Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդներն

Հոկտեմբեր 20,2004 00:00

Երիտասարդներն ուզում են պայքարել «Եհովայի վկաների» դեմ Բայց դեռ չգիտեն, թե ինչպես Պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը, ՀՅԴ եւ ՕԵԿ երիտասարդական թեւերի հետ համատեղ, երեկ նորից պայքարեցին Եհովայի վկաների դեմ: Հրավիրված էր նաեւ ՀՀԿ-ն, որը, սակայն, չէր եկել: Երիտասարդները միաձայն եւ միահամուռ մտահոգված են Եհովայի վկաների գործունեությամբ, թեեւ մի մասը գրանցումը վտանգավոր չի համարում, մի մասը կարծում է, որ գրանցումը կատարվել է ՀՀ օրենքների խախտումներով, մի մասն էլ գրանցումը համարում է ԵԽ պարտադրանք: Կային երիտասարդներ, որոնք խնդիրը գլոբալ են դիտում. պետք է երիտասարդությանն ուղղել դեպի Հայ առաքելական եկեղեցի: Հավաքվածները վստահ էին, որ Եհովայի վկաների մեջ կան մարդասպաններ, երեխաներ առեւանգողներ, բռնաբարողներ, պոռնիկներ: Ըստ երիտասարդների, Եհովայի վկաները պետական կառույցները համարում են սատանային ենթակա, չեն հարգում պետական խորհրդանիշերը, դրանք համարելով սատանայի իշխանության խորհրդանիշեր: Բայց ահա պայքարի ձեւերի հարցում միակարծություն չկար: Բժշկական համալսարանն առաջարկում է պիկետներ՝ արդարադատության նախարարության առջեւ, որ մերոնք եւ դրսում հասկանան. մեր հասարակությունը չի ընդունում Եհովայի վկաներին, ուստի ով ուզում եք եղեք՝ ԵԽ, ԵՄ, մեզ նման բաներ պարտադրելու իրավունք չունեք: Ի դեպ, պայքարի պիկետ-ցույց-խաղաղ երթային տարբերակի կողմնակիցները մտավախություն չունեն, թե իրենց խաղաղ երթը կցրվի ջրցան մեքենաներով եւ մահակներով, քանզի այս պայքարը մեկ հոգու դեմ չէ եւ իշխանություն-ընդդիմություն չէ, այլ բոլորին հուզող հարց եւ ազգային անվտանգության խնդիր: Իսկ ահա ՀՊՃՀ-ն դեմ է ցույցերին, քանի որ ժողովուրդը դրանցից հոգնել է եւ առաջարկում է վստահության հեռախոսի տարբերակը. կլինի մի հեռախոս, որով մարդիկ իրենց բողոքը կհայտնեն Եհովայի վկաների գործունեությունից եւ այդ բողոքները կուղարկվեն ՀՀ կառավարությանը: Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Զոհրաբ աբեղա Կոստանյանը երիտասարդության այս ընդվզումը գնահատեց որպես սեր առ Առաքելական եկեղեցին եւ աղանդավորության մեջ վտանգ է տեսնում: Ըստ հայր Զոհրաբի, Հայ առաքելական եկեղեցին իր սակավ միջոցներով եւ մարդկային ռեսուրսներով անում է առավելագույնը աղանդների դեմ պայքարում: «Ո՞րն է ավելի վատ՝ ԵԽ պահանջները չկատարե՞լը, թե՞ Եհովայի վկաներին գրանցելը» հարցը բուռն քննարկում առաջացրեց: Լրագրողները մասնավորաբար ուզում էին ճշտել, թե ո՞ւր էին, ընդվզո՞ւմ էին արդյոք երիտասարդները, երբ ի հեճուկս ԵԽ պահանջների, իշխանությունները ծեծում էին հարյուրավոր մարդկանց, լրագրողներին, հարյուրավորներին էլ դատում, կալանավորում: Սկսվեց խուսափողական պատասխանների շքերթ եւ միայն բժշկական համալսարանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը համարձակվեց ասել, որ դատապարտելի է ցանկացած անօրինականություն: Այս քննարկումը դեռ շատ կթեժանար, եթե ՀՅԴ երիտասարդները չառաջարկեին «ճշտել քննարկման թեման»: Թեման կրկին ճշտվեց, սակայն հավաքվածները ստիպված էին լսել ԵԽ պահանջները ընտրովի կատարելու վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնք, սակայն, լուրջ պատասխան չունեցան: Թեեւ, ըստ երիտասարդների, իրենց մեջ կան լուրջ մարդիկ՝ Եհովայի վկաների դեմ պայքարելու համար: Մոտ օրերս կձեւավորվի աշխատանքային խումբ, որն էլ կորոշի պայքարի ռազմավարության մեթոդները: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել