Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Հոկտեմբեր 19,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԹԻՐԱԽ 2004թ. ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին Մոսկովյան 6 փակուղում գտնվող շենքի կամարի մոտ երեք սափրագլուխներ հարձակվեցին հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի վրա: Ա. Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին՝ Վրեժ Օսիպյանին: Վերջինս, սակայն, ժխտում է իր մասնակցությունը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Վ. Օսիպյանը ասել է, թե չի ճանաչում Ա. Մանուչարյանին եւ կապ չունի այդ դեպքի հետ: Ա. Մանուչարյանը հրաժարվում է ցուցմունք տալ ոստիկանությունում: Նա ասում է, որ Վ. Օսիպյանին նկարով ճանաչելը հերթականությամբ «երրորդ քայլն էր»: Սկզբից, ըստ Մանուչարյանի՝ այդ տեղեկությունները նա եւ իր շրջապատի մարդիկ ստացել են իշխանության երկու տարբեր թեւերից: Այնուհետեւ, նրա շրջապատը հետաքննություն է կատարել եւ հայտնաբերել իր վրա հարձակվողներին: Դրանից հետո միայն նա նկարով ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին: Հարձակման մանրամասները արդեն նկարագրվել են լրատվամիջոցների կողմից: Անդրադառնանք չհրապարակված փաստերին: Դեպքի նախորդ երեք օրերին Ա. Մանուչարյանը հիվանդ պառկած էր, տնից դուրս չէր եկել եւ դեռ ապաքինվում էր: «Հիվանդ էի: Զանգեցին «Մտավորականների ֆորումի» գրասենյակից, Կապանից տղաներ էին եկել, ուզում էին հանդիպել ինձ, ասացի՝ կհանդիպեմ: Այսինքն՝ միայն հեռախոսով գիտեին, որ ես գալու եմ այնտեղ»: Ա. Մանուչարյանը եւ նրա շրջապատը վստահ են, որ հեռախոսը գաղտնալսվում էր, եւ միայն այսպես կարող էին իմանալ, որ Մանուչարյանը դուրս է գալու տնից եւ ինչ-որ ժամի լինելու է «Մտավորականների ֆորումի» գրասենյակում: Ա. Մանուչարյանին ծեծել են մոտ երեք րոպե: Կաստետով ջարդել են դեմքի ոսկորները, ոտքերով խփել են մեջքին ու արագ հեռացել: Հրայր Ուլուբաբյանն այդ պահին գտնվում էր «Մտավորականների ֆորումի» գրասենյակում. «Ես հեռախոսի մոտ էի նստած: Աշոտի էդ դեպքից 15 րոպե առաջ զանգ եկավ, իրեն էին հարցնում, ասացի՝ չկա: Հարցրին՝ ե՞րբ կլինի, ասացի՝ մի կես ժամից: Մեկի կողմերն էր մոտավորապես, սենյակ մտավ Գայանեն (հասարակական գործիչ Գայանե Մարկոսյանը 8211 խմբ), ճչոցով ասաց՝ Աշոտին ծեծում են: Երեքով էինք սենյակում՝ ես, Վարդան Խաչատրյանը եւ Լյովան: Մենք արագ իջանք ներքեւ, տեսանք՝ Աշոտը արյան մեջ կորած, գետնին պառկած է՝ համարյա գիտակցությունը կորցրած: Տղաներից մեկը վազելով գնաց եւ զանգեց 02 եւ շտապօգնություն: 02-ից պատասխանեցին՝ եկեք մեզ մոտ գրավոր ներկայացրեք, որ այդ գործով զբաղվենք: Ասել են, որ ծեծվածը Աշոտ Մանուչարյանն է՝ ՆԳ նախկին նախարարը, եւ այլն: Շտապօգնությունը շատ արագ եկավ, մեքենայով Աշոտին տարանք Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց: Մի երկու ժամ հետո մի կին էր եկել, դալանը լվացել: Քննիչները եկել են երեկոյան, արդեն մութն ընկնում էր: Նայեցին, ասացին՝ արյան հետքեր չկան»,- պատմում է Հ. Ուլուբաբյանը: «Փաստորեն, դեպքի վայրում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Աշոտի հետ կատարվածը մահափորձ էր: Նրանք ընտրել էին այդ ձեւը»,- ասաց «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամ Գառնիկ Մարգարյանը: Մենք տարբեր օրերի մի քանի անգամ ցերեկվա ժամը մեկին եղանք դեպքի վայրում: Բանուկ փողոց է, անընդհատ մեքենաներ եւ մարդիկ են անցնում: Անհնար է աննկատ մնալ այդտեղ մի քիչ կանգնելուց հետո, մանավանդ, երբ հարձակվողները ընդգծված հաղթանդամ, սափրած գլուխներով երիտասարդներ են եղել: Նրանք ընդհանրապես ոչ մի տեղով աննկատ չեն կարողանում անցնել: Մանուչարյանին ծեծող տղաները նստել են «Նիվա» մակնիշի մեքենա եւ հեռացել: Հարցին՝ թե ինչու Ա. Մանուչարյանը ոստիկանությունում ցուցմունք չի տալիս, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Մենք բավարար հիմքեր ունենք, որպեսզի չվստահենք իրավապահ մարմիններին: Մենք համոզված ենք, որ նրանք կազմակերպիչների մեջ են: Եվ նման տեղեկությունները, գուցե ձեզ տարօրինակ թվա, ստացել ենք հենց պետական մարմիններից»: Դեպքից առաջ ամիսներ շարունակ Ա. Մանուչարյանն անընդհատ հանդիպում էր տարբեր պաշտոնյաների, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը: Յուրաքանչյուր հանդիպման մասին Ա. Մանուչարյանը տեղյակ էր պահում «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամներին: «Դեպքից մի քանի օր անց նախագահ Ռ. Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք գիտեին այդ հանդիպումների մասին: Սակայն նա մոռացավ նշել մի բան, որ այդ հանդիպումներից առնվազն երկուսը կայացել են իր հրահանգով»,- նշեց Գառնիկ Մարգարյանը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել