ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի տրանսատլանտյան հարցերով ավագ վերլուծաբան, նախագահ Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ (1997-2000) Ռոնալդ Ասմուսի բացառիկ հարցազրույցը «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը: – Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացումը: – Ճիշտ չի լինի, եթե ես փորձեմ մեկնաբանել Հայաստանի արտաքին քաղաքականության շարժառիթները: Սակայն ես կարող եմ խոսել այն մասին, թե ինչով է պայմանավորված Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունը Մեծ Սեւծովյան տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ: Ամենալուրջ մարտահրավերներից մեկը, որին Դաշինքը կբախվի առաջիկա տասնամյակում, եվրատլանտյան հասարակության հարավային թեւի կայունացումն է` սկսած Բալկաններում վերջնական կարգավորումից մինչեւ Մեծ Սեւծովյան տարածաշրջանով դեպի Կենտրոնական Ասիա ընդլայնումը: Այս նպատակն ինքնին կարեւոր է, սակայն այն ուղղված է նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքից մեզ սպառնացող լուրջ ռազմավարական մարտահրավերների կանխմանը: Ավելին, տարածաշրջանի շատ երկրներ ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ: Օրինակ, գաղտնիք չէ, որ շատ առաջնորդներ Վրաստանում ոգեշնչված էին արեւմտյան ինստիտուտներին ինտեգրված Բալթյան երկրների օրինակով: ՆԱՏՕ-ում այժմ սկսվում է բանավեճ ծավալվել` արդյոք հարկավո՞ր է առաջնահերթություն դարձնել այս տարածաշրջանի «կապումը» Արեւմուտքին: – Կկարողանա՞ արդյոք Հայաստանը պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի հետ կապերի պահպանման եւ ՆԱՏՕ-ին հետագա ինտեգրման միջեւ: – Իհարկե, հայերն ինքնուրույն պետք է որոշեն, թե ինչպիսի հարաբերություններ են ցանկանում ունենալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ: Վերջին 10 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն աշխատում էր նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, որոնք թույլ կտային մեզ համատեղ աշխատել անվտանգության ապահովման բնագավառում ընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ: Այդ խնդիրը դյուրին չէր, եւ այսօր մենք այնքան էլ հեռու չենք գնացել, որքան մեզանից շատերն ակնկալում էին: Եվ պետք է նշել, որ այսօր այդ հարաբերություններն ավելի հեշտ չեն դառնում, քանի որ Արեւմուտքում աճում է մտահոգությունն այն ավտորիտար ուղղության կապակցությամբ, որն ընտրում է Ռուսաստանը: Սակայն եկեք վերադառնանք արեւմտյան նպատակներին: Մեր նպատակը եվրատլանտյան գոտուց մինչեւ Մեծ Սեւծովյան տարածաշրջան ընկած տարածքում խաղաղության եւ կայունության գոտու ընդլայնումն է: Մենք ցանկանում ենք օգնել այդ երկրներին Արեւմուտքի հետ մերձեցման գործում, կրճատել ապագա հակամարտությունների ծագման հավանականությունը եւ ավելի լավ պատրաստվել մեր անվտանգությունը վտանգող նոր սպառնալիքների վերացմանը, որոնք կարող են առաջանալ Մեծ Մերձավոր Արեւելքի հարավային հատվածում: Թվարկածս նպատակներից եւ ոչ մեկն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, ես կասեի, որ Ռուսաստանը, լինելով Մեծ Սեւծովյան տերություն, պետք է կիսի այդ նպատակները: Ես կարծում եմ, որ Դաշինքը պետք է օգտագործի երկու մակարդակ ունեցող ռազմավարություն` մեծացնելով այս տարածաշրջանին հատկացվող օգնությունը, զուգահեռաբար աշխատելով զարգացնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Այս խնդիրների հաջող իրականացումը բխում է ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի շահերից: – Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության վրա: – Հայ-թուրքական հաշտեցման գործում առաջխաղացումը շատ դրական երեւույթ կլինի առաջին հերթին երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաեւ` տարածաշրջանային կայունության համար: Լավ, բարիդրացիական հարաբերություններն անվտանգության ոլորտում այն համագործակցության հիմքն են, որի վրա կառուցված է Դաշինքը: Իհարկե, հայ-թուրքական մերձեցումը կօգնի խորացնել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր եւ արժեքավոր անդամ է: Նրա կարեւորությունն օրեցօր աճում է` հաշվի առնելով այն նոր առաջնահերթությունները, որոնք Դաշինքը տալիս է ինչպես Մեծ Սեւծովյան տարածաշրջանին, այնպես էլ Մեծ Մերձավոր Արեւելքին: Ես մեծ հույսեր ունեմ, որ երկու կողմերն այս հարցն իրենց առաջնահերթությունը կդարձնեն առաջիկա տարիների համար: – Չե՞ք կարծում, որ ՆԱՏՕ-ն այնքան էլ ճիշտ չի վարվում` նույն հարթության մեջ դիտարկելով Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները: – Համաձայն եմ ձեզ հետ: ՆԱՏՕ-ն պետք է արդիականացնի իր մոտեցումը: Ես կարծում եմ, որ Արեւմուտքը պետք է վերանայի իր մոտեցումները: Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ Մեծ Սեւծովյան տարածաշրջանի մասին: Այլեւս իմաստ չունի նույն «զամբյուղի» մեջ դնել Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան` հաշվի առնելով այդ տարածաշրջանների երկրների տարբեր ձգտումները եւ ռազմավարական նոր համատեքստը: Դա բյուրոկրատական սովորություն է, յուրօրինակ անախրոնիզմ, որը մենք պետք է հաղթահարենք: Կարծում եմ, այս խնդրի լուծումն ընդամենը ժամանակի հարց է: «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար