Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաքուն նախաքննություն

Հոկտեմբեր 20,2004 00:00

Սպանված երիտասարդի հորը դատախազությունը չի հայտնել, որ կասեցրել է գործի վարույթը

«Շատ շատերին եմ գրել իմ ողբերգության մասին, սակայն հանդիպում եմ քար անտարբերության կամ անփութության: Աղերսել եմ, խնդրել, որ օգնեն ինձ՝ գտնելու 33-ամյա որդուս սպանողներին, սակայն ապարդյուն»,- պատմում էր վերջերս «Առավոտի» խմբագրություն եկած Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը: 2004-ի հունվարի 13-ին, ժամը 16-ի սահմաններում Մհեր Խաչատրյանը դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Տնից դուրս գալու նպատակը մեկն էր՝ սնունդ տանել մոտակա կիսաքանդ շինությունում ապրող Արտո անունով մի խեղճ մարդու: Ըստ Մհերի հոր, նա հետդարձի ճանապարհին, տան մոտակայքում հանդիպում է մի մալական աղջկա, հաճոյախոսելով նրան՝ անվանում «Ձյունանուշիկ»: Աղջկա ընկերը՝ Արթուր Սարուխանյանը, լսում է Մհերի ռեպլիկը, ապա ընկերներով հարձակվում նրա վրա: Մհերին արնաքամ թողնելով դեպքի վայրում՝ հանցագործները դիմում են փախուստի: Մ. Խաչատրյանը մի կերպ հասնում է շենքի բակ, որտեղ եւ մահանում է: Բակ իջած երեխաները պատահաբար տեսնում են Մհերի դին եւ տեղեկացնում ծնողներին, ոստիկաններին: Երկրորդ օրն արդեն սպանությունն իրականացրածների մասին կային որոշակի տեղեկություններ: Ավան թաղամասի ոստիկանության բաժնի պետ Ա. Նիկողոսյանը եւ Նոր Նորք համայնքի դատախազությունը զբաղվում են հարուցված քրգործի նախաքննությամբ: Այդպես էլ զբաղված են 8 ամիս: Խ. Խաչատրյանը գործի ընթացքի մասին չունի որեւէ տեղեկություն: Նա ներգրավված չէ իբրեւ տուժող, գործի նախաքննության մասին գիտեր, որ շարունակվում է:

Մարդասպանը հետախուզման մեջ է: Ըստ Խ. Խաչատրյանի, այս ժամանակաընթացքում ոչ մարդասպանի մայրը, ոչ եղբայրը ցավակցություն կամ ափսոսանք չեն հայտնել Մհերի սպանության կապակցությամբ: «Ութ ամսում մի՞թե 8 անգամ մարդասպանը չի փորձել կապվել իր մոր, եղբոր, հարազատների հետ: Մնում է կարծել, որ հետախուզում հայտարարած մարմինները կամ անտարբեր են, կամ անփույթ»,- հարցնում է Խ. Խաչատրյանը:

Երեկ մենք փորձեցինք տեղեկանալ նախաքննության ընթացքի մասին: Ոստիկանության մեր աղբյուրը հայտնեց, որ գործի վարույթը օգոստոսին կասեցվել է: Սակայն այդ մասին տեղյակ չեն պահել, փաստորեն, տուժողների ընտանիքին: Ըստ «Առավոտի» ձեռք բերած տվյալների, կասկածյալի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ քրեական գործով վարույթը կասեցվում է, երբ մեղադրյալը թաքնվել է քննությունից, նրա գտնվելու վայրը պարզված չէ, մեղադրյալը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել