Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքիան օկուպանտ է»

Հոկտեմբեր 20,2004 00:00

Երեկ ԱԺ-ում հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի նախագահ
Դեմետրիուս Քրիստոֆիասը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի
նախագահ Դեմետրիուս Քրիստոֆիասը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը
երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ Դեմետրիուս Քրիստոֆիասն
այնքան անկեղծացավ, որ հայտարարեց, թե միայն Հայաստանում են կարողանում ճիշտ արտասանել
իր հայրենիքի Կիպրոս անվանումը, եւ նաեւ այդ պատճառով է ինքն իրեն Հայաստանում զգում
այնպես, ինչպես կզգար իր տանը։ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն ասաց,
թե Կիպրոսը պատրաստ է կամուրջ դառնալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ։ Թուրքիայի՝
ԵՄ անդամ դառնալու մասին հարցին ի պատասխան՝ Դեմետրիուս Քրիստոֆիասը նշեց, որ Թուրքիան
դեռ որոշակի խնդիրներ ունի լուծելու մինչ ԵՄ անդամ դառնալը. առաջին հերթին պետք է
ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը։ Եվ հետո, ըստ Կիպրոսի խորհրդարանի նախագահի՝ «Թուրքիան
օկուպանտ երկիր է եւ օկուպացրել է Կիպրոսի տարածքի 32,7 տոկոսը», ու քանի դեռ Թուրքիան
չի ուղղել իր սխալները, չպետք է մտածի ԵՄ անդամ դառնալու մասին։ Հիշեցնենք, որ նույն
Կիպրոսը ԵՄ անդամ դարձավ այս տարվա մայիսին։ Պալատի նախագահը նշեց նաեւ, որ իր անձնական
կարծիքով՝ Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հետո մտածի ԵՄ անդամ
դառնալու մասին։ «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք Կիպրոսի իշխանությունները բավարար
սրտացավ են Մելքոնյան վարժարանի ճակատագրի հանդեպ եւ ամեն ինչ են անում, որպեսզի
հայկական այդ կրթահամալիրը շարունակի ապրել եւ գործել, Դեմետրիուս Քրիստոֆիասը պատասխանեց
այսպես. «Ինչպես Կիպրոսի կառավարությունը, այնպես էլ խորհրդարանը, հայ համայնքի ներկայացուցիչները
շատ մեծ պայքար են մղում այդ վարժարանը ապրեցնելու համար, որպեսզի նա շարունակի իր
աշխատանքը։ Արվում է այն ամենը, ինչ հնարավոր է։ Պայքարը շարունակվում է, ամեն ինչ
դեռ վերջացած չէ։ Մելքոնյան վարժարանը հայերի կենտրոնն է Կիպրոսում, Կիպրոսի մշակույթի
մի մասն է, եւ հենց այդ պատճառով ցանկանում ենք ամեն կերպ կենդանի պահել այդ վարժարանը։
Ցավոք սրտի, այն մարդիկ, ումից կախված է այդ հարցը, դեռ դրական որոշում չեն կայացրել։
Ցավոք, դեռ հաջողության չենք հասել, բայց անպայման կշարունակենք մեր պայքարը»։ ԼՂ
հիմնահարցի լուծման մասին Կիպրոսի խորհրդարանի նախագահի դիրքորոշումը հետեւյալն է.
«Այս խնդիրը պետք է լուծել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի բոլոր երկրների
շահերը. իհարկե, խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այնպես, ինչպես ցանկանում
է Հայաստանը»,- այս պատասխանից հետո Դեմետրիուս Քրիստոֆիասը չմոռացավ ասել, որ իրենք
կարեւորում են նաեւ լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել