դժվար թե իշխանությանը ձեռնտու լինի։ Կամ էլ՝ ձեռնտու է իշխանության
մի թեւին միայն, իսկ երբ իշխանությունը սկսում է ինքն իր ներսում ընդդիմություն կամ
իր պատկերացմամբ՝ թշնամի որոնել ու գտնել, ու հիմա էլ նրանց դեմ պայքարել, դա բուն
իշխանության խնդիրն է։ Եվ դա էլ, հավատացնում եմ, ընդդիմությանը ձեռնտու չէ։ Միանշանակ՝
քաղաքական դաշտում բոլորը ելք են որոնում։ Եթե ընդդիմությունը ելքը իշխանափոխության
մեջ է տեսնում, իշխանությունը ջանում է ամրացնել ոտքի տակից փախչող հողը։ Տեսնում
եք, որ ընդդիմությանը գաղափարական ճգնաժամի մեջ մեղադրող իշխանությունն ինքը ոչ միայն
գաղափարական, այլեւ կառավարման ճգնաժամի մեջ է։ Իշխանափոխության պահանջ նույնիսկ
իշխանություններն ունեն, որ անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ թեժ չի ամառը, աշունը,
ձմեռը, գարունը… Իսկ որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները նորմալացել
են՝ ձեզնից եմ լսում։ – Ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում շատ են խոսում
այն մասին, որ ընդդիմությունը միայնակ ոչինչ չի կարող անել, որ հասարակությունն ամբողջությամբ
պետք է ոտքի կանգնի, իսկ հասարակությունը կարծես թե ոտքի կանգնելու ցանկություն չունի։
– ՟Ակնհայտ է՝ իշխանափոխությունը միայն քաղաքական կուսակցություններով չպիտի
արվի, պիտի արվի ամբողջ հասարակությամբ, որի համար պիտի համախմբվել։ Ոչ թե անհատի
շուրջ, այլ Հայրենիքի հավերժության, Հայրենիքի բարգավաճման գաղափարի։ Եվ հետո՝ խնդիրը
եւ նպատակը իշխանափոխությունը չէ միայն։ Խնդիրը, առաջին հերթին, երկրի վաղվա օրն
է, ժողովրդի ճակատագիրը, այն հարատեւ արժեքները, որոնք ոչ մի գնով ու պայմանով չի
կարելի վտանգել։ Իսկ սոսկ իշխանություն փոխելու համար պետք է խաղաս այն կանոններով,
որ քեզ պարտադրում է նույն այդ իշխանությունը։ Եթե խնդիրը սոսկ իշխանափոխությունը
լիներ, ոչ քաղաքական մեթոդներով, մենք դա վաղուց իրականացրած կլինեինք: –
Արդեն հինգ տարի անցավ հոկտեմբերի 27-ից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել: –
1999 թ. Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Մտածեք էս երկրի մասին»։ Ոչ այն ժամանակ, ոչ
հիմա մենք այդ խոսքերի բուն խորքը չընկալեցինք։ Մինչեւ 27-ը մենք ապրում էինք բոլորովին
ուրիշ երկրում, որին տրված էր զարգացման ֆանտաստիկ շանս, հասարակության մեջ ստեղծվել
էր համերաշխության ու ներդաշնակության մթնոլորտ, երկիրը պոկվել էր տեղապտույտից,
կարծես վերադարձել էր 88-ի միասնության ոգին, ու բոլորս վերստին ապրում էինք իրար
ու մեր Հայրենիքի համար։ Հասարակությանն էր վերադառնում արժանապատիվ կյանքի եւ հուսալի
ու հաշվարկելի ապագայի հավատը։ Սուտը, կեղծը, ստորը դուրս էին մղվում մեր միջից։
Մենք տարածաշրջանում որոշիչ գործոն էինք սկսել դառնալ, աշխարհի համար օրավուր ավելի
հուսալի, կանխատեսելի եւ ընկալելի գործընկեր։ 90-ականների սկզբի եւ կեսերի նման՝
երբ մենք էինք ժողովրդավարության ու առաջընթացի կղզյակն այս տարածաշրջանում։ Իսկ
անցած հինգ տարիները եղել են նահանջի ու կորստի տարիներ։ Բոլորիս համար։ Մեզ շրջափակեցին
վախի ու կասկածամտության, չբացահայտվող սպանությունների ու չկանխվող ձերբակալությունների,
անհիմն ու անհասկանալի դատավարությունների ցանցով ու պարտադրեցին բարոյականության
ու իրավունքի, պատասխանատվության ու նվիրվածության, հավատարմության ու սիրո իրենց
ըմբռնումները։ Այլասերող ըմբռնումները։ Փոխվել է այն, որ հինգ տարվա վակուումից հետո
հասել է պահը՝ շարունակելու այնտեղից, որտեղ նրանց կասեցրին։ Պետության ու երկրի
զարգացումը կարելի է մի քանի տարով դանդաղեցնել, նույնիսկ կասեցնել ու շրջել, բայց
դա չի կարող անվերջ տեւել։ – Հոկտեմբերի 26-ի հանրահավաքը եւ երթը կարո՞ղ
են վերածվել այլ միջոցառման, քան ընդամենը «Ո՛չ ահաբեկչությանը» ակցիան է։ -Հոկտեմբերի
26-ին մենք հարգանքի մեր տուրքն ենք մատուցելու պետության ղեկավարների հիշատակին։
Դա այն փաստի հավաստումն է, որ մենք բոլորս մեռած չենք, ապրում ենք։ Որ անցած հինգ
տարում որքան էլ փորձեցին մեզ աղավաղել, վախեցնել, ստորացնել, ձերբակալել, դատել,
սպանել՝ չստացվեց։ Չստացվեց, ու մենք մարդ մնացինք։ Մենք հավաքվելու ենք՝ հաստատելու,
որ մարդ ենք մնացել ու շարունակելու ենք այն ամենը, որ սկսեցին ու չկարողացան շարունակել
Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ Հավաքվելու ենք, որ հաստատենք՝ մտածում ենք
էս երկրի մասին ու էս երկրի մասին մտածելով՝ ուզում ենք էս երկիրը փոսից հանել։ Ապրել
ու ապրեցնել՝ հենց դրա համար էլ հոկտեմբերի 26-ին մենք հավաքվելու ենք Ազատության
հրապարակում, ով ուզում է՝ ազատ է մեզ միանալու… Հենց այդ օրը ցույց կտա՝ ով եւ
ինչ է հիշում, ով եւ ինչ է մոռացել, ով եւ ինչ է մտածում ընդհանրապես։ Հրանտ Մաթեւոսյանն
ասում էր, որ մարդ ու անասուն իրարից, առաջին հերթին, ջոկվում են հիշողությամբ։ Հոկտեմբերի
26-ը նաեւ այդ սահմանագիծը կհստակեցնի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել