Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ

Հոկտեմբեր 20,2004 00:00

Պնդում
է Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, որը մռայլ պատկեր է ուրվագծում
ԵԽ-ի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման իրական վիճակի վերաբերյալ:
«Եղան կազմակերպություններ, որոնք փորձում էին ստվեր նետել մեր երկրի վրա:
Մասնավորապես՝ Դիտարկման հանձնաժողովի նիստի սրահի դռան մոտ կանգնած էր մի երիտասարդ,
որը բաժանում էր փաստաթղթեր Հայաստանի դեմ,- ասել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության
ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ ակնարկելով Հայաստանի հելսինկյան ընկերակցության՝ Ստրասբուրգ
ուղարկած բաց նամակը, որով առաջարկվում էր հետաձգել Յասկերնիայի զեկույցի քննարկումը
եւ դիտարկման նոր խումբ ուղարկել Հայաստան՝ անկողմնակալ զեկույց պատրաստելու համար:-
Սա մի հասարակական կազմակերպության ղեկավարի ուղարկած փաստաթուղթ էր, որը Հայաստանը
ներկայացնում էր շատ ավելի մռայլ գույներով, քան այն կա իրականում»: Միքայել Դանիելյանն
այս դիտարկումներին պատասխանեց հարցով. «Ուրեմն, իրականում մռա՞յլ է Հայաստանը: Բայց
ես եղածից ավելի մռայլ չեմ ներկայացրել՝ փաստերը շարադրել եմ այնպես, ինչպես կան:
Ուղղակի անդրադարձել եմ այն փաստերին, որոնք ուրիշները չեն ցանկանում ներկայացնել,
եւ դրանք չեն ներառվել Յասկերնիայի զեկույցում»: Հիշատակեց ԵԽԽՎ 1374 բանաձեւի պահանջը,
որով առաջարկվում էր «թափանցիկ եւ վստահելի ձեւով անհապաղ հետաքննել» լրագրողների
եւ իրավապաշտպանների վրա հարձակումները եւ վեհաժողովին տեղեկացնել դրանց պատասխանատուների
դեմ ձեռնարկված դատական գործողությունների մասին: Հայաստանի հելսինկյան ընկերակցության
նախագահը նշեց. «Ես ներկա էի Հայաստանում Յասկերնիայի հետ հանդիպմանը: Յասկերնիան
ինձ հարց չտվեց, թե ինչ ընթացքում է իմ նկատմամբ հարձակման փաստի առնչությամբ հարուցված
քրգործը»: Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը
արդեն իսկ նշել է, թե 1374 բանաձեւն ընդունվել էր ընդդիմություն-իշխանություն առճակատման
հետեւանքներին արձագանքելու համար. «Միքայել Դանիելյանն ի՞նչ կապ ունի այս խնդրի
հետ»: Վերջինս համաձայնեց, որ ինքն իրոք կապ չունի ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության
հետ. «Բայց 1374 բանաձեւում նշված էր՝ իրավապաշտպանների: Թող Եվրախորհրդին կարողանային
համոզել հանել այդ բառը: Ե՛ս չեմ այն ներառել բանաձեւում»: Միքայել Դանիելյանն
իր բաց նամակում արձագանքել էր նաեւ Յասկերնիայի այն գնահատականին, թե քննվել են
լրագրողների վրա հարձակումները եւ դատական պատասխանատվության ենթարկվել դրանք իրականացնողները.
«Ես ծիծաղելի էի համարել այն, որ դատարանի առջեւ հայտնված երկու հոգին պատժվեցին
180 դոլարի չափով տուգանքով: Ավելին՝ այդ երկուսից մեկը ստանձնել էր այն արարքի պատասխանատվությունը,
որն ինքը չէր կատարել: Նամակում նշել էի նաեւ, որ Յասկերնիան չի արձագանքել ցուցարարների
դեմ ոստիկանության կիրառած գործողություններին: Մի՛ մոռացեք, որ Յասկերնիան զեկուցել
էր ոչ միայն ապրիլյան՝ 1374, այլեւ հունվարյան՝ 1361 բանաձեւերով սահմանված պարտավորությունների
մասին: Իսկ հունվարյան զեկույցում ամրագրված է, որ միասեռականները զոհ են դառնում
ոստիկանների ռեկետի: Ես բաց նամակում նշել էի, որ շարունակվում են միասեռականներից
փող կորզել, պատանդ պահել եւ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք»: Հելսինկյան ընկերակցության
նախագահը նաեւ անդրադարձավ վարչական կալանքների փաստերին. «Դրանք չեն սկսվել եւ վերջացել
հանրահավաքներով: Այդ պրակտիկան ոստիկանությունը կիրառում է անգամ քրգործերում՝ մարդկանց
նախ ենթարկում են վարչական կալանքի եւ սկսում «աշխատել» նրանց հետ»: Հոկտեմբերի
7-ին ընդունված 1405 բանաձեւում նշված էր, թե ԵԽԽՎ-ն արագ առաջընթաց է ակնկալում
«Եհովայի վկաների» գրանցման հարցում: Հաջորդ օրն իսկ գրանցվեց կրոնական այս կազմակերպությունը:
Արդյոք սա իրոք առաջընթա՞ց է: «Ո՛չ,- պատասխանեց պրն Դանիելյանը:- Պետական այրերի
այն արձագանքը, որ հետեւեց այդ գրանցմանը, այս էր, թե՝ «Եհովայի վկաներին» ստիպված
գրանցեցինք, բայց թքա՛ծ ունենք Եվրախորհրդի վրա եւ ունենք մեր ազգային արժեքները»:
Իսկ մի՞թե վատ է ազգային արժեքներ ունենալը՝ «Եթե դրանք հակասում են ժողովրդավարությանը,
ապա վատ է»: Հելսինկյան ընկերակցության նախագահը փաստեր մատնանշեց՝ ապացուցելու համար,
որ սա զուտ ձեւական առաջընթաց է. «Հուլիսի 1-ից գործում է «Այլընտրանքային ծառայության
մասին» օրենքը: Նախագահը նաեւ վավերացրել է կառավարության որոշումն այդ ծառայության
անցկացման տեղի եւ ձեւերի վերաբերյալ, սակայն «Եհովայի վկաներ» միության անդամներին
շարունակում են դատապարտել եւ ազատազրկել զինծառայությունից խուսափելու համար: Հոկտեմբերի
8-ին՝ «Եհովայի վկաների» գրանցման օրն իսկ կալանավորվեց զինծառայությունից հրաժարված
միության անդամ մի երիտասարդ: Հոկտեմբերի 13-ին Էջմիածնում 2 տարի ազատազրկման դատապարտվեց
կազմակերպության մեկ այլ անդամ, 14-ին էլ Էրեբունու առաջին ատյանի դատարանը դատապարտեց
նույն պատժաժամկետով ազատազրկման: «Եհովայի վկա» 3 հոգի հիմա կալանավորված են եւ
սպասում են դատին»: Մեր հարցին, թե նրանք պատրաստակամությո՞ւն են հայտնել անցնելու
այլընտրանքային ծառայության՝ պրն Դանիելյանը պատասխանեց. «Նույնիսկ այն ժամանակ,
երբ չկար այս օրենքը, նրանք էլի դիմումներ էին ուղարկում զինկոմիսարիատներ, թե պատրաստ
են անցնել այլընտրանքային ծառայության»: Մեր նկատառմանը, թե այնուամենայնիվ՝
Յասկերնիայի զեկույցի վերաբերյալ իր փաստարկները ԵԽԽՎ-ում ուշադրության չարժանացան՝
Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահն այսպես արձագանքեց. «Դեռ չի ավարտվել
այդ ամենը՝ մեզ ժամանակ են տվել մինչեւ հունվար: Հելսինկյան ֆեդերացիան ինձ խնդրել
է, որ նյութեր ուղարկեմ: Եվրամիության հանձնաժողովն է իրենց խնդրել փաստեր տրամադրել
Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Զգուշացնում եմ՝ ես ուղարկել
եմ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել