Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԹԻՐԱԽ

Հոկտեմբեր 19,2004 00:00

2004թ.
ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին Մոսկովյան 6 փակուղում գտնվող շենքի կամարի մոտ երեք
սափրագլուխներ հարձակվեցին հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի վրա: Ա.
Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին՝ Վրեժ Օսիպյանին: Վերջինս, սակայն,
ժխտում է իր մասնակցությունը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Վ. Օսիպյանը
ասել է, թե չի ճանաչում Ա. Մանուչարյանին եւ կապ չունի այդ դեպքի հետ: Ա. Մանուչարյանը
հրաժարվում է ցուցմունք տալ ոստիկանությունում: Նա ասում է, որ Վ. Օսիպյանին նկարով
ճանաչելը հերթականությամբ «երրորդ քայլն էր»: Սկզբից, ըստ Մանուչարյանի՝ այդ տեղեկությունները
նա եւ իր շրջապատի մարդիկ ստացել են իշխանության երկու տարբեր թեւերից: Այնուհետեւ,
նրա շրջապատը հետաքննություն է կատարել եւ հայտնաբերել իր վրա հարձակվողներին: Դրանից
հետո միայն նա նկարով ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին: Հարձակման մանրամասները
արդեն նկարագրվել են լրատվամիջոցների կողմից: Անդրադառնանք չհրապարակված փաստերին:
Դեպքի նախորդ երեք օրերին Ա. Մանուչարյանը հիվանդ պառկած էր, տնից դուրս չէր
եկել եւ դեռ ապաքինվում էր: «Հիվանդ էի: Զանգեցին «Մտավորականների ֆորումի» գրասենյակից,
Կապանից տղաներ էին եկել, ուզում էին հանդիպել ինձ, ասացի՝ կհանդիպեմ: Այսինքն՝ միայն
հեռախոսով գիտեին, որ ես գալու եմ այնտեղ»: Ա. Մանուչարյանը եւ նրա շրջապատը վստահ
են, որ հեռախոսը գաղտնալսվում էր, եւ միայն այսպես կարող էին իմանալ, որ Մանուչարյանը
դուրս է գալու տնից եւ ինչ-որ ժամի լինելու է «Մտավորականների ֆորումի» գրասենյակում:
Ա. Մանուչարյանին ծեծել են մոտ երեք րոպե: Կաստետով ջարդել են դեմքի ոսկորները, ոտքերով
խփել են մեջքին ու արագ հեռացել: Հրայր Ուլուբաբյանն այդ պահին գտնվում էր
«Մտավորականների ֆորումի» գրասենյակում. «Ես հեռախոսի մոտ էի նստած: Աշոտի էդ դեպքից
15 րոպե առաջ զանգ եկավ, իրեն էին հարցնում, ասացի՝ չկա: Հարցրին՝ ե՞րբ կլինի, ասացի՝
մի կես ժամից: Մեկի կողմերն էր մոտավորապես, սենյակ մտավ Գայանեն (հասարակական
գործիչ Գայանե Մարկոսյանը – խմբ), ճչոցով ասաց՝ Աշոտին ծեծում են: Երեքով էինք սենյակում՝
ես, Վարդան Խաչատրյանը եւ Լյովան: Մենք արագ իջանք ներքեւ, տեսանք՝ Աշոտը արյան մեջ
կորած, գետնին պառկած է՝ համարյա գիտակցությունը կորցրած: Տղաներից մեկը վազելով
գնաց եւ զանգեց 02 եւ շտապօգնություն: 02-ից պատասխանեցին՝ եկեք մեզ մոտ գրավոր ներկայացրեք,
որ այդ գործով զբաղվենք: Ասել են, որ ծեծվածը Աշոտ Մանուչարյանն է՝ ՆԳ նախկին նախարարը,
եւ այլն: Շտապօգնությունը շատ արագ եկավ, մեքենայով Աշոտին տարանք Նոր Նորքի
շտապօգնության հիվանդանոց: Մի երկու ժամ հետո մի կին էր եկել, դալանը լվացել: Քննիչները
եկել են երեկոյան, արդեն մութն ընկնում էր: Նայեցին, ասացին՝ արյան հետքեր չկան»,-
պատմում է Հ. Ուլուբաբյանը: «Փաստորեն, դեպքի վայրում ոչ մի քննչական գործողություն
չի կատարվել: Աշոտի հետ կատարվածը մահափորձ էր: Նրանք ընտրել էին այդ ձեւը»,- ասաց
«Մտավորականների ֆորումի» ավագանու անդամ Գառնիկ Մարգարյանը: Մենք տարբեր
օրերի մի քանի անգամ ցերեկվա ժամը մեկին եղանք դեպքի վայրում: Բանուկ փողոց է, անընդհատ
մեքենաներ եւ մարդիկ են անցնում: Անհնար է աննկատ մնալ այդտեղ մի քիչ կանգնելուց
հետո, մանավանդ, երբ հարձակվողները ընդգծված հաղթանդամ, սափրած գլուխներով երիտասարդներ
են եղել: Նրանք ընդհանրապես ոչ մի տեղով աննկատ չեն կարողանում անցնել: Մանուչարյանին
ծեծող տղաները նստել են «Նիվա» մակնիշի մեքենա եւ հեռացել: Հարցին՝ թե ինչու
Ա. Մանուչարյանը ոստիկանությունում ցուցմունք չի տալիս, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց.
«Մենք բավարար հիմքեր ունենք, որպեսզի չվստահենք իրավապահ մարմիններին: Մենք համոզված
ենք, որ նրանք կազմակերպիչների մեջ են: Եվ նման տեղեկությունները, գուցե ձեզ տարօրինակ
թվա, ստացել ենք հենց պետական մարմիններից»: Դեպքից առաջ ամիսներ շարունակ
Ա. Մանուչարյանն անընդհատ հանդիպում էր տարբեր պաշտոնյաների, քաղաքական, հասարակական
գործիչների, մտավորականների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից
դուրս գալու ելքերը: Յուրաքանչյուր հանդիպման մասին Ա. Մանուչարյանը տեղյակ էր պահում
«Մտավորականների ֆորումի» ավագանու անդամներին: «Դեպքից մի քանի օր անց նախագահ Ռ.
Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք գիտեին այդ հանդիպումների
մասին: Սակայն նա մոռացավ նշել մի բան, որ այդ հանդիպումներից առնվազն երկուսը կայացել
են իր հրահանգով»,- նշեց Գառնիկ Մարգարյանը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել