Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ

Հոկտեմբեր 20,2004 00:00

Ռոբերտ
Քոչարյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու հավանականության մասին հարցը նախագահի ներկայացուցիչ
Արմեն Հարությունյանը չհասկացավ: Սահմանադրական փոփոխությունների երեք նախագիծ
է դրված շրջանառության, եւ այս առատության մեջ ուշադրություն չի դարձվում, թե ով
կամ ովքեր են փոփոխությունների հիմնական փաթեթի հեղինակները: Բնականաբար, իրական
շանսեր ունի այն փաթեթը, որը ներկայացվում է որպես խորհրդարանի կողմից կազմված: Սակայն
վերջին շրջանում «Ընտրական օրենսգիրքը», Լարսի անցակետը եւ Եհովայի վկաները ստվերեցին
սահմանադրական փոփոխությունները: Տպավորություն է ստեղծվում, թե իրականում ոչ երկրի
նախագահը, ոչ էլ իշխանական քաղաքական ուժերը լրջորեն չեն մտածում երկրի Գլխավոր օրենքը
փոփոխելու մասին: Մանավանդ դեռեւս երկու տարի առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ Ռոբերտ
Քոչարյանը հայտարարեց, թե ինքն անձնապես շահագրգռված չէ փոփոխել Սահմանադրությունը,
քանի որ այն իրեն լրիվ բավարարում է: Արդյունքում՝ տապալվեց սահմանադրական հանրաքվեն:
Այսօր եւս որեւէ շահագրգռվածություն չի նկատվում: Քաղաքական ուժերը խիստ տարբեր կարծիք
ունեն այս ամենի մասին: Եթե կոալիցիոն ուժերը առիթի դեպքում հայտարարում են, թե օրը
կգա՝ բարին հետը, ու Սահմանադրությունն էլ կքննարկվի, ապա ընդդիմադիրները այլ կարծիքի
են: «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի համար
այս հարթությունում հարցեր չկան. «Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ այս
ամբողջ գործընթացը (սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը- Մ. Ե.) դատապարտված
է: Խնդիրը հետեւյալն է՝ ժողովուրդը վստահություն չունի իշխանությունների նկատմամբ,
որ հավատա, թե սահմանադրական փոփոխությունները կարող են երկրի վիճակը բարելավել:
Հակառակը, իշխանությունների նկատմամբ կա բացասական վերաբերմունք, հետեւաբար իշխանությունների
կողմից հանրաքվեի դրվող Սահմանադրությունը միշտ էլ դատապարտված է: Իհարկե, միշտ էլ
ելք կա՝ կեղծելը, որը, ցավոք սրտի, արդեն ավանդույթ է դարձել: Սա հարցի մի կողմն
է: Մյուս կողմն այն է, որ այդ փոփոխությունները անմեղ չեն, այլ, իրոք, վտանգավոր
են: Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավորությունը բացահայտ է, բերում է նրան, որ
իրենք առանձնապես շահագրգռված չեն, որ այդ ամենը քննարկվի: Որովհետեւ ամեն քննարկում
եւս մեկ անգամ մատնացույց կանի, թե ինչ ահավոր բան է կատարվում»: Շավարշ Քոչարյանը
այն կարծիքին է, որ կրկնվում է 2003-ին հանրաքվեի դրված Սահմանադրության ճակատագիրը.
«Նախորդ անգամ եւս նույն իրավիճակն էր, երբ պարզ չէր, թե ո՞վ է հեղինակը, ով պատրաստ
էր կանգնել եւ պարզերես պաշտպանել այդ տարբերակը: Վերջիվերջո, այդ բոլորը դրվեց Արմեն
Հարությունյանի վրա, որը փորձեց այդ ուղղությամբ ինչ-որ բաներ ասել, բայց իրականում
նախորդ փաստաթղթի պաշտպանություն չեղավ: Հիմա շատ ավելի դժվար կլինի գտնել նրան,
ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը»: Նկատեցինք, որ կոալիցիայի անդամ քաղաքական
ուժերից ՀՀԿ-ն է միակ համառ պնդողը, թե սահմանադրական փոփոխությունների այս փաթեթի
հեղինակը կոալիցիան է: Շավարշ Քոչարյանի համար սա ընդունելի չէ. նա ակնհայտ է համարում
մեկ ուրիշ իրողություն, «որ այս փաստաթուղթը մշակվել է ոչ այն անձանց կողմից, ովքեր
տակը ստորագրել են, այլ՝ ուրիշ տեղ: Դրա ապացույցները բազմաթիվ են: Իրենք հենց հայտարարում
էին, որ ամռանը բաժանեցին փաթեթը, որպեսզի կոալիցիայի անդամները ծանոթանան: Եվ հետո,
պատահական չէ, որ համահեղինակներից մեկը հանկարծ իր ստորագրությունը հանում է եւ
ուրիշ նախագիծ ներկայացնում (խոսքը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մասին է.- Մ. Ե.):
Այս ամենը խոսում է այն մասին, որ նախագիծը մշակվել է այլ տեղում, համենայնդեպս՝
ոչ Ազգային ժողովում եւ կոալիցիայի ներսում»: Շավարշ Քոչարյանի պնդմամբ՝ սահմանադրական
փաթեթի հեղինակները այս անգամ կամ պետք է փորձեն ամրագրել գործող նախագահի՝ երրորդ
անգամ առաջադրման ժամկետը (այդ դեպքում անտարբեր չեն լինի փոփոխությունների հանդեպ),
կամ էլ կկրկնվի 2003-ի հանրաքվեի պատմությունը. «Ժամանակ կշահեն: Վերջիվերջո, Կուչման
երբ հայտնվեց այդ վիճակում, փորձեց այլ փոփոխություններ կատարել, որը եւս չանցավ,
ու գնաց իրավահաջորդի ճանապարհով»: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Կառավարման
ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանին երեկ հարցրինք՝ ինքն այս անգամ ե՞ւս համաձայն
է լինել այն անձը, ում, որպես նախագահի ներկայացուցիչ, կուղղվեն Սահմանադրության
հասցեին հնչող բոլոր դիտողություններն ու գնահատականները: Արմեն Հարությունյանը
խնդրեց հստակ հաշվի առնել հետեւյալը. «Ի տարբերություն 2003 թվականի, այս անգամ սահմանադրական
բարեփոխումների գործընթացը նախաձեռնողը ԱԺ-ն է: Եվ, եթե գիտեք, մի քանի նախագիծ է
ներկայացված, եւ ես չգիտեմ, թե դուք կոնկրետ ո՞ր նախագծի մասին եք հարցնում»: Հասկանալի
է, որ խոսքը ոչ թե Արշակ Սադոյանի, այլ հենց ԱԺ-ի նախագծի մասին է, ինչը շատ լավ
հասկացել էր պրն Հարությունյանը իր պատասխանի առաջին մասում: Արմեն Հարությունյանը
նշեց նաեւ, թե քանի դեռ չկա Սահմանադրության վերջնական տեքստը, անցումային դրույթները
չեն կարող ներկայացվել, «որովհետեւ անցումային դրույթները վերաբերում են կոնկրետ
ինստիտուտներին: Մինչեւ չտեսնենք՝ դրանք ի՞նչ վերջնական տեսք ունեն, չենք կարող դրանց
վերաբերյալ գրել»: Իսկ կարո՞ղ է Սահմանադրությունն այնպես փոփոխվել, որ Ռոբերտ Քոչարյանը
երրորդ անգամ դառնա նախագահ: Այս հարցը Արմեն Հարությունյանը, իր ասելով, չհասկացավ.
«Ձեր հարցի բուն իմաստը չեմ հասկանում: Դուք փոփոխությունը տեսնում եք, ինչ-որ կա՝
դա է»: Իսկ անցումային դրույթները, ըստ նախագահի ներկայացուցչի, դրա հետ ոչ մի կապ
չունեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել