Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է»

Հոկտեմբեր 19,2004 00:00

Ուստի եւ փակվեց «Ազատություն» ռ/կ-ի հեռուստածրագիրը, որի նկատմամբ մեր իշխանությունը չուներ վերահսկողության որեւէ լծակ:

«Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարը հոկտեմբերի 12-ին տեղեկացրել էր «Ազատություն» ռ/կ-ի հայկական խմբագրությանը, թե անորոշ ժամանակով դադարեցվում է «Ազատություն» լրատվա-վերլուծական ծրագրի հեռարձակումը՝ առանց մեկնաբանելու շարժառիթները: Սակայն հիմնավոր կասկածներ կան, որ «Կենտրոնի» վրա ճնշում էր գործադրվել, որպեսզի դադարեցնի «Ազատության» հեռուստածրագիրը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս փաստին այսօր արձագանքելու է «Ազատ Եվրոպա-Ազատություն» ռ/կ-ի նախագահ Թոմ Դայնը: Իսկ մինչ այդ՝ խնդրեցինք հայկական լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին գնահատել կատարվածը:

Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանն ի պատասխան ասաց, թե դեմ էր այդ հեռուստածրագրին. «Ինչքանո՞վ էր այդ հաղորդումը նպատակահարմար: Ի՞նչ է նշանակում՝ «Ազատությունը» հեռուստահաղորդում է անում Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանում չկա՞ն մարդիկ, ովքեր կարող են անել «Ազատության» չափ ազատ հաղորդումներ: Կամ էլ նշանակում է, թե լրատվամիջոցներն իրենք չե՞ն ուզում նման հաղորդումներ անել եւ գցում են ուրիշի վրա: Ընդհանրապես՝ Հայաստանում խոսքի ազատության ամեն սանտիմետրը պետք է նվաճենք մենք ինքներս: Ոչ թե «Ազատությունը» պետք է նվաճի, այլ մեր հայ լրագրողները՝ նույն հեռուստաընկերությունների կամ այլ լրատվամիջոցների աշխատակիցները»: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցները նույնպես հայ լրագրողներ են: Էդիկ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե իր վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ արդարացվա՞ծ է համարում «Ազատության» հեռուստածրագիրը փակելը. «Ո՛չ, բնականաբար, փակելն արդարացված չէ: Դա ինքնին արդեն նորից խոսքի ազատության ոտնահարում է: Կա՛մ ի սկզբանե պետք է այդ հաղորդումը չբացեին, կա՛մ էլ, եթե արդեն համաձայնություն տալուց հետո դադարեցնում են հաղորդման հեռարձակումը, նշանակում է՝ կան տնտեսական կամ քաղաքական պատճառներ: Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ փակել են, բայց ենթադրում եմ, որ հիմնականում քաղաքական պատճառներ են»:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նույնպես տեղյակ չէր, թե հատկապես ինչ դրդապատճառներով է փակվել «Ազատության» հեռուստածրագիրը. «Չեմ կարողանում տեղեկություն ստանալ, թե ինչու է փակվել, եւ փակվե՞լ է, թե՞ ոչ: Մամուլում հրապարակումներ եղան, բայց դրանց նաեւ հաջորդեցին հերքումներ: Չեմ գտնում որեւէ բացատրություն, քանի որ եթե «Ազատություն» ռ/կ-ն ազատ գործում է՝ ինչո՞ւ չպետք է լինի նաեւ հեռուստահաղորդում: Որքան շատ ճշգրիտ տեղեկատվություն լինի՝ այնքան նպաստավոր է հասարակության համար»: Անդրադառնալով այն իրողությանը, որ «Ազատության» հեռուստաեթերը դադարեցվել է՝ առանց մեկնաբանելու այդ որոշման պատճառները, Ժուռնալիստների միության նախագահն ասաց. «Ամեն մի որոշում, երբ չի փաստարկվում ու հիմնավորվում՝ տեղիք է տալիս զանազան ենթադրությունների եւ մեկնաբանությունների: Ըստ իս՝ շատ ուշ է խուսանավելու համար եւ պետք է ներկայացնել ճիշտ պատճառաբանությունը, որքան էլ այն տհաճ լինի կամ անընդունելի»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կատարվածը գնահատելու մեր խնդրանքին պատասխանեց հարցով. «Ո՞րը կարող է լինել պատճառը, որ որեւէ հեռուստաընկերություն հրաժարվի մի հաղորդումից, որի համար հավելյալ ծախսեր չի անում, բայց ստանում է պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակի մի ծրագիր՝ իր հաղորդացանցը լրացնելու համար: Ինձ թվում է՝ պատասխանը միանգամայն պարզ է. դա կարող է լինել միա՛յն վերեւից ճնշումների պատճառով»: Մեր հարցին՝ արդյոք ուսումնասիրե՞լ է խնդիրը՝ քաղաքակա՞ն, թե՞ գուցե մրցակից հեռուստաընկերությունների ֆինանսական շահագրգռության հետեւանք է «Ազատության» հաղորդաշարի կտրուկ դադարեցումը՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ցավոք, չունեմ բավարար տեղեկություններ, որ հստակ ասեմ՝ առաջի՞նն է, թե՞ երկրորդը: Բայց ինձ թվում է՝ անկախ ամեն ինչից, ինքը՝ երեւույթը, վկայում է այն մասին, որ մեր հեռուստաեթերը վերահսկվում է, եւ լավագույն հաղորդումները չեն կարող հեռարձակվել եթեր՝ վերեւից եկած ինչ-որ հրամանների պատճառով»: Այսինքն՝ կարծում է, թե անկախ նրանից, որ այժմ քաղաքական առումով հարաբերականորեն հանդարտ փուլ է՝ իշխանությունն էլի վերահսկողության ներքո՞ է պահում հեռուստաեթերը: «Անկա՛խ դրանից,- համաձայնեց ԵՄԱ նախագահը:- Ի վերջո, հանդարտ փուլերը Հայաստանում բավական արագ փոխվում են ոչ հանդարտ փուլերի: Քաղաքական իրավիճակն առաջին հայացքից է կայուն, սակայն կարող է սրվել ցանկացած ժամանակ: Եվ իհարկե, անցանկալի են այնպիսի լրատվամիջոցները, ինչպիսին է «Ազատություն» ռ/կ-ն, որի նկատմամբ չկա վերահսկողության որեւէ մեխանիզմ»:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի հայկական ծառայության հեռուստալուրերը, որոնք վերաբերում են բացառապես արտաքին քաղաքական իրադարձություններին, տեղական հեռուստաեթերով սփռվում են առանց որեւէ խոչընդոտի:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել