Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդներն ուզում են պայքարել
«Եհովայի վկաների» դեմ

Հոկտեմբեր 20,2004 00:00

Բայց դեռ չգիտեն,
թե ինչպես Պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները, Հայ առաքելական
եկեղեցու Արարատյան թեմը, ՀՅԴ եւ ՕԵԿ երիտասարդական թեւերի հետ համատեղ, երեկ նորից
պայքարեցին Եհովայի վկաների դեմ: Հրավիրված էր նաեւ ՀՀԿ-ն, որը, սակայն, չէր եկել:
Երիտասարդները միաձայն եւ միահամուռ մտահոգված են Եհովայի վկաների գործունեությամբ,
թեեւ մի մասը գրանցումը վտանգավոր չի համարում, մի մասը կարծում է, որ գրանցումը
կատարվել է ՀՀ օրենքների խախտումներով, մի մասն էլ գրանցումը համարում է ԵԽ պարտադրանք:
Կային երիտասարդներ, որոնք խնդիրը գլոբալ են դիտում. պետք է երիտասարդությանն ուղղել
դեպի Հայ առաքելական եկեղեցի: Հավաքվածները վստահ էին, որ Եհովայի վկաների մեջ կան
մարդասպաններ, երեխաներ առեւանգողներ, բռնաբարողներ, պոռնիկներ: Ըստ երիտասարդների,
Եհովայի վկաները պետական կառույցները համարում են սատանային ենթակա, չեն հարգում
պետական խորհրդանիշերը, դրանք համարելով սատանայի իշխանության խորհրդանիշեր: Բայց
ահա պայքարի ձեւերի հարցում միակարծություն չկար: Բժշկական համալսարանն առաջարկում
է պիկետներ՝ արդարադատության նախարարության առջեւ, որ մերոնք եւ դրսում հասկանան.
մեր հասարակությունը չի ընդունում Եհովայի վկաներին, ուստի ով ուզում եք եղեք՝ ԵԽ,
ԵՄ, մեզ նման բաներ պարտադրելու իրավունք չունեք: Ի դեպ, պայքարի պիկետ-ցույց-խաղաղ
երթային տարբերակի կողմնակիցները մտավախություն չունեն, թե իրենց խաղաղ երթը կցրվի
ջրցան մեքենաներով եւ մահակներով, քանզի այս պայքարը մեկ հոգու դեմ չէ եւ իշխանություն-ընդդիմություն
չէ, այլ բոլորին հուզող հարց եւ ազգային անվտանգության խնդիր: Իսկ ահա ՀՊՃՀ-ն
դեմ է ցույցերին, քանի որ ժողովուրդը դրանցից հոգնել է եւ առաջարկում է վստահության
հեռախոսի տարբերակը. կլինի մի հեռախոս, որով մարդիկ իրենց բողոքը կհայտնեն Եհովայի
վկաների գործունեությունից եւ այդ բողոքները կուղարկվեն ՀՀ կառավարությանը: Հայ առաքելական
եկեղեցու ներկայացուցիչ Զոհրաբ աբեղա Կոստանյանը երիտասարդության այս ընդվզումը գնահատեց
որպես սեր առ Առաքելական եկեղեցին եւ աղանդավորության մեջ վտանգ է տեսնում: Ըստ հայր
Զոհրաբի, Հայ առաքելական եկեղեցին իր սակավ միջոցներով եւ մարդկային ռեսուրսներով
անում է առավելագույնը աղանդների դեմ պայքարում: «Ո՞րն է ավելի վատ՝ ԵԽ պահանջները
չկատարե՞լը, թե՞ Եհովայի վկաներին գրանցելը» հարցը բուռն քննարկում առաջացրեց: Լրագրողները
մասնավորաբար ուզում էին ճշտել, թե ո՞ւր էին, ընդվզո՞ւմ էին արդյոք երիտասարդները,
երբ ի հեճուկս ԵԽ պահանջների, իշխանությունները ծեծում էին հարյուրավոր մարդկանց,
լրագրողներին, հարյուրավորներին էլ դատում, կալանավորում: Սկսվեց խուսափողական պատասխանների
շքերթ եւ միայն բժշկական համալսարանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը համարձակվեց ասել,
որ դատապարտելի է ցանկացած անօրինականություն: Այս քննարկումը դեռ շատ կթեժանար,
եթե ՀՅԴ երիտասարդները չառաջարկեին «ճշտել քննարկման թեման»: Թեման կրկին ճշտվեց,
սակայն հավաքվածները ստիպված էին լսել ԵԽ պահանջները ընտրովի կատարելու վերաբերյալ
բազմաթիվ հարցեր, որոնք, սակայն, լուրջ պատասխան չունեցան: Թեեւ, ըստ երիտասարդների,
իրենց մեջ կան լուրջ մարդիկ՝ Եհովայի վկաների դեմ պայքարելու համար: Մոտ օրերս
կձեւավորվի աշխատանքային խումբ, որն էլ կորոշի պայքարի ռազմավարության մեթոդները:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել