Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սոլեյը»՝

Հոկտեմբեր 19,2004 00:00

«Սոլեյը»՝ առանց էժանագին մեթոդների «Հովանավորների մերօրյա առատության պայմաններում պետք է մեր արվեստով գրավենք նրանց ուշադրությունը, միաժամանակ հայերիս ականջները փրկենք հաճախ պարտադրվող ցածրորակ երաժշտությունից»,- հույս են հայտնում «Սոլեյ» նորաստեղծ դաշնամուրային տրիոյի երաժիշտները: Գյումրիում հոկտեմբերի 8-ին կայացած առաջին համերգից հետո, հոկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա տրիոյի երեւանյան առաջին համերգը: Տրիոյի կազմով հանդես գալու գաղափարը ծնվել է մոտ մեկ տարի առաջ, Իրանում, ուր դաշնակահարուհի Նաիրա Ճգնավորյանի հետ ելույթ էին ունենում թավջութակահար Պարույր Շահազիզյանը եւ ջութակահար Տիգրան Սալազարյանը: Երաժիտները համոզված են, որ եթե կա ցանկություն ու նպատակ, ամեն գնով կհաղթահարեն դժվարությունները: Երաժիշտները գտնում են, որ «Սոլեյը» (ֆրանսերեն՝ արեւ) ոչ միայն հանդիսատես կբերի դահլիճ, այլեւ կհրավիրի հայ ժամանակակից կոմպոզիտորների ուշադրությունը, կամերային այս կազմի համար կգրվեն նոր երկեր: Առայժմ տրիոյի ծրագրում հայ կոմպոզիտորներից միայն Բաբաջանյանի գործն է: Իսկ, ընդհանրապես, ընդգրկված են Բեթհովենի, Մենդելսոնի եւ այլ դասականների հայտնի ստեղծագործություններ: Երեւանյան համերգում առաջին անգամ կկատարվի ֆրանսիացի կոմպոզիտոր Էդուարդ Լալոյի հայտնի տրիոն: Մեր հարցին, թե ինչո՞ւ է համերգի մուտքն ազատ, երաժիշտները միաբերան փաստեցին, որ դասական երաժշտության հայաստանցի ունկնդիրը, որպես օրենք, վճարունակ չէ: «Եվ որքա՞ն ժամանակ եք նման զոհողություն անելու: Անտոմս համերգները ճոխություն չե՞ն նորաստեղծ կոլեկտիվի համար» հարցին արվեստագետները պատասխանեցին. «Անկասկած, ֆինանսը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ, բայց վստահ ենք, որ յուրաքանչյուր նոր գործի ծնունդ Հայաստանում, հատկապես մշակույթի ոլորտի, կատարվում է էնտուզիազմի շնորհիվ: Կրկնում ենք՝ կա նպատակ, արվում են առաջին քայլերը եւ, ինչպես ընդունված է ասել՝ հուսախաբ չենք անի մեր ունկնդրին»: Հարցին՝ «Արդյոք չե՞ք պատրաստվում ունկնդրին գրավել արտերկրում դասական երաժշտության ոլորտում էլ տարածում գտած շոուների միջոցով», արվեստագետները պատասխանեցին, որ իրենք կատարում են 19-րդ դարի կոմպոզիտորների կամերային երաժշտություն. «Ճանաչում ձեռք բերելու, ծափեր կորզելու համար երբեք չենք դիմի էժանագին մեթոդների: Ուրիշ են բիսային կատարումները, որոնք, ինչ խոսք, հանրամատչելի են եւ տեղ են գտել մեր ծրագրում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել