Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Հոկտեմբեր 20,2004 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ Ռոբերտ Քոչարյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու հավանականության մասին հարցը նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը չհասկացավ: Սահմանադրական փոփոխությունների երեք նախագիծ է դրված շրջանառության, եւ այս առատության մեջ ուշադրություն չի դարձվում, թե ով կամ ովքեր են փոփոխությունների հիմնական փաթեթի հեղինակները: Բնականաբար, իրական շանսեր ունի այն փաթեթը, որը ներկայացվում է որպես խորհրդարանի կողմից կազմված: Սակայն վերջին շրջանում «Ընտրական օրենսգիրքը», Լարսի անցակետը եւ Եհովայի վկաները ստվերեցին սահմանադրական փոփոխությունները: Տպավորություն է ստեղծվում, թե իրականում ոչ երկրի նախագահը, ոչ էլ իշխանական քաղաքական ուժերը լրջորեն չեն մտածում երկրի Գլխավոր օրենքը փոփոխելու մասին: Մանավանդ դեռեւս երկու տարի առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքն անձնապես շահագրգռված չէ փոփոխել Սահմանադրությունը, քանի որ այն իրեն լրիվ բավարարում է: Արդյունքում՝ տապալվեց սահմանադրական հանրաքվեն: Այսօր եւս որեւէ շահագրգռվածություն չի նկատվում: Քաղաքական ուժերը խիստ տարբեր կարծիք ունեն այս ամենի մասին: Եթե կոալիցիոն ուժերը առիթի դեպքում հայտարարում են, թե օրը կգա՝ բարին հետը, ու Սահմանադրությունն էլ կքննարկվի, ապա ընդդիմադիրները այլ կարծիքի են: «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի համար այս հարթությունում հարցեր չկան. «Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այս ամբողջ գործընթացը (սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը- Մ. Ե.) դատապարտված է: Խնդիրը հետեւյալն է՝ ժողովուրդը վստահություն չունի իշխանությունների նկատմամբ, որ հավատա, թե սահմանադրական փոփոխությունները կարող են երկրի վիճակը բարելավել: Հակառակը, իշխանությունների նկատմամբ կա բացասական վերաբերմունք, հետեւաբար իշխանությունների կողմից հանրաքվեի դրվող Սահմանադրությունը միշտ էլ դատապարտված է: Իհարկե, միշտ էլ ելք կա՝ կեղծելը, որը, ցավոք սրտի, արդեն ավանդույթ է դարձել: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ այդ փոփոխությունները անմեղ չեն, այլ, իրոք, վտանգավոր են: Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավորությունը բացահայտ է, բերում է նրան, որ իրենք առանձնապես շահագրգռված չեն, որ այդ ամենը քննարկվի: Որովհետեւ ամեն քննարկում եւս մեկ անգամ մատնացույց կանի, թե ինչ ահավոր բան է կատարվում»: Շավարշ Քոչարյանը այն կարծիքին է, որ կրկնվում է 2003-ին հանրաքվեի դրված Սահմանադրության ճակատագիրը. «Նախորդ անգամ եւս նույն իրավիճակն էր, երբ պարզ չէր, թե ո՞վ է հեղինակը, ով պատրաստ էր կանգնել եւ պարզերես պաշտպանել այդ տարբերակը: Վերջիվերջո, այդ բոլորը դրվեց Արմեն Հարությունյանի վրա, որը փորձեց այդ ուղղությամբ ինչ-որ բաներ ասել, բայց իրականում նախորդ փաստաթղթի պաշտպանություն չեղավ: Հիմա շատ ավելի դժվար կլինի գտնել նրան, ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը»: Նկատեցինք, որ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերից ՀՀԿ-ն է միակ համառ պնդողը, թե սահմանադրական փոփոխությունների այս փաթեթի հեղինակը կոալիցիան է: Շավարշ Քոչարյանի համար սա ընդունելի չէ. նա ակնհայտ է համարում մեկ ուրիշ իրողություն, «որ այս փաստաթուղթը մշակվել է ոչ այն անձանց կողմից, ովքեր տակը ստորագրել են, այլ՝ ուրիշ տեղ: Դրա ապացույցները բազմաթիվ են: Իրենք հենց հայտարարում էին, որ ամռանը բաժանեցին փաթեթը, որպեսզի կոալիցիայի անդամները ծանոթանան: Եվ հետո, պատահական չէ, որ համահեղինակներից մեկը հանկարծ իր ստորագրությունը հանում է եւ ուրիշ նախագիծ ներկայացնում (խոսքը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մասին է.- Մ. Ե.): Այս ամենը խոսում է այն մասին, որ նախագիծը մշակվել է այլ տեղում, համենայնդեպս՝ ոչ Ազգային ժողովում եւ կոալիցիայի ներսում»: Շավարշ Քոչարյանի պնդմամբ՝ սահմանադրական փաթեթի հեղինակները այս անգամ կամ պետք է փորձեն ամրագրել գործող նախագահի՝ երրորդ անգամ առաջադրման ժամկետը (այդ դեպքում անտարբեր չեն լինի փոփոխությունների հանդեպ), կամ էլ կկրկնվի 2003-ի հանրաքվեի պատմությունը. «Ժամանակ կշահեն: Վերջիվերջո, Կուչման երբ հայտնվեց այդ վիճակում, փորձեց այլ փոփոխություններ կատարել, որը եւս չանցավ, ու գնաց իրավահաջորդի ճանապարհով»: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանին երեկ հարցրինք՝ ինքն այս անգամ ե՞ւս համաձայն է լինել այն անձը, ում, որպես նախագահի ներկայացուցիչ, կուղղվեն Սահմանադրության հասցեին հնչող բոլոր դիտողություններն ու գնահատականները: Արմեն Հարությունյանը խնդրեց հստակ հաշվի առնել հետեւյալը. «Ի տարբերություն 2003 թվականի, այս անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախաձեռնողը ԱԺ-ն է: Եվ, եթե գիտեք, մի քանի նախագիծ է ներկայացված, եւ ես չգիտեմ, թե դուք կոնկրետ ո՞ր նախագծի մասին եք հարցնում»: Հասկանալի է, որ խոսքը ոչ թե Արշակ Սադոյանի, այլ հենց ԱԺ-ի նախագծի մասին է, ինչը շատ լավ հասկացել էր պրն Հարությունյանը իր պատասխանի առաջին մասում: Արմեն Հարությունյանը նշեց նաեւ, թե քանի դեռ չկա Սահմանադրության վերջնական տեքստը, անցումային դրույթները չեն կարող ներկայացվել, «որովհետեւ անցումային դրույթները վերաբերում են կոնկրետ ինստիտուտներին: Մինչեւ չտեսնենք՝ դրանք ի՞նչ վերջնական տեսք ունեն, չենք կարող դրանց վերաբերյալ գրել»: Իսկ կարո՞ղ է Սահմանադրությունն այնպես փոփոխվել, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ դառնա նախագահ: Այս հարցը Արմեն Հարությունյանը, իր ասելով, չհասկացավ. «Ձեր հարցի բուն իմաստը չեմ հասկանում: Դուք փոփոխությունը տեսնում եք, ինչ-որ կա՝ դա է»: Իսկ անցումային դրույթները, ըստ նախագահի ներկայացուցչի, դրա հետ ոչ մի կապ չունեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել