Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Հոկտեմբեր 20,2004 00:00

Երեկ ՀՀ նախագահի խորհրդական, նախագահին առընթեր
մշակութային խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանի հետ մշակույթի գործիչները հավաքվել
էին քննարկելու 2005թ. բյուջեի՝ իրենց ոլորտին վերաբերող հատվածը: Քննարկումներն
առանձնապես աշխույժ չէին: Տպավորությունն այնպիսին էր, թե մշակույթի յուրաքանչյուր
բաժնի կամ ստեղծագործական միության ղեկավար եկել էր իր ոլորտին հասանելիք գրոշների
չափն ավելացնելու: Մշակույթի գործիչներն ավելի շատ զրուցում էին միմյանց հետ, քան
լսում ելույթ ունեցողին: Իսկ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը չսպասեց նիստի ավարտին
ու հեռացավ ելույթ ունենալուց քիչ հետո: «2005թ. մշակույթի բյուջեն կազմում
է 4 մլրդ 300 մլն դրամ, դոլարով ասեմ, որ լավ հասկանաք, մոտ 8,5 մլն: Մշակույթին
հատկացվող բաժինը մեր հանրապետության ընդհանուր բյուջեի 0,9 %-ն է, 1% էլ չի»,- ասաց
պրն Հովեյանը: (Թվերի ճշգրտությունը թողնում ենք նախարարի խղճին): Նա, ի տարբերություն
իր նախորդների, չի դժգոհում 1%-անոց բյուջեից. «Կարելի է ծրագրավորել ամեն ինչ, պրոֆեսիոնալ
մշակութային իրադարձությունը՝ մրցույթը, օպերան, բալետը, թատրոնը զատել ժամանցից
եւ ֆինանսը տրամադրել պրոֆեսիոնալ մշակույթին: Էս դեպքում մենք կհաջողենք»: Նախարարն
ասաց, որ իր ջանքերով այսուհետեւ Հայաստանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան երաժիշտ-կատարողների
միջազգային մրցույթ. «ինչպիսին Ելիզավետա թագուհու ու Չայկովսկու մրցույթներն են,
ինչո՞ւ Արամ Իլյիչի անվան մրցույթ էլ չլինի»: Երբ հիշեցրինք, որ նման մրցույթ կա
եւ անցկացվել է Թամար Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ, նախարարն իրեն ուղղեց. «Ճիշտ
է, լինում էր, բայց մասնավոր աղբյուրներից էր ֆինանսավորում, հիմա պետությունն է
ֆինանսավորելու»: Հովեյանը խոստացավ մասնագետներ գործուղել Ֆլորենցիայում
գործող ռեստավրացիոն կենտրոններից մեկում վերապատրաստվելու, խոստացավ միջոցներ գտնել
Եղեռնի մասին նկարահանվող Ռուբեն Գեւորգյանցի լայնամասշտաբ ֆիլմի համար, ասաց որ
2005-ից կսկսեն գործել պետական կարգավիճակով խմբեր՝ Հարություն Թոփիկյանի կամերային
երգչախումբը, ժողգործիքների պետական նվագախումբը եւ այլն: Եվ այդ ամենը՝ բյուջեից
մշակույթին հատկացվող համեստ 1%: Մշակութային խորհրդի նախագահ Սեյրան Ավագյանը
տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը ժամանակին ներկայացվել էր բոլոր ստեղծագործական
միություններին, մշակութային կենտրոններին: Այնպես որ, վերջիններս կարող են համապատասխան
առաջարկություններով, պրն Ավագյանի գեղեցիկ ձեւակերպմամբ, «բյուջետային պրոցեսի մասնակցային
գործընթացում ունենալ ազդեցություններ»: Իսկ նոյեմբերի 1-ից քննարկումներ կսկսվեն
ԱԺ-ում: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը գտնում
է, որ փաստաթղթում կան թերություններ, որոնք վերանայման կարիք ունեն: «Օրինակ, կերպարվեստը
լրիվ անտեսված է: Այն չի ֆինանսավորվում, հետեւաբար զարգացման մասին խոսք լինել չի
կարող: Բացի դրանից, Ազգային պատկերասրահը պետք է ունենա ուրիշ կարգավիճակ եւ տարբերվի
սովորական թանգարաններից: Այն միայն ցուցադրությամբ չպետք է զբաղվի, պիտի նաեւ հնարավորություն
ունենա հրատարակչական, գիտական աշխատանքի: Պատկերասրահը եւ մեծ թանգարանները պետք
է առանձին տողով ներկայացվեն»: ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանի կարծիքով՝
«մշակութային հանձնաժողովի կազմում միայն ուսումնական հաստատությունների ռեկտորներ,
փոխնախարարներ են, գիտականորեն մշակույթի հարցերով զբաղվող հաստատությունները՝ ԳԱԱ
արվեստի ինստիտուտը կամ Հնագիտության մշակույթի ինստիտուտը ընդգրկված չեն»: Ազգագրագետ,
բանահավաք Արուսյակ Սահակյանը առաջարկեց հայոց ավանդական ժառանգությունը մշակութային
ծրագրերում ներկայացնել առանձին բնագավառով, տալ հատուկ կարգավիճակ եւ առանձին ֆինանսավորում:
Դժգոհեց նախարարի այն արտահայտությունից, թե եղեռնի մասին ֆիլմիկներով ոչինչ չի կարելի
ասել: «Չէ՞ որ գերդաստանների եղեռնի պատմություններից է գոյանում Հայոց եղեռնի պատմությունը:
Իսկ լայնամետրաժ փաստագրական ֆիլմը՝ ֆիլմիկներից»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Ս. Ավագյանի ղեկավարած խորհուրդը մշակույթի ոչ
բոլոր գործիչների սրտով է: Վերջերս կայացած ասուլիսում մի խումբ մտավորականներ այն
որակել էին «մշակութային կյանքի ճգնաժամը խորացնող, մտավոր եւ մշակութային կարողությունները
խեղաթյուրող եւ ոչնչացնող կառույց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել