Ցանկություն կա, փող չկա Հայաստանի պատմական քաղաքները պետք է պահպանեն իրենց տեսքը: Դա են մեզ փորձում սովորեցնել զարգացած եվրոպացիները: Խորհրդային համակարգի փլուզումից հետո պատմական արժեք ունեցող որեւէ կառույցի պահպանության համար մինչեւ 2004թ. պետական բյուջեից ոչ մի լումա չի նախատեսվել: Այս տարի տրամադրված առաջին գումարը՝ 50 մլն դրամ, պետք է ծախսվեր երեք պատմական հուշարձանի վերականգնման համար: Պատմական հուշարձանների պահպանության խնդիրը չլուծած, մեր երկիրն այժմ սկսում է պատմական քաղաքների պահպանության ու վերականգնման փորձնական ծրագիր Գորիսում, Գյումրիում եւ Աշտարակում: Ինչպես կառավարել այդ քաղաքները՝ պահպանելով հինը, երեկ մերոնց սովորեցրեցին Եվրախորհրդի փորձագետները: Ֆրանսիական Ռոշֆոր փոքր քաղաքն, օրինակ, 1970-ականներին սկսել է վերանորոգվել, 15 տարվա ընթացքում ծախսվել է 15 մլն եվրո եւ 90-ականներին այն դարձել է ծաղկուն տուրիստական վայր՝ պահպանելով հնաբույր քաղաքի իր տեսքը: Այդ՝ հայաստանցիներիս համար հսկայական գումարի կեսը տվել է Ռոշֆորի քաղաքապետարանը, մյուս կեսը՝ Ֆրանսիայի պետբյուջեն: Հին, վերակառուցված շենքերում բնակարան են հատկացրել տարբեր ծրագրերով հաշվառված բնակարանի պահանջ ունեցողներին: Տրամաբանական է, ոչ ֆրանսիական, ոչ էլ նիդեռլանդական ու այլ եվրոպական երկրների փորձը մեզ մոտ դեռ կիրառելի չէ: Պատմական արժեք եւ հնագույն ճարտարապետությունը ներկայացնող շենքեր պահպանվել են Հայաստանի շատ քաղաքներում, հատկապես Գյումրիում: Բայց ոչ տեղական իշխանությունները, ոչ էլ պետբյուջեն դրանք նորոգելու եւ քաղաքի հին կոլորիտը վերականգնելու միջոցներ դեռեւս չունեն: «Սա երկար ժամանակ պահանջող ծրագիր է, բայց չմասնակցելն էլ ճիշտ չէ: Նման ծրագրերով ենք շփվում եվրոհամայնքի քաղաքապետերին, առաջանում են քույր քաղաքներ, ծրագրեր ենք ներկայացնում՝ աջակցում են»,- ծրագրի իրական նպատակը պարզաբանեց քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Քաղաքների ընտրությունը պայմանավորված է պատմական հուշարձանների հարստությամբ: Գյումրին պատմական ճարտարապետություն եւ պահպանված միջավայր ունի, Աշտարակը հուշարձաններով է հարուստ, իսկ Գորիսը, քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ասելով, «եվրոպական ավանդույթներ ունի, եղել է Մետաքսի ճանապարհի քաղաքներից մեկը, 1920 թ. Գորիսի տիկնայք սուրճ էին խմում, երբ Հայաստանում չգիտեին դա ինչ է»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ