Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի անտառը «նվիրել» են բոլորից գաղտնի

Հոկտեմբեր 19,2004 00:00

Կառավարությունն այս որոշումով խախտել է բազմաթիվ իրավական ակտեր

ՀՀ նախագահի 1997թ. հրամանագրով եւ Օրհուսի կոնվենցիայով պարտադրվում է, որ պետական իրավական ակտերն ընդունվելուց առաջ անցնեն համաձայնության փուլ՝ շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ծաղկաձորի անտառները բնապահպանության նախարարության ենթակայությունից Ծաղկաձորի քաղաքապետարանին հանձնելու մասին որոշման նախագծի հեղինակը կառավարությունն է: Որոշումն ընդունվել է մեկուկես տարի առաջ: Սա միակ տեղեկությունն է, որ հայթայթեցինք բնապահպանական պետական կառույցում, որոշման օրինակ չունեին: Փորձեցինք պարզել, թե ինչպես է ընթացել նախագծի համաձայնեցման փուլը, ովքեր են մասնակցել քննարկմանն ու ինչպիսի կարծիքներ են հնչել: Պարզվեց, նախագծից անտեղյակ են եղել թե՛ շահագրգիռ պետական կառավարման մարմինը, տվյալ դեպքում՝ բնապահպանության նախարարությունը, թե՛ բնապահպանական հասարակական կազմակերպությունները: «Ես այդ մասին իմացել եմ թերթերից»,- տեղեկացրեց «Շրջակա միջավայրի իրավական պաշտպանություն» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանը: Նախագծից էլ, որոշումից էլ անտեղյակ են եղել «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Տապան էկո ակումբի» նախագահ Հրանտ Սարգսյանն եւ բնապահպանական հասարակական շարժման այլ ակտիվիստներ:

Այն, որ կառավարությունը ժամանակ առ ժամանակ խախտում է Օրհուսի կոնվենցիան եւ որոշումներ ընդունում առանց ՀԿ-ների կարծիքի, նորություն չէ: Կարելի է ասել, որ դա օրինաչափություն է հատկապես կանաչ տարածքներն այս կամ այն կազմակերպության տնօրինությանը հանձնելու որոշումներ կայացնելիս: Ինչ վերաբերում է նախագահի հրամանագրին՝ իրավական ակտերի նախագծերը համաձայնեցնել շահագրգիռ պետական կառավարման մարմնի հետ, ապա բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության պետ Ջուլիետա Ղլիչյանի ներկայացմամբ, «նախագծերի 99%-ը համաձայնեցվում է, բայց այս մեկից տեղյակ չենք եղել, եւ հեղինակն էլ մենք չենք, եթե մենք լինեինք՝ հասարակական լսումները չէինք շրջանցի»:

Կառավարության այս որոշումը չի բխում գործող Անտառային օրենսգրքից, որտեղ անտառը համայնքի խնամքին հանձնելու մասին դրույթ չկա: Որոշումն «առաջ է ընկել» Հայաստանի անտառների զարգացման հայեցակարգից՝ այն դեռ չի ընդունվել: Այնինչ, միայն այս հայեցակարգով է նախատեսված անտառային ֆոնդի որոշ հատվածներ համայնքների հաշվեկշիռ փոխանցելու կանոնակարգը:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել