Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՌՋԵՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ
ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է»

Հոկտեմբեր 20,2004 00:00

Այսպես
է վերնագրել իր զեկույցը «Ճգնաժամերի հարցերի խումբ» միջազգային կազմակերպությունը:
«Հայաստանը պետք է տնտեսական հաջողությունը ամրապնդի արագացված ժողովրդավարացմամբ
եւ օրենքի ուժի ապահովմամբ»՝ ասված է «Ճգնաժամերի հարցերի խումբ» միջազգային կազմակերպության՝
հոկտեմբերի 18-ին հրապարակված զեկույցում։ «2004-ի ապրիլին ուժ կիրառելով՝
փողոցային բողոքները դադարեցնելու նպատակով, նախագահ Քոչարյանը եւ նրա խորհրդատուները
ցույց տվեցին, որ նրանք դժվար թե անսան Հայաստանն ավելի հանդուրժողական, ժողովրդավարական
եւ պակաս կոռումպացված պետություն դարձնելու կոչերին,- փաստում են զեկույցի հեղինակները՝
եզրակացնելով.- Բոլոր դեպքերում, մկանների ցուցադրումը կրկին հիշեցրեց, որ բռնությունն
առայժմ Հայաստանի քաղաքական կյանքի մասն է»։ Անդրադառնալով Հայաստանի նախագահին՝
զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ ավանդական հայաստանյան քաղաքականության
տեսակետից Ռոբերտ Քոչարյանը հայաստանցիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես
օտար։ «Նախնական շրջանում որոշակի դիմադրության հանդիպելով՝ նա ի վերջո կենտրոնացրեց
իր իշխանությունը՝ քանդելով հին կառույցները եւ նշանակելով իր աջակիցներին (մեծ մասամբ՝
ծագումով ղարաբաղցիների) առանցքային սոցիալ-տնտեսական պաշտոններին»,- գրում են զեկույցի
հեղինակները՝ ներկայացնելով Հայաստանում վարած զրույցների հիման վրա արված իրենց
դիտարկումը, թե՝ «չնայած միայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է ղարաբաղցի,
շատ այլ ղարաբաղցիներ են նշանակվել որպես համալսարանների եւ դեպարտամենտների, հիվանդանոցների
եւ դպրոցների ղեկավարներ»։ «Ճգնաժամերի հարցերի խումբը» փաստում է, որ Քոչարյանի
մերձավորագույն աջակիցը պաշտպանության նախարարն է, որը հաճախ ընկալվում է որպես Հայաստանի
իրական նախագահ՝ քաղաքականության, տնտեսության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների
բնագավառում ունեցած հզոր ազդեցության պատճառով։ Քոչարյանը եւ Սարգսյանը կարող են
տարաձայնություններ ունենալ կարեւոր հարցերում, բայց նրանք այնքան են զգում միմյանց
կարիքը, որ դժվար թե վտանգեն իրենց հարաբերությունները։ Սարգսյանը Քոչարյանի քաղաքական
վճիռների հմուտ իրականացնողն է եւ ի վերջո կարող է լինել նրա «հարմար ժառանգորդը»։
Զեկույցի հեղինակները գտնում են, որ Հանրապետական կուսակցությունը ամենահզորն
է եւ հավանաբար ամենից շատ է հակված դավաճանելու կոալիցիային։ 1990-ին հիմնված այդ
կուսակցությունը կազմված է հիմնականում նախկին կոմունիստական վերնախավից։ Հանրապետականների
նպատակն է պահպանել տնտեսական իշխանությունը, որը նրանք ունեցել են խորհրդային ժամանակաշրջանում։
«Օրինաց երկիրը» զեկույցի հեղինակները ներկայացնում են որպես աջակենտրոն կուսակցություն
35-ամյա Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որն արժանանում է Արեւմուտքի եւ մասնավորապես
Ֆրանսիայի հավանությանը։ Բաղդասարյանը աջակցություն չի վայելում ոստիկանության եւ
բանակի շրջանում, բայց 2008-ին «փոխզիջումային ընտրությունը կարող է կանգ առնել նրա
վրա՝ որպես Քոչարյանի հետնորդի»։ ՀՅԴ-ի մասին զեկույցի հեղինակները գրում
են. «Դաշնակցությունն ու Քոչարյանի կլանը շատ մոտ են։ Նրանք համոզված են, որ անհրաժեշտ
է ուժեղացնել անվտանգության ուժերը, եւ ունեն հակաթուրքական դիրքորոշում»։ «Ճգնաժամերի
հարցերի խումբը» մեջբերում է ՀՅԴ առաջնորդներից մեկի խոստովանությունը, թե «Հայաստանում
արեւմտյան տիպի ժողովրդավարություն չկա, եւ եթե ուզում ես ազդել քաղաքականության
վրա, պետք է լինես իշխանության ներսում, ոչ թե դրանից դուրս»: Հայաստանի ընդդիմությունը,
փաստաթղթի հեղինակների կարծիքով, պառակտված է։ Կուսակցությունները հենվում են անձերի
վրա, որոնք ասոցիացվում են անկախությունից առաջ կամ հետո ազդեցություն ունեցած կլանների
եւ գերդաստանների հետ։ «Համապատասխանում է դա իրականությանը, թե ոչ՝ բայց ընդդիմությունը
չի ընկալվում որպես արժանահավատ այլընտրանք եւ պետք է փոխի իր իմիջը»,- փաստում են
զեկույցի հեղինակները։ Բրյուսելում գտնվող «Ճգնաժամերի հարցերի խմբի» ղեկավար
մարմնում ընդգրկված են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին
նախագահ Մատի Ահտիսաարին, ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական
Զբիգնեւ Բժեզինսկին, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը, բարերար Ջորջ
Սորոսը, Գրիգորի Յավլինսկին եւ այլք: ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ «Ազատություն»
ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել