Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ

Հոկտեմբեր 19,2004 00:00

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ԲՌՆԱՊԵՏՆ Է ՆԱ Կիրակի օրը, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», Բելառուսի ընտրական տեղամասերում առավոտյան ժամը 8-ին բոլոր բելառուսներին 50 գրամանոց բաժակներով անվճար առաջարկում էին գարեջուր համտեսել: Կիրակի Բելառուսում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ եւ միաժամանակ՝ հանրաքվե: Ընդ որում, դիտորդների վկայությամբ, վերջինս ավելի առանցքային էր, քան խորհրդարանական ընտրությունները: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրաքվեի էր ներկայացրել մի հարց՝ ցանկանո՞ւմ են արդյոք ընտրողները, որ երկրի Սահմանադրության մեջ ուղղում կատարվի, որը հնարավորություն կտա որեւէ մեկին երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել երրորդ ժամկետում: Համաձայն հանրաքվեի արդյունքների, ընտրություններին մասնակցած 86 տոկոս ընտրողների 77.3 տոկոսը պաշտպանել է Լուկաշենկոյի՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորությունը: Հայերիս քաջ ծանոթ մեխանիզմով, Բելառուսում էլ «տատանվող քաղաքացիներին «ճիշտ» քվեարկություն անելու գործում «օգնել» են երկրի բարձրագույն օղակներում աշխատող նրանց ընկերները»: Այդ մասին երեկ գրել է gazeta.ru-ն: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա 110 պատգամավորներից ընտրվել է 107-ը: Նոր խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել է 12 կուսակցություն եւ ոչ մի ընդդիմադիր ուժ: Լուկաշենկոյի ասելով, ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդները իր հետ ունեցած հանդիպման ժամանակ միաբերան հայտարարել են, որ ոչ մի առարկություն չունեն ոչ ընտրական գործընթացի, ոչ քվեարկության արդյունքների առնչությամբ: Սակայն իրականությունն այլ է. ինչպես 2003-ին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ էր, Բելառուսում էլ կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքների գնահատականներում միջազգային դիտորդական առաքելությունների տեսակետները կիսվել են: ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատմամբ, ի դեպ, առաքելությունը ղեկավարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Վ. Բ. Ռուշայլոն, ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան եւ առանց Բելառուսի ընտրական օրենսդրության լուրջ խախտումների: Մինչդեռ բելառուսական ընդդիմությունը բարձրաձայնում է տեղ գտած կեղծիքների եւ նույն այդ օրենսդրության աղաղակող խախտումների, քվեատուփերի նախապես լցոնումների մասին՝ սպառնալով բողոքի ակցիաներ սկսել: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այդ ընտրությունները համարել է ոչ ժողովրդավարական: «Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները էապես չեն համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին: Մարտահրավեր նետվեց կարծիքի ազատ արտահայտմանը: Իշխանությունները զգալիորեն ոտնահարեցին ժողովրդավարական սկզբունքները»,- հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Թոնի Թինսգաարդը: ԵԱՀԿ ԽՎ հայտարարության համաձայն, խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսների առավելագույն գործադրմամբ, Բելառուսի պետական ԶԼՄ-ների 90 տոկոսը լուսաբանել է միայն պաշտոնական տեսակետները, ընտրական տեղամասերում խոչընդոտել են դիտորդական առաքելության աշխատանքներին, որոշ դեպքերում նույնիսկ դիտորդներին դուրս են արել տեղամասերից ոստիկանության օգնությամբ: Ընդ որում, առաքելությունը հարկ չի համարել անգամ անդրադառնալ սահմանադրական շտկումների հանրաքվեին եւ դրա առնչությամբ որեւէ հայտարարություն չի արել, քանի որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովն ի սկզբանե այդ նախաձեռնությունը համարել է ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող: Միաժամանակ արեւմտյան մամուլը արձանագրել է, թե ԵՄ-ին սահմանակից ՌԴ-ում, Ուկրաինայում եւ Բելառուսում ընթացող ներքաղաքական պրոցեսները անհանգստացնող են: Մասնավորապես, «Դեր ստանդարտ» թերթի արձանագրմամբ, «Ա. Լուկաշենկոն Եվրոպայի վերջին բռնապետն է»: Վերջինս իր հերթին շատ հանգիստ է վերաբերվում սեփական ընդդիմության կողմից եւ Արեւմուտքից հնչող գնահատականներին եւ մասնավորապես վերջինիս հորդորում՝ «զբաղվել իր գործերով»: Իսկ հայաստանյան ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի կարծիքները՝ Ա. Լուկաշենկոյի երրորդ ժամկետում նախագահի թեկնածու առաջադրվելու հաջողած փորձը Հայաստանում եւս կիրառելու վերաբերյալ, կիսվում են: Ու մինչ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ընդդիմությունը՝ ի դեմս Շավարշ Քոչարյանի եւ Գրիգոր Հարությունյանի, չի բացառում այդ տարբերակի կիրառումը Հայաստանում, խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյան, ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյան եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան, դա Հայաստանում հնարավոր չեն համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել