Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսք

Հոկտեմբեր 16,2004 00:00

Խոսք հիշատակի Ողբերգական պատահարի զոհ դարձավ Հայաստանի լավագույն ուսուցիչներից մեկը՝ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Վահեի Օսկանյանը: Ծնվել է 1949 թ. Բելգրադում: Շուտով ընտանիքով տեղափոխվել են հայրենիք: 1973-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը եւ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում, իսկ 1999-ից համատեղության կարգով դասավանդում էր «Քվանտ» վարժարանում: Իր գործին անմնացորդ նվիրումը, կարելիից ավելին անելու ձգտումը, լայնախոհությունն ու կրթվածությունը, շիտակությունն ու արդարամտությունը նրա մարդկային հիմնական հատկանիշներն էին, շնորհիվ որոնց նա անհատականություն էր բառի լայն իմաստով: «Քվանտ» վարժարանում դասավանդելուց զատ Ա. Օսկանյանի տարերքը աշակերտների հետ խորացված պարապմունքներն ու տարբեր կարգի օլիմպիադաներն էին, որոնցից նրա աշակերտները միշտ հաղթող էին դուրս գալիս: Հատկապես ակնառու հաջողություններ արձանագրվեցին աստղագիտության միջազգային օլիմպիադաներում, որտեղից Ա. Օսկանյանի սաները վերջին չորս տարիներին անընդմեջ հաղթանակով են վերադարձել՝ պատիվ բերելով ոչ միայն իրենց, ղեկավարին, այլեւ ողջ հանրապետությանը: Այս բացառիկ արդյունքների համար այս տարի Ա. Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն ուսուցիչ՝ արժանանալով ՀՀ կրթության նախարարության եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի սահմանած առաջին մրցանակին: Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, եւ դարձյալ ավարտվել էր հայերի բացարձակ հաղթանակով: Բայց դա վերջինը եղավ նաեւ Ա. Օսկանյանի ու նրա լավագույն սաներից մեկի՝ Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից երկուսին ծովում խեղդվելուց փրկելուց հետո երրորդին չկարողացավ հասնել, ու սիրտը չդիմացավ… Ինքն էլ հախուռն էր ծովի նման: Եվ գնաց դեպի իր տարերքը՝ ծովը: Գնաց անդառնալի… Մարդկային եզակի նկարագրով, իր գործով, կյանքով ու կենսահաստատ մահով Արմեն Օսկանյանը մշտական իր անկյունը կունենա աշակերտների, գործընկերների, իրեն իմացող բոլոր մարդկանց սրտերում: «Քվանտ» վարժարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել