Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ԲՌՆԱՊԵՏՆ Է ՆԱ

Հոկտեմբեր 19,2004 00:00

Կիրակի
օրը, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», Բելառուսի ընտրական տեղամասերում առավոտյան ժամը
8-ին բոլոր բելառուսներին 50 գրամանոց բաժակներով անվճար առաջարկում էին գարեջուր
համտեսել: Կիրակի Բելառուսում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
եւ միաժամանակ՝ հանրաքվե: Ընդ որում, դիտորդների վկայությամբ, վերջինս ավելի առանցքային
էր, քան խորհրդարանական ընտրությունները: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն հանրաքվեի էր ներկայացրել մի հարց՝ ցանկանո՞ւմ են արդյոք ընտրողները,
որ երկրի Սահմանադրության մեջ ուղղում կատարվի, որը հնարավորություն կտա որեւէ մեկին
երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել երրորդ ժամկետում: Համաձայն հանրաքվեի
արդյունքների, ընտրություններին մասնակցած 86 տոկոս ընտրողների 77.3 տոկոսը պաշտպանել
է Լուկաշենկոյի՝ երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորությունը: Հայերիս քաջ ծանոթ
մեխանիզմով, Բելառուսում էլ «տատանվող քաղաքացիներին «ճիշտ» քվեարկություն անելու
գործում «օգնել» են երկրի բարձրագույն օղակներում աշխատող նրանց ընկերները»: Այդ
մասին երեկ գրել է gazeta.ru-ն: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին,
ապա 110 պատգամավորներից ընտրվել է 107-ը: Նոր խորհրդարանում իրենց ներկայությունն
ապահովել է 12 կուսակցություն եւ ոչ մի ընդդիմադիր ուժ: Լուկաշենկոյի ասելով,
ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդները իր հետ ունեցած հանդիպման ժամանակ միաբերան հայտարարել են,
որ ոչ մի առարկություն չունեն ոչ ընտրական գործընթացի, ոչ քվեարկության արդյունքների
առնչությամբ: Սակայն իրականությունն այլ է. ինչպես 2003-ին ՀՀ-ում տեղի ունեցած
նախագահական ընտրությունների ժամանակ էր, Բելառուսում էլ կիրակի տեղի ունեցած ընտրությունների
արդյունքների գնահատականներում միջազգային դիտորդական առաքելությունների տեսակետները
կիսվել են: ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատմամբ, ի դեպ, առաքելությունը ղեկավարել
է ԱՊՀ գործադիր քարտուղար Վ. Բ. Ռուշայլոն, ընտրություններն անցել են միջազգային
չափանիշներին համապատասխան եւ առանց Բելառուսի ընտրական օրենսդրության լուրջ խախտումների:
Մինչդեռ բելառուսական ընդդիմությունը բարձրաձայնում է տեղ գտած կեղծիքների եւ նույն
այդ օրենսդրության աղաղակող խախտումների, քվեատուփերի նախապես լցոնումների մասին՝
սպառնալով բողոքի ակցիաներ սկսել: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այդ ընտրությունները
համարել է ոչ ժողովրդավարական: «Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները էապես
չեն համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին: Մարտահրավեր նետվեց կարծիքի ազատ արտահայտմանը:
Իշխանությունները զգալիորեն ոտնահարեցին ժողովրդավարական սկզբունքները»,- հայտարարել
է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Թոնի Թինսգաարդը: ԵԱՀԿ ԽՎ հայտարարության
համաձայն, խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսների առավելագույն
գործադրմամբ, Բելառուսի պետական ԶԼՄ-ների 90 տոկոսը լուսաբանել է միայն պաշտոնական
տեսակետները, ընտրական տեղամասերում խոչընդոտել են դիտորդական առաքելության աշխատանքներին,
որոշ դեպքերում նույնիսկ դիտորդներին դուրս են արել տեղամասերից ոստիկանության օգնությամբ:
Ընդ որում, առաքելությունը հարկ չի համարել անգամ անդրադառնալ սահմանադրական շտկումների
հանրաքվեին եւ դրա առնչությամբ որեւէ հայտարարություն չի արել, քանի որ ԵԽԽՎ Վենետիկի
հանձնաժողովն ի սկզբանե այդ նախաձեռնությունը համարել է ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:
Միաժամանակ արեւմտյան մամուլը արձանագրել է, թե ԵՄ-ին սահմանակից ՌԴ-ում,
Ուկրաինայում եւ Բելառուսում ընթացող ներքաղաքական պրոցեսները անհանգստացնող են:
Մասնավորապես, «Դեր ստանդարտ» թերթի արձանագրմամբ, «Ա. Լուկաշենկոն Եվրոպայի վերջին
բռնապետն է»: Վերջինս իր հերթին շատ հանգիստ է վերաբերվում սեփական ընդդիմության
կողմից եւ Արեւմուտքից հնչող գնահատականներին եւ մասնավորապես վերջինիս հորդորում՝
«զբաղվել իր գործերով»: Իսկ հայաստանյան ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի կարծիքները՝
Ա. Լուկաշենկոյի երրորդ ժամկետում նախագահի թեկնածու առաջադրվելու հաջողած փորձը
Հայաստանում եւս կիրառելու վերաբերյալ, կիսվում են: Ու մինչ «Ազատություն» ռ/կ-ին
տված հարցազրույցում ընդդիմությունը՝ ի դեմս Շավարշ Քոչարյանի եւ Գրիգոր Հարությունյանի,
չի բացառում այդ տարբերակի կիրառումը Հայաստանում, խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչները՝
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյան, ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյան եւ ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան, դա Հայաստանում հնարավոր չեն համարում:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել