Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ

Հոկտեմբեր 20,2004 00:00

ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ Երեկ ՀՀ նախագահի խորհրդական, նախագահին առընթեր մշակութային խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանի հետ մշակույթի գործիչները հավաքվել էին քննարկելու 2005թ. բյուջեի՝ իրենց ոլորտին վերաբերող հատվածը: Քննարկումներն առանձնապես աշխույժ չէին: Տպավորությունն այնպիսին էր, թե մշակույթի յուրաքանչյուր բաժնի կամ ստեղծագործական միության ղեկավար եկել էր իր ոլորտին հասանելիք գրոշների չափն ավելացնելու: Մշակույթի գործիչներն ավելի շատ զրուցում էին միմյանց հետ, քան լսում ելույթ ունեցողին: Իսկ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը չսպասեց նիստի ավարտին ու հեռացավ ելույթ ունենալուց քիչ հետո: «2005թ. մշակույթի բյուջեն կազմում է 4 մլրդ 300 մլն դրամ, դոլարով ասեմ, որ լավ հասկանաք, մոտ 8,5 մլն: Մշակույթին հատկացվող բաժինը մեր հանրապետության ընդհանուր բյուջեի 0,9 %-ն է, 1% էլ չի»,- ասաց պրն Հովեյանը: (Թվերի ճշգրտությունը թողնում ենք նախարարի խղճին): Նա, ի տարբերություն իր նախորդների, չի դժգոհում 1%-անոց բյուջեից. «Կարելի է ծրագրավորել ամեն ինչ, պրոֆեսիոնալ մշակութային իրադարձությունը՝ մրցույթը, օպերան, բալետը, թատրոնը զատել ժամանցից եւ ֆինանսը տրամադրել պրոֆեսիոնալ մշակույթին: Էս դեպքում մենք կհաջողենք»: Նախարարն ասաց, որ իր ջանքերով այսուհետեւ Հայաստանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ. «ինչպիսին Ելիզավետա թագուհու ու Չայկովսկու մրցույթներն են, ինչո՞ւ Արամ Իլյիչի անվան մրցույթ էլ չլինի»: Երբ հիշեցրինք, որ նման մրցույթ կա եւ անցկացվել է Թամար Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ, նախարարն իրեն ուղղեց. «Ճիշտ է, լինում էր, բայց մասնավոր աղբյուրներից էր ֆինանսավորում, հիմա պետությունն է ֆինանսավորելու»: Հովեյանը խոստացավ մասնագետներ գործուղել Ֆլորենցիայում գործող ռեստավրացիոն կենտրոններից մեկում վերապատրաստվելու, խոստացավ միջոցներ գտնել Եղեռնի մասին նկարահանվող Ռուբեն Գեւորգյանցի լայնամասշտաբ ֆիլմի համար, ասաց որ 2005-ից կսկսեն գործել պետական կարգավիճակով խմբեր՝ Հարություն Թոփիկյանի կամերային երգչախումբը, ժողգործիքների պետական նվագախումբը եւ այլն: Եվ այդ ամենը՝ բյուջեից մշակույթին հատկացվող համեստ 1%: Մշակութային խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը ժամանակին ներկայացվել էր բոլոր ստեղծագործական միություններին, մշակութային կենտրոններին: Այնպես որ, վերջիններս կարող են համապատասխան առաջարկություններով, պրն Ավագյանի գեղեցիկ ձեւակերպմամբ, «բյուջետային պրոցեսի մասնակցային գործընթացում ունենալ ազդեցություններ»: Իսկ նոյեմբերի 1-ից քննարկումներ կսկսվեն ԱԺ-ում: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը գտնում է, որ փաստաթղթում կան թերություններ, որոնք վերանայման կարիք ունեն: «Օրինակ, կերպարվեստը լրիվ անտեսված է: Այն չի ֆինանսավորվում, հետեւաբար զարգացման մասին խոսք լինել չի կարող: Բացի դրանից, Ազգային պատկերասրահը պետք է ունենա ուրիշ կարգավիճակ եւ տարբերվի սովորական թանգարաններից: Այն միայն ցուցադրությամբ չպետք է զբաղվի, պիտի նաեւ հնարավորություն ունենա հրատարակչական, գիտական աշխատանքի: Պատկերասրահը եւ մեծ թանգարանները պետք է առանձին տողով ներկայացվեն»: ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի կարծիքով՝ «մշակութային հանձնաժողովի կազմում միայն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, փոխնախարարներ են, գիտականորեն մշակույթի հարցերով զբաղվող հաստատությունները՝ ԳԱԱ արվեստի ինստիտուտը կամ Հնագիտության մշակույթի ինստիտուտը ընդգրկված չեն»: Ազգագրագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը առաջարկեց հայոց ավանդական ժառանգությունը մշակութային ծրագրերում ներկայացնել առանձին բնագավառով, տալ հատուկ կարգավիճակ եւ առանձին ֆինանսավորում: Դժգոհեց նախարարի այն արտահայտությունից, թե եղեռնի մասին ֆիլմիկներով ոչինչ չի կարելի ասել: «Չէ՞ որ գերդաստանների եղեռնի պատմություններից է գոյանում Հայոց եղեռնի պատմությունը: Իսկ լայնամետրաժ փաստագրական ֆիլմը՝ ֆիլմիկներից»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Ս. Ավագյանի ղեկավարած խորհուրդը մշակույթի ոչ բոլոր գործիչների սրտով է: Վերջերս կայացած ասուլիսում մի խումբ մտավորականներ այն որակել էին «մշակութային կյանքի ճգնաժամը խորացնող, մտավոր եւ մշակութային կարողությունները խեղաթյուրող եւ ոչնչացնող կառույց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել