Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 20,2004 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայրենակիցներ Քաղաքակիրթ աշխարհի համար այսօր առաջնահերթ խնդիր է ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարը: Բռնարարքների միջոցով ահաբեկիչները ձգտում են ազդել քաղաքական գործընթացների վրա` այս կամ այն երկրին, միջազգային կառույցին քաղաքական լուծումներ պարտադրելով: Եվ եթե նրանք հաջողություն արձանագրեն, ապա կդառնան ավելի վստահ, դաժան ու լկտի եւ մեծ վտանգ կներկայացնեն ցանկացած երկրի հասարակության համար, լրջագույն հարված հասցնելով ժողովրդավարությանը: Հինգ տարի առաջ մեր երկրում նախադեպը չունեցող ահաբեկչությունը ցնցեց բոլորիս: Կատարվածի հասարակական վտանգավորության աստիճանն աննկարագրելի մեծ էր: Իսկ համարժե՞ք է, արդյոք, մեր վերաբերմունքը: Ոչ: Քանի որ. – հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները հույս ունեն, թե որոշ ժամանակ անց ժողովուրդը կմոռանա կատարվածի մասին, – ցավոք, մենք այդ ահաբեկչության գնահատականը տալիս ենք սոսկ հասցված ?ֆիզիկական կորստի ցավի չափով, որը ժամանակի հետ մեղմանում է, մինչդեռ կատարվածի քաղաքական ու բարոյական վնասը հինգ տարվա ընթացքում ավելի է մեծացել, – մենք ոչ միայն շեղվել ենք քաղաքացիական հասարակարգ կառուցելու ճանապարհից, այլեւ հետընթաց ենք արձանագրել նույնիսկ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ձեռք բերված փխրուն ժողովրդավարությունից, – մենք չենք դրսեւորում քաղաքացիական հասարակությանը հատուկ համախմբվածություն եւ միասնականություն, երբ ժողովրդավարական արժեքներին վտանգ է սպառնում: Բեսլանի ողբերգության առիթով աշխարհի շատ երկրներում մարդիկ իրենց զորակցությունը հայտնեցին զոհերի հարազատներին ու միանշանակ ոչ ասացին ահաբեկչությանը: Բայց ամենատպավորիչը հավերժ քաղաք Հռոմում ավելի քան հարյուր հիսուն հազարանոց ակցիան էր, որի մասնակիցներից շատերը գուցե չգիտեին անգամ Բեսլանը որտեղ է գտվում: Մարդիկ դուրս էին եկել փողոց` ոչ ասելու ահաբեկչության միջոցով քաղաքական հարցեր լուծելուն: Իսկ ինչպե՞ս կարձագանքեն Հռոմից 29 տարով հին եւ Երեւան դարձած Էրեբունու մեր քաղաքացիները մի քանի օր հետո անցկացվելիք հակաահաբեկչական ակցիային: Եթե պարզվի, որ մեր հասարակությունը հիմնականում անտարբեր է դարձել եւ հաշտվել ստեղծված վիճակին, ապա դա նշանակում է, որ մենք պարարտ հող ենք ստեղծել նոր, ավելի լկտի ու ավելի կազմակերպված ահաբեկչության համար: Այդ դեպքում կարող ենք փաստել, որ ահաբեկիչները հասան իրենց նպատակին: Կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի ապագան եւ մեր երկրում ժողովրդավարական համամարդկային արժեքների արմատավորումը, մասնակցել հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքին եւ վճռական ո՛չ ասել ահաբեկչությանը: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել