Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանկություն կա, փող չկա

Հոկտեմբեր 20,2004 00:00

Հայաստանի
պատմական քաղաքները պետք է պահպանեն իրենց տեսքը: Դա են մեզ փորձում սովորեցնել զարգացած
եվրոպացիները: Խորհրդային համակարգի փլուզումից հետո պատմական արժեք ունեցող
որեւէ կառույցի պահպանության համար մինչեւ 2004թ. պետական բյուջեից ոչ մի լումա չի
նախատեսվել: Այս տարի տրամադրված առաջին գումարը՝ 50 մլն դրամ, պետք է ծախսվեր երեք
պատմական հուշարձանի վերականգնման համար: Պատմական հուշարձանների պահպանության խնդիրը
չլուծած, մեր երկիրն այժմ սկսում է պատմական քաղաքների պահպանության ու վերականգնման
փորձնական ծրագիր Գորիսում, Գյումրիում եւ Աշտարակում: Ինչպես կառավարել այդ քաղաքները՝
պահպանելով հինը, երեկ մերոնց սովորեցրեցին Եվրախորհրդի փորձագետները: Ֆրանսիական
Ռոշֆոր փոքր քաղաքն, օրինակ, 1970-ականներին սկսել է վերանորոգվել, 15 տարվա ընթացքում
ծախսվել է 15 մլն եվրո եւ 90-ականներին այն դարձել է ծաղկուն տուրիստական վայր՝ պահպանելով
հնաբույր քաղաքի իր տեսքը: Այդ՝ հայաստանցիներիս համար հսկայական գումարի կեսը տվել
է Ռոշֆորի քաղաքապետարանը, մյուս կեսը՝ Ֆրանսիայի պետբյուջեն: Հին, վերակառուցված
շենքերում բնակարան են հատկացրել տարբեր ծրագրերով հաշվառված բնակարանի պահանջ ունեցողներին:
Տրամաբանական է, ոչ ֆրանսիական, ոչ էլ նիդեռլանդական ու այլ եվրոպական երկրների
փորձը մեզ մոտ դեռ կիրառելի չէ: Պատմական արժեք եւ հնագույն ճարտարապետությունը ներկայացնող
շենքեր պահպանվել են Հայաստանի շատ քաղաքներում, հատկապես Գյումրիում: Բայց ոչ տեղական
իշխանությունները, ոչ էլ պետբյուջեն դրանք նորոգելու եւ քաղաքի հին կոլորիտը վերականգնելու
միջոցներ դեռեւս չունեն: «Սա երկար ժամանակ պահանջող ծրագիր է, բայց չմասնակցելն
էլ ճիշտ չէ: Նման ծրագրերով ենք շփվում եվրոհամայնքի քաղաքապետերին, առաջանում են
քույր քաղաքներ, ծրագրեր ենք ներկայացնում՝ աջակցում են»,- ծրագրի իրական նպատակը
պարզաբանեց քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Քաղաքների ընտրությունը
պայմանավորված է պատմական հուշարձանների հարստությամբ: Գյումրին պատմական ճարտարապետություն
եւ պահպանված միջավայր ունի, Աշտարակը հուշարձաններով է հարուստ, իսկ Գորիսը, քաղաքապետ
Նելսոն Ոսկանյանի ասելով, «եվրոպական ավանդույթներ ունի, եղել է Մետաքսի ճանապարհի
քաղաքներից մեկը, 1920 թ. Գորիսի տիկնայք սուրճ էին խմում, երբ Հայաստանում չգիտեին
դա ինչ է»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել