ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ԿԻՍԱՏ ԵՎ «ՈՐԴՆԱԾ» «Արմավիրի մարզի Պտղունք գյուղում խմելու ջրի հարցը անլուծելի խնդիր է դարձել, ոչ գյուղապետն է մի բան անում, ոչ էլ «Հայջրմուղկոյուղին»,- դժգոհում էին օրեր առաջ մեզ հետ զրուցած պտղունքցիները: Ըստ բողոքավորների, գյուղապետը հայտնել է, թե իր խոսքը «վերեւներում» չի անցնում ու լավ կլինի, որ գյուղացիները դիմեն ում որ պետք է: Այդպես էլ արել են, սակայն իրենց խոսքն առավել եւս չանցավ: Ճարահատ գյուղացիները անգամ ծայրահեղ միջոցների են գնացել, վաղ առավոտյան փակել են Արմավիր՝ մարզպետարան գնացող ճանապարհը եւ մարզպետը, ստիպված, կանգնել է, զրուցել, խոստացել, որ հարցը կլուծվի: Հարցը լուծվել է ժամանակավորապես. «էդ կիսատ-պռատ ջուրը որ տվեցին՝ համ հոտ էր գալիս, համ էլ մեջը որդանման բաներ կային: Գյուղում մարդիկ սկսեցին լուծով հիվանդանալ: Երեխաները բուժվել են հիվանդանոցում, մեծահասակները՝ տանը: Այս ամենը արձանագրված է տեղամասային բժշկի մոտ: Գյուղում մի ցածրադիր տուն կա: Այդ տան բակից են բոլորը ջուր բերում: Իսկ եթե չի գալիս, որը էջմիածնից, որը Զվարթնոցից, որը ոտքով, որը հեծանիվով, որը՝ սայլակով ջուր են կրում»: Իսկ ահա «Հայջրմուղկոյուղու» Էջմիածնի մասնաճյուղի շահագործման գծով փոխտնօրեն Հակոբ Դարբինյանի հավաստմամբ, Պտղունքը ջուր ունի արդեն մեկ ամիս. «Ջրագծի վնասված հատված կար՝ մոտ 120 մետր, նորոգել ենք»: Ըստ գյուղացիների, վերջին օրերին ջուր ունի գյուղի մի մասը միայն: Հակոբ Դարբինյանը եւս նույնն է ասում՝ հավելելով, որ ջուր չունեն նրանք, ովքեր չեն էլ ունեցել վերջին տասը տարին. «նոր խողովակաշար է պետք»: Իսկ նման ծրագիր դեռ չկա: Գյուղացիներին մտահոգում է նաեւ այն, որ մանկապարտեզն ու դպրոցը անջուր հատվածում են: Ա. Զ.