ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների վերլուծությամբ, տեղական օղի արտադրող ընկերությունների ղեկավարների բարձրացրած խնդիրը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հետ կապված չէ»,- այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը մեր այն հարցին, թե արցախյան օղի արտադրողներն արդյոք չե՞ն շարունակում առավել բարենպաստ մրցակցային պայմաններում գտնվել հայաստանյան իրենց գործընկերների նկատմամբ: Նա սակայն հիշեցրեց, որ հանձնաժողովը որոշումներով արձանագրել է ալկոհոլային խմիչքների շուկայում արցախյան արտադրողների կողմից մրցակցության խախտումները եւ դիմել Լեռնային Ղարաբաղի հանրապետության համապատասխան մարմնին՝ միջոցներ կիրառելու համար. «Բացի այդ՝ «Վեդի ալկոն» դիմել էր հանձնաժողովին, նշելով, որ իր արդյունաբերական սեփականությունը (արտոնագրված շիշը) ապօրինաբար օգտագործվում է այլ տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ արցախյան օղի արտադրողների կողմից: Այս փաստերի վերաբերյալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ, հայաստանյան սուբյեկտներին կարգադրություն է արվել խախտումը վերացնելու եւ օրենքի խախտմամբ ստացված շահույթը պետբյուջե փոխանցելու մասին, իսկ արցախյան ընկերությունների առնչությամբ հանձնաժողովը դիմել է ԼՂՀ համապատասխան մարմնին»: Նշենք, որ ինքը՝ «Վեդի ալկո»-ն էլ է տույժի ենթարկվել ռուսական օղիների ապրանքային նշաններն օգտագործելու համար: Մամուլի քարտուղարն այս առնչությամբ հայտնեց. ««Վեդի ալկո»-ի կողմից անբարեխիղճ մրցակցության համար հանձնաժողովի սահմանած տուգանքը՝ 1 միլիոն դրամ, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ ստացված ավելի քան 672 հազար դրամ շահույթը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե»: Քանի որ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների եւ քաղաքաշինության նախարար Ալավերդյանը Ֆելիքս Փիրումյանին ասել էր, թե հայաստանցի օղի արտադրողներն էլ Ղարաբաղի շուկայում են իրականացնում անբարեխիղճ մրցակցություն եւ խոստացել ներկայացնել պնդումն ապացուցող նյութեր՝ նաեւ հետաքրքրվեցինք, թե անցած ամիսների ընթացքում կատարվե՞ց այդ խոստումը: Պատասխանը բացասական էր. «ԼՂՀ մեր գործընկերներից ալկոհոլային խմիչքներ արտադրող հայաստանյան տնտեսվարողների կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերի մասին տվյալներ չեն տրամադրվել հանձնաժողովին»: Ա. Ի.